Հիմա մենք փորձում ենք հասկանալ՝ ինչպես համոզենք Արամ Աթեշյանին, որ թողնի աթոռը. Սահակ Մաշալյան

Որոշ զրույցներ միայն սրբազանների միջև են մնում տեղի ունենում, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում կաթողիկոսի և Գերմանիայի թեմի առաջնորդ, Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանի զրույցից մանրամասներ հայտնի չեն. այս մասին Tert.am-ին հայտնեց Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
«Դուք Հայաստանում եք, ավելի տեղեկացված պետք է լինեք»,- ասաց նա:
Նշենք, որ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին Բեքչյանը մայիսի 12-ին մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր՝ ամենայն Հայոց կաթողիկոսի հետ քննարկելու Պոլսո Պատրիարքարանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Սահակ Մաշալյանը նշեց, որ այս օրերին Մոսկվայում կրոնական հավաք է կազմակերպված, որին մասնակցում է նաև Գարեգին Բեքչյանը, այստեղ ևս գուցե քննարկի խնդիրը: Արամ Աթեշյանը հավաքին ներկա չէ:
Նշենք, որ Սահակ սրբազանի մատնանշածը՝ մայիսի 16-18-ը Նոր Նախիջևանի հայոց թեմի հիմնադրման 300-ամյակի առթիվ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովն է:
«Մայր աթոռը Արամ Աթեշյանին չի հրավիրել: Նրան չի ընդունում որպես փոխանորդ. եկեղեցական օրենքներով՝ Գարեգին Բեքչյանն է ընտրվել տեղապահ»,- ասաց նա:
Սահակ Եպիսկոպոսը հիշատակեց, որ նախկինում է Արամ Աթեշյանը հրավերք ստացել է Մայր աթոռից լինել Էջմիածնում և քննարկել Պոլսո պատրիարքարանում ստեղծված իրավիճակը, սակայն նա չի գնացել:
Սահակ Մաշալյանի խոսքով՝ Արամ Աթեշյանին պոլսահայ համայնքը չի ցանկանում տեսնել փոխանորդի աթոռին: «Ժողովուրդը միայն ընտրություններով չէ մտահոգված, այլ նաև՝ ցանկանում է Աթեշյանի շուքից ազատվել»,- ասաց նա:
Մատնանշելով պոլսահայ համայնքի՝ Արամ Աթեշյանին հեռացնելու ստորագրահավաքը՝ նա նշեց, որ նախաձեռնողները Ստամբուլի քաղաքացիական հասարակությունն է, եկեղեցականներ դրան չեն մասնակցել:
«Շատ մեծ արդյունք դրանից սպասել պետք չէ, բայց դա կարող է նորից հրավիրել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ուշադրությունը խնդրի վրա, որ այս եկեղեցականին պետք եղած զգուշացումները տրվի»,- ասաց նա:
Պոլսահայ համայնքի և հայ հոգևորականների դժգոհությունը հարուցած Արամ Աթեշյանին պատրիարքարանից հեռացնելու խնդիրը, ըստ Սահակ Մաշալյանի, կլուծվի մի քանի շաբաթներում, քանի որ արդեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է խոսել պարտիարքական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին:
«Պետության հետ խնդիր չկա: Արամ սրբազանն է միայն խոչընդոտում ընտրությունների անցկացման գործընթացին: Նա պետք է իր գրաված աթոռը թողնի և ընտրության գործընթացն սկսի»,- ասաց նա՝ նշելով, որ դեռևս մեկնարկ չի տրվել ընտրությունների նախապատրաստմանը:
Նրա խոսքով՝ ընտրված տեղապահ Գարեգին Բեքչյանն էլ չի ցանկանում սկսել գործընթաց, մինչև Արամ Աթեշյանը չհեռանա պատրիարքարանից: «Հիմա բյուրոկրատական գործընթացներ կան: Որոշ ատյաններից պատասխանի է սպասում, որոնք պետք է դրական լինեն: Մեզ համար Գարեգին սրբազանը ընտրված տեղապահն է: Բայց նա պնդում է, որ կգա, երբ Աթեշյանը հեռանա, որովհետև չի ցանկանում խաղերի մեջ մտնել, ասում է՝ պետք է գամ, ուրիշ խաղեր խաղան: Հիմա մենք զբաղվում ենք նրանով, որ հասկանանք, թե ինչպես համոզենք Արամ Աթեշյանին, որ տեղապահին ընդունի և իր աթոռը թողնի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտեց ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Հռիփսիմե Հովհաննիսյան
Մեկնաբանություններ (0 posted)
Ձեր մեկնաբանությունը