Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | ՌԴ-ն ՀՀ-ին արտոնյալ պայմաններով գազ մատակարարելու համար պետք է քաղաքական երաշխիքներ ստանա. Վահե Դավթյանը՝ գազի սակագնի մասին

ՌԴ-ն ՀՀ-ին արտոնյալ պայմաններով գազ մատակարարելու համար պետք է քաղաքական երաշխիքներ ստանա. Վահե Դավթյանը՝ գազի սակագնի մասին

By
ՌԴ-ն ՀՀ-ին արտոնյալ պայմաններով գազ մատակարարելու համար պետք է քաղաքական երաշխիքներ ստանա. Վահե Դավթյանը՝ գազի սակագնի մասին

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանին չի զարմացնում այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Հայաստանին մատակարարվող գազի գինը։

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այս հարցն ավանդաբար գտնվում է հայ-ռուսական օրակարգում, հատկապես 2018 թ.-ի 2-րդ կեսից ՀՀ-ին տրամադրվող ռուսական գազի սակագինը կողմերի միջև քննարկվող ամենաառանցքային հարցերից է։ Սակայն Դավթյանը կարծում է, որ խնդիրը ճիշտ գնահատելու համար սկզբում պետք է տնտեսական նպատակահարմարությունը դիտարկել, հետո՝ քաղաքականը։

«Տնտեսական տրամաբանությունը հուշում է, որ 2018 թ.-ին Ռուսաստանից արտահանվող գազի գինը միջինում բարձրացել է մոտ 25 տոկոսով՝ հասնելով 1000 խորանարդ մետրի համար 240 դոլարի։ Գազը, որի գինն ուղղակիորեն կապված է համաշխարհային շուկայում նավթի գնի տատանումների հետ, սկսելու է իրեն բավականին տուրբուլենտ դրսևորել։ Իրականում, մենք մտնում ենք մի ժամանակաշրջան, որը կարելի է բնութագրել որպես թանկացումների ժամանակաշրջան։ Այս տենդենցն առկա է ամբողջ աշխարհում, կարծում եմ, որ ՀՀ-ն այստեղ բացառություն չի կազմում։

Հիմնվելով միայն զուտ առկա տնտեսագիտական, մակրոտնտեսական իրողությունների վրա՝ կարող ենք ասել, որ քաղաքական բաղադրիչը եթե մի կողմ դնենք, չենք կարող կանխատեսել գազի գնի օրգանական նվազեցում՝ մասնավորապես ՀՀ-ում»,- ասաց նա։

Փորձագետը, խոսելով քաղաքական կոմպոնենտի մասին, նկատեց, որ ՀՀ-ի կողմից ՌԴ-ից ներկրվող գազը ՌԴ արտահանման էներգետիկ հաշվեկշռում բավականին փոքր ցուցանիշ է՝ մոտ 1.8 մլրդ խորանարդ մետր։ Վահե Դավթյանի գնահատմամբ՝ այս ցուցանիշը թույլ է տալիս ՌԴ-ին ավելի շատ քաղաքական մեթոդաբանություն կիրառել ՀՀ-ի ուղղությամբ՝ սակագնային քաղաքականություն իրականացնելիս։

«Որպեսզի մենք կարողանանք ճիշտ կանխատեսում անել, թե գազի գինը 2019 թ.-ին կբարձրանա, թե կիջնի, նախևառաջ պետք է ուշադիր հետևենք հայ-ռուսական քաղաքական երկխոսությանը։ Չնայած նրան, որ 2018 թ.-ի դեկտեմբերի 31-ին գազի գինը սահմանին բարձրացավ 15 դոլարով, միևնույն է, ինչքան էլ դժգոհենք, պետք է ընդունենք, որ ՌԴ-ն ՀՀ-ի նկատմամբ կիրառում է շուկայականից ցածր սակագներ՝ դրսևորելով քաղաքական կամք: Իհարկե, այլ հարց է երկրի ներսում ձևավորվող սակագինը, բայց Փաշինյանը հենց սահմանին գազի սակագնի հարցն է քննարկել, և հոկտեմբերին՝ Պուտինի այցի ժամանակ էլ հենց այս հարցն է քննարկվելու»,- մանրամասնեց Վահե Դավթյանը։

Վերջինս նորմալ ու տրամաբանական նպատակադրում է որակում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ՀՀ-ում 1-ին եռամսյակում տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7,1 տոկոս, և շատ կարևոր է, որ  կարողանանք գազի այնպիսի գին համաձայնեցնել, որը չի կոտրի տնտեսական աճի այս տեմպը։ Ըստ Դավթյանի՝ Փաշինյանը խոսել է  այն  մասին, որ երկրի ներսում պետք է այնպիսի սակագին ձևավորվի, որը տնտեսվարողին չի խանգարի մարժինալություն ու տնտեսական արդյունաբերություն ապահովելու հարցում։

«Այլ հարց է՝ ՌԴ-ն նման նպատակ հետապնդո՞ւմ է, թե՝ ոչ։ Ռուսաստանը, որը  բավականին պրագմատիկ խաղացող է, որը հաճախ գազի սակագինն օգտագործում է ինչ-որ իմաստով նաև որպես մահակ, չեմ կարծում՝ միակողմանի խնդրանքի դեպքում գնա նմանատիպ քայլի։ ՌԴ-ն այն խաղացողն է, որը միշտ փորձել է արտոնյալ պայմաններով գազ մատակարարելու, ավելի սոցիալակենտրոն գազ մատակարարելու դիմաց ինչ-որ հստակ քաղաքական երաշխիքներ ստանալ։ Փաշինյանի ասած մոդելը ՌԴ-ի համար արդարացված կլինի այն դեպքում, եթե Ռուսաստանն այդ քաղաքական երաշխիքները ստանա։ Հարցը գտնվում է քաղաքական շրջանակում»,- եզրափակեց Վահե Դավթյանը:

Հեղինակ՝ Անի Օհանյան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0