Գլխավոր էջ | Տարածաշրջան | Evrensel.«Թուրքիան 12 օրում կոնֆլիկտի մեջ է մտել 6 եվրոպական երկրի հետ»

Evrensel.«Թուրքիան 12 օրում կոնֆլիկտի մեջ է մտել 6 եվրոպական երկրի հետ»

By
Evrensel.«Թուրքիան 12 օրում կոնֆլիկտի մեջ է մտել 6 եվրոպական երկրի հետ»

Թուրքիայում ակնկալվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP)  Թուրքիայի և 6 եվրոպական երկրների միջև կոնֆլիկտի առաջացման պատճառ է դարձել: Գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով  թուրքական «Evrensel.net» լրատվական կայքին:

Աղբյուրը գրել է, հանրաքվեից առաջ Թուրքիայի կառավարությունը փորձ արեց «այո»-ի քարոզչություն իրականացնել մի շարք եվրոպական երկրներում, որտեղ ընտրելու իրավունք ունեցող մեծ թվով Թուրքիայի քաղաքացիներ են բնակվում: Սակայն եվրոպական երկրներն արգելեցին թուրք գործիչների քարոզչական գործունեությունն իրենց տարածքում, հնչեցին փոխադարձ քննադատություններ, սահմանվեցին պատժամիջոցներ: Աղբյուրի բնութագրմամբ՝ «ԱԶԿ-ի՝ հանրաքվեում դրական քվե ստանալու համառ ջանքերի արդյունքում 12 օրում Թուրքիան սրեց հարաբերությունները մի շարք երկրների հետ»:

Թուրքական  լրատվամիջոցը ներկայացնում է տարբեր եվրոպական երկրների և Թուրքիայի միջև ստեղծված լարվածության մանրամասները:

Գերմանիա

Թուրքիայի արդարադատության նախարար Բաքըր Բոզդաղը պետք է քարոզչական հավաք անցկացներ Գերմանիայում: Սակայն մարտի 2-ին գերմանական կողմը հրաժարվեց Բոզդաղին նշյալ հավաքի համար սրահ տրամադրել:Ըստ լրատվամիջոցների՝ պատճառը Թուրքիայում գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելի կալանավորումն էր, ում Էրդողանը «գործակալ» էր որակել: Թուրք նախարար Բոզդաղը հարկադրված եղավ վերադառնալ Թուրքիա:

Ավելի ուշ Գերմանիան արգելեց նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջիի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ղեկավարությամբ անցկացվելիք նույնատիպ հավաքները: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի վարած այս քաղաքականությունը համեմատեց ֆաշիզի հետ, ինչն էլ ավելի սրեց լարվածությունը:

Կոնֆլիկտը  չմեղմվեց անգամ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո:

Հոլանդիա

Քարոզչական արշավների հետ կապված ամենամեծ ճգնաժամը ծագեց Թուրքիայի և Հոլանդիայի միջև:  Հոլանդիայի կառավարությունը նախապես զգուշացրել էր, որ թուրք գործիչները չեն կարող իր տարածքում նախընտրական քարոզարշավ իրականացնել: Սակայն Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, այնուամենայնիվ, փորձ արեց Ռոտերդամում հավաք անցկացնել: Հոլանդիան  Չավուշօղլուին թույլ չտվեց վայրէջք կատարել իր տարածքում:

Նույն օրը արգելվեց նաև Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Քայաի այցը Հոլանդիա: Վայրէջքի թույլտվություն չստանալով՝ Քայան ցամաքային ճանապարհով մուտք գործեց երկիր և ուղևորվեց դեպի Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսարան: Սակայն Հոլանդիայի ոստիկանությունը կանգնեցրեց նրան և արտաքսեց երկրից:

Ի պատասխան՝ Թուրքիան հայտարարեց Հոլանդիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: Նախագահ Էրդողանը Հոլանդիան անվանեց «ֆաշիզմի մնացորդ»:  Հոլանդիայում անվտանգության նկատառումներով փակվեցին Թուրքիայի ներկայացուցչությունները, իսկ Անկարայում Հոլանդիայի դեսպանը, ով արձակուրդի պատճառով մեկնել էր իր երկիր, չվերադարձավ Թուրքիա:

Ավստրիա

Ավստրիայի վարչապետ Քրիստիան Կերնը մարտի 5-ին հայտարարեց, որ ԱԶԿ-ի կողմից ողջ Եվրոպայում կազմակերպվող քարոզչական բոլոր միջոցառումները պետք է արգելվեն: Կերնը իր այդ տեսակետը հիմնավորեց այն հանգամանքով, որ Թուրքիայում թուլացել է օրենքի գերակայությունը: Ավստրիայի վարչապետը հավելեց նաև, որ անհրաժեշտ է դադարեցնել Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները, քանի որ այդ երկիրը ոտնահարում է եվրոպական արժեքները: Կերնը նշեց, որ վերջին տարիներին Թուրքիայում ավելի ու ավելի հաճախ են ոտնահարվում մարդու իրավունքներն ու եվրոպական արժեքները, մամուլի ազատությունը չի ճանաչվում: Նա խոստացավ ամեն կերպ խոչընդոտել թուրք գործիչների՝ Ավստրիայում քարոզարշավ իրականացնելու բոլոր հնարավոր ջանքերին:

Բելգիա

Մարտի 14-ին չեղարկվեց Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ - MHP) կողմից նախաձեռնված քարոզչական հավաքը Բելգիայի Անվերս քաղաքում: Այդ որոշումը հիմնավորվեց այն հանգամանքով, որ հավաքը կարող է սպառնալիք ստեղծել հասարակական կարգի և անվտանգության համար:

Շվեդիա

Մարտի 12-ին Շվեդիայում չեղարկվեց Թուրքիայի սննդի, գյուղատնտեսության և անասնապահության նախարար Մեհդի Էքերի գլխավորությամբ կայանալիք քարոզչական հավաքը, քանի որ սրահի տերը հրաժարվեց հավաքի համար տարածք տրամադրել: Սակայն նույն օրը հավաքի անցկացման համար թուրք գործչին մեկ այլ սրահ տրամադրվեց:

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյոֆվեն մարտի 14-ին հայտարարեց, որ իրենք մտահոգությամբ են հետևում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին:

Դանիա

Հոլանդիայի և Թուրքիայի միջև առաջացած ճգնաժամի ֆոնին Դանիայի վարչապետ Լարս Լյոքե Ռասմուսենը առաջարկեց հետաձգել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այցը Դանիա: «Ես կցանկանայի նորմալ պայմաններում Բինալի Յըլդըրըմի հետ քննարկել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները: Ես չեմ կարող այս այցի համատեքստում հաշվի չառնել Հոլանդիայի դեմ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը: Այդ իսկ պատճառով Թուրքիայից խնդրեցի չեղարկել այդ այցը», - ասել է Ռասմուսենը:

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0