Գլխավոր էջ | Տարածաշրջան | Ախալքալաքի Գումբուրդո գյուղում միայն երեք տարի հետո կկանգնեցվի տապանաքար-հուշաքար

Ախալքալաքի Գումբուրդո գյուղում միայն երեք տարի հետո կկանգնեցվի տապանաքար-հուշաքար

By
Ախալքալաքի Գումբուրդո գյուղում միայն երեք տարի հետո կկանգնեցվի տապանաքար-հուշաքար

Ջավախքի Գումբուրդո գյուղի միջադեպից հետո ձևավորված աշխատանքային խումբը քննարկել և եկել է համաձայնության, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքները վերջացնելուց հետո, մոտավոր 3 տարի հետո, ոսկորները կթաղվեն եկեղեցու բակում և կկանգնեցվի խաչքար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի բնակիչները ցանկացել էին 10-րդ դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել, որտեղ վերաթաղվել են նախնիների ոսկորների մնացորդները, բայց ոստիկանությունը նրանց թույլ չէր տվել մտնել եկեղեցու բակ՝ ասելով, որ նման հրահանգ ունեն: Գյուղի բնակիչների և ոստիկանների միջև բախումներ էին եղել:

jnews.ge-ն գրում է, որ աշխատանքային խումբը ձևավորվել էր միջադեպից երկու օր անց, որպեսզի քննարկի և լուծում գտնի Գումբուրդո գյուղի բնակիչների բարձրացրած պահանջի վերաբերյալ: Աշխատանքային խմբի մեջ են՝ թե աշխարհիկ պաշտոնյաներ, թե հոգևորականներ, թե հասարակ գումբուրդոցիներ: Նախօրեին որոշում է ընդունվել, որ ոսկորները նորից կթաղվեն եկեղեցու բակում և տապանաքար-հուշաքար կկանգնեցվի հավաքական գերեզմանի վրա:

Աշխատանքային խմբի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն անձամբ Գումբուրդոյի բնակչությանը ներկայացրել է Վիրահայոց թեմի առաջնորդը:

«Մեր համայնքի բարձրացրած երկու հարցերը ունեցել են դրական լուծում: Առաջինը, որ մեր նախնիների ոսկորները, առաջին հերթին այստեղ հայերի ոսկորներ են, բնական է այս տաճարը հազար տարի կա, կարող է լինել և վրացիների ոսկորներ: Ուրեմն այս ոսկորների հարցը լուծված է, այս ոսկորները մեր նախնիների, մեր քահանաների, մեր պապերի, թաղվելու են այստեղ, եկեղեցու բակում: Մարդկային բարոյական հարց կա, որովհետև ոսկորները այդտեղ են եղել և այդտեղ էլ պիտի թաղվի»,- բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Նա նաև նշել է, որ տաճարի նորոգման ամբողջ ընթացքում կարող է շինարարները մինչև 1,5-2 մետր հողի մակարդակից իջեցնեն ներքև, որպեսզի հետազոտական աշխատանքներ տարվեն:

«Եթե մինչև հիմա 45 պարկ ոսկոր է դուրս եկել, հետո կարող է ավելի շատանալ: Ամեն անգամ չենք տանելու թաղելու, առաջարկում ենք Վրաստանի պատրիարքի երաշխիքով, պետության երաշխիքով, և մեր երաշխիքով, որ այստեղից մեր ոսկորները հանենք մի հարմար տեղ պահենք: Բայց պիտի տեղը սարքենք նորմալ և բոլոր ոսկորները մի տեղ հավաքենք: Երկու կամ երեք տարվա ընթացքում, երբ որ ավարտվի ու սկսվի բարեկարգումը տեղ է հատկացվելու, որտեղ մենք բերում ենք հավաքված ոսկորները և թաղում ենք»,- վստահեցրել է թեմակալ առաջնորդը:

Անդրադառնալով խաչքար կանգնեցնելու խնդրին, որը հենց սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած իրադարձությունների բուն պատճառն է, հոգևոր առաջնորդն ընդգծել է, որ տապանաքար կլինի, բայց թե ինչ տեսք կունենա այն, դեռ չեն կարող ասել. «Վրացի և հայ ճարտարապետները իրար հետ աշխատելու են, կարող է երկու խաչքար դնեն, կարող է հետաքրքիր մի ուրիշ բան, երկու կողմերի որոշումով պիտի լինի տապանաքար-հուշաքար: Ինչի տապանաքար, որովհետև ոսկորներ են, ննջեցյալներ են, վրան պետք է գրված լինի հայերեն և վրացերեն լեզուներով: Ես կարծում եմ՝ շատ բան չարժի գրել, պետք է գրվի, որ այստեղ մեր պապերն են, հոգևորականներ են ննջում: Աստված ողորմի իրենց ոսկորներին»:

Եկեղեցու բակում հավաքված մոտավոր 30 մարդ  իրենց համաձայնությունն են տվել, որպեսզի պայմանագիր կնքվի՝ որպես երաշխիք: Եվ իրենք կսպասեն մինչև եկեղեցու վերականգնման աշխատանքների ավարտը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0