Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Փաշինյանն ուզում է կոտրել, բայց Բաքուն հետաքրքրված չէ դրանում. Փոլ Գոբլ

Փաշինյանն ուզում է կոտրել, բայց Բաքուն հետաքրքրված չէ դրանում. Փոլ Գոբլ

By
Փաշինյանն ուզում է կոտրել, բայց Բաքուն հետաքրքրված չէ դրանում. Փոլ Գոբլ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ ժողովուրդների հարցերի փորձագետ, Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը։

– Պարոն Գոբլ, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կբնութագրեք բանակցային գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և արտգործնախարարների վերջին հանդիպումներից հետո։ Կարո՞ղ ենք ասել, որ բանակցային գործընթացի տրամաբանության մեջ որոշ փոփոխություն է եղել, և կան որոշ հեռանկարներ գոնե պահպանելու նվազագույն երկխոսությունը կողմերի միջև։

-Հիմնախնդրի կարգավորման բովանդակային երկու հիմնական խնդիրների՝ Երևանի պարագայում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, Բաքվի պարագայում՝ պետության սահմանների անձեռնմխելիության և ինքնիշխանության սկզբունքի համատեղման առումով ներկայիս շրջապտույտից դուրս գալու որևէ առաջընթաց չի եղել։ Ավելին՝ դժվար թե մոտ ապագայում նման բան լինի։ Այդուհանդերձ, դա չի նշանակում, թե չեն կարող լուծվել որոշ երկրորդական հարցեր՝ ինչպիսիք, օրինակ, հումանիտար հարցերն են։ Բայց սխալ է կարծել, թե նման հարցերում որոշ առաջընթացը կարող է հանգեցնել այլ՝ ավելի կարևոր ու բարդ խնդիրներում առաջընթացի հասնելու։

Դիվանագետները, իրենց գործն անելու համար, ստիպված են լինել լավատես, վերլուծաբանները՝ ոչ։

– Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվայի հանդիպումից հետո հայտարարեց, թե այսօր բանակցությունների սեղանին դրված են 2016 թվականին Ռուսաստանի արած առաջարկները։ Լավրովը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է այս հայտարարությունը։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ռուսները առաջվա պես փորձում են առաջ մղել հիմնախնդրի կարգավորման իրենց նախագիծը, որը հայտնի է «Լավրովի ծրագիր» անունով։

– Ռուսաստանը կուզենա օգուտ քաղել հիմնախնդրի կարգավորման ցանկացած առաջընթացից, ուստի Մոսկվան խոսելու է սեփական ծրագրի մասին։ Բայց փաստացի ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ մեկ ուրիշ միջնորդ չունեն սեղանին դրված այնպիսի առաջարկ, որը կգոհացնի երկու կողմերին, և երկու կողմն էլ այն կընդունեն։ Կարծում եմ՝ «Լավրովի ծրագիրը» պարզապես մի եզրույթ է, որը նշանակում է այն, ինչ Մոսկվան առաջարկում է որևէ ժամանակ։ Այն համապարփակ ծրագիր չէ և ինքնին չի կարող հիմնախնդրի լուծման հիմք հանդիսանալ։

– Համաձա՞յն եք Փաշինյանի այն համոզմանը, որ հնարավոր չէ կարգավորել հակամարտությունը՝ առանց դրա հիմնական կողմերից մեկի, հնարավոր չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը՝ առանց Լեռնային Ղարաբաղի։ Եվ երկրորդ՝ հնարավո՞ր է արդյոք փոխզիջման հասնել Բաքվի հետ բանակցություններին արցախյան կողմի մասնակցության հարցի շուրջ։

