Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Վիտալի Բալասանյանին խորհուրդ եմ տալիս լռել, որովհետև ինքը խոսում է իրավիճակին ոչ համարժեք

Վիտալի Բալասանյանին խորհուրդ եմ տալիս լռել, որովհետև ինքը խոսում է իրավիճակին ոչ համարժեք

By
Վիտալի Բալասանյանին խորհուրդ եմ տալիս լռել, որովհետև ինքը խոսում է իրավիճակին ոչ համարժեք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը:

Պարոն Բադասյան, տեսակետ կա, որ Քոչարյանն ու Սարգսյանը փորձում են իշխանության գալ Արցախում։ Որքանո՞վ է դա հնարավոր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում նրանք անթաքույց աջակցություն են ստանում Արցախի իշխանություններից։

Չգիտեմ, թե նրանք ինչ պլաններ ունեն, բայց եթե նույնիսկ ցանկանան գործունեություն ծավալել, ես կարծում եմ՝ չկա այդպիսի գործունեության ձև։ Ընդհանրապես մեր հայկական պրակտիկայում կա, որ նախորդ մերժվածը հաջորդիվ փորձում է ժողովրդական աջակցություն ստանալ, բայց քանի որ նա հեղափոխությամբ է մերժվել, ոչ թե իշխանափոխությամբ, հնարավոր չէ ստանալ աջակցություն։ Ժողովուրդը հավատում է իր ուժերին և կարող է մերժել։ Ամբողջ ազգն է մերժել, և Արցախը բացառություն չէ։ Անշուշտ, նրանք կունենան այստեղ կողմնակիցներ, բայց կողմնակիցներ ունենալը դեռևս ժողովրդի կողմից աջակցություն ստանալ չէ։ Ավելին, նրանք իրավունք չունեն առաջադրվելու, երկրորդ՝ եթե ունենային էլ, նրանք որևէ շանս չունեն։  Ինչ վերաբերում է Արցախի իշխանությունների աջակցությանը, պետք է նշենք, որ Արցախի իշխանություններն էլ չունեն աջակցություն ժողովրդի մոտ։

Այսինքն՝ եթե Բակո Սահակյանը որոշեր առաջադրվել, շանս չէ՞ր ունենա ընտրվելու։

Իհարկե, ոչ։

Քոչարյանը հայտարարում է, որ ընդդիմադիր բևեռ է ձևավորվում ներկա իշխանությունների դեմ, և ինքը միանում է այդ բևեռին։ Ինչպե՞ս եք գնահատում, առհասարակ նրանք որևէ շանս ունե՞ն։

Իրենք ընդամենը պաշտպանվում են։ Եվ իրենց շրջապատից բացի՝ ուրիշ ոչ մի պայքարող չկա։ Իրենք բարոյական իրավունք չունեն խոսելու ներկա իշխանությունների սխալներից, թերացումներից և այլն։ Ընդհակառակը՝ եթե իրենք փորձում են որևէ օբյեկտիվ թերացում մատնանշել, ապա տեսնում են, թե ինչպես է ժողովուրդը հարձակվում նրանց վրա։ Ես խոսում եմ իշխանությունների թերացումներից, բայց ժողովուրդը չի հարձակվում ինձ վրա, ընդհակառակը՝ եթե կան մարդիկ, որոնք համաձայն չեն, առանձին  նամակով գրում են, թե՝ մի ուրախացրեք թշնամիներին, թշնամի ասելով՝ նկատի ունեն ձեր նշած մարդկանց։ Նրանք գիտեն, որ ես, առանց հետին մտքի, ոչ թե փորձում եմ փնովել իշխանություններին, այլ ցանկանում եմ, որ իմ մատնանշած խնդիրներն ուղղեն։ Իրենք եթե նույնիսկ օբյեկտիվ մի թերություն  մատնանշում են, ժողովուրդը դա չի ընդունում, նրանք ժողովրդի մոտ չունեն որևէ աջակցություն։

Վիտալի Բալասանյանը բաց տեքստով է մեղադրում ՀՀ իշխանություններին։ Նա առաջադրվելու է առաջիկա ընտրություններին։ Եթե նա ընտրվի, արդյոք Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերություններում հակասությունները չե՞ն խորանա։

Լրջագույն վտանգ չի ստեղծում, քանի որ ժողովուրդն արդեն գիտի՝ ով ով է։ Եվ ես, օգտվելով առիթից, Վիտալի Բալասանյանին խորհուրդ եմ տալիս լռել, որովհետև  երբ ինքը խոսում է, խոսում է իրավիճակին ոչ համարժեք։ Ես նրան  խորհուրդ կտամ ընդհանրապես վերանայել իր հայացքները, գաղափարները, մտքերը կշռադատել, նոր արտահայտել։

Վլադիմիր Կարապետյան-Վիտալի Բալասանյան հեռահար կշտամբանքներն ինչի՞ կհանգեցնեն։

Վլադիմիր Կարապետյանը երևի թե պետք չէ, որ արտահայտվի։ Գիտեք ինչու է Վիտալի Բալասանյանը Վլադիմիր Կարապետյանին այդքան կոշտ պատասխանել։ Ամբողջ հարցն այն է, որ Վիտալի Բալասանյանը ուզում է մի բան ասել, բայց ասում է մեկ այլ բան։ Վլադիմիր Կարապետյանը միշտ եղել է ՀԱԿ անդամ և միշտ եղել է կողմնակից «տարածքներ խաղաղության դիմաց»-ին։ ՀԱԿ-ն այսպիսի իմիջ ունի Արցախում, և սա վատ իմիջ է։ Եվ նրա՝ այդ պաշտոնում հայտնվելը երևի Վիտալի Բալասանյանի համար տարակուսանք է առաջացրել, և կարծում եմ՝ դրանով է պայմանավորված կոշտ արտահայտումը։ Իսկ Վլադիմիր Կարապետյանը նախ պետք է իր տեսակետները վերանայի և նոր խոսի կամ պետք է ընդհանրապես չխոսեր։

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը։ Ի՞նչ եք կարծում՝ ամբողջական բացահայտման ականատես կլինե՞նք։

Ես կարծում եմ՝ Մարտի մեկի քննությունը Ռոբերտ Քոչարյանի մասով շատ քիչ է, օրինակ՝  ես շատ կուզեի, որ մի օր էլ լինի դատավարություն Պողոս Պողոսյանի սպանության գործով, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի կինը և ընտանիքը զգան, թե ինչ ցավ է ապրել այն մարդը, որին սպանել է Ռոբերտ Քոչարյանը, այսինքն՝ հրահանգել է սպանել։ Ես ուզում եմ, որ բոլոր այն ընտանիքները, որոնց սպանել է Ռոբերտ Քոչարյանը, նրանց բոլորի դատավարությունը լիներ, բոլորը գային, և Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները հարցազրույց տային և խոսեին ոչ թե նրա անմեղության մասին, այլ գլուխները կախ ամաչեին այդ մարդկանց աչքերի մեջ նայել։

 

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0