– Լեռնային Ղարաբաղին որպես բանակցությունների կողմ ընդունելը Բաքվի համար նշանակում է կանխորոշել, նախավճռել հիմնախնդրի կարգավորումը, բանակցային գործընթացի ելքը այն ճանապարհով, որն անընդունելի է Բաքվի համար։ Փաշինյանը գուցեև ճիշտ է, որ չի կարող առաջընթաց լինել, քանի դեռ Լեռնային Ղարաբաղն ուղղակիորեն ներգրավված չէ բանակցություններին, բայց դա ճիշտ է միայն այն դեպքում, եթե խնդիրը լուծվի Հայաստանի և հայերի ուզած տարբերակով։ Ավելի հավանական է, որ լինեն «երկհարկանի» բանակցություններ, մեկը հրապարակային՝ միայն Բաքվի և Երևանի մասնակցությամբ, երկրորդը՝ ոչ հրապարակային, որի ընթացքում կողմերից յուրաքանչյուրը կկարողանա խորհրդակցություններ անցկացնել Ստեփանակերտի հետ։ Բայց նույնիսկ այս սցենարն այսօր մեծ հեռանկարներ չունի։

– ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ հայկական կողմն առաջարկում է «նստել սեղանի շուրջ կոնֆլիկտի բոլոր կողմերով, քննարկել բոլոր նրբությունները և համաձայնել, որ խոսում ենք ոչ թե հարցի չկարգավորման, այլ կարգավորման մասին, համաձայնել, որ մեր օրակարգը ոչ թե իրար ոչնչացնելու օրակարգ է, այլ հարցերը կարգավորելու օրակարգ է։ Նա ասել է. «Կուզենայի ունենալ հնարավորություն՝ դիմելու Ադրբեջանի ժողովրդին և խոսելու Ադրբեջանի ժողովրդի հետ։ Ես ուզում եմ, որ այս խոսակցությունը ժողովուրդների, կառավարությունների, հանրության, երիտասարդությունների միջև սկսվի և տեղի ունենա, որովհետև մեր օրակարգը խաղաղության օրակարգ է»։ Ինչո՞ւ Ադրբեջանը չի արձագանքում նման ազդակներին Երևանից։

– Փաշինյանն ուզում է խթանել ժողովրդական դիվանագիտության, ժողովուրդների միջև երկխոսության ակտիվացումը՝ փորձելով կոտրել սառույցը, արգելապատնեշը, բայց Բաքուն հետաքրքրված չէ դրանում, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ալիևի ռեժիմն ուզում է մնալ միակ որոշում կայացնողը Ադրբեջանում։ Փաշինյանի առաջարկի մեջ նույնիսկ վտանգ կա. եթե ադրբեջանցիներից ոմանք դրականորեն արձագանքեն նման երկխոսություն սկսելու կոչերին՝ Ադրբեջանի իշխանությունները կարող են թիրախավորել նրանց։

– Վատ լուրն այն է, որ ռազմական իրադրությունը այս ամսվա սկզբից փոքր-ինչ լարվել է հակամարտ զորքերի շփման գծում։ Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների հետևանքով նույնիսկ մեկ հայ զինծառայող վիրավորվեց։ Սա նշանակում է, որ կրկին վերադառնում ենք պարբերական լարվածության և սահմանային բախումների իրավիճակի՞ն։

Պե՞տք է սպասենք հակամարտության հետագա սրացում։

– Կարծում եմ՝ վերջին բռնությունը անբարենպաստ նորմայի մի մասն է, բայց ոչ նշան որևէ շարժման դեպի ավելի լայն սրացում կամ պատերազմ։

– Ընդհանրապես, ո՞րն է Ադրբեջանի նպատակը, մտադրությունը այս իրավիճակում։ Ադրբեջանական կողմը, Ձեր կարծիքով, կշարունակի՞ շփումները հայկական կողմի հետ՝ չնայած այն փաստին, որ բանակցային գործընթացում իրենց տեսանկյունից առաջընթաց չկա և դժվար թե լինի մոտ ժամանակներում, թե՞ կվերադառնա «ռազմական դիվանագիտության» իր ռազմավարությանը։

– Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը կշարունակեն երկխոսել: Նրանց համապատասխան դաշնակիցները՝ մեծ տերություններն են պնդում, որ երկխոսությունը շարունակվի։ Բայց երկխոսություն չի նշանակում իրական բանակցություններ կամ քայլեր դեպի որևէ լուծում։

 
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0