Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հայ-չինական փոխհարաբերությունների պոտենցիալի մի զգալի մասը շարունակում է մնալ չիրացված

Հայ-չինական փոխհարաբերությունների պոտենցիալի մի զգալի մասը շարունակում է մնալ չիրացված

By
Հայ-չինական փոխհարաբերությունների պոտենցիալի մի զգալի մասը շարունակում է մնալ չիրացված

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, որտեղ պետք է մասնակցի «Ասիական քաղաքակրթությունների երկխոսության» համաժողովին: Իսկ մինչ այդ վարչապետը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպել է ՉԺՀ նախագահ Սին Ծինփինի հետ: Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, և ընդհանրապես հայ-չինական ցանկացած շփում Հայաստանի անկախացումից ի վեր մշտապես աչքի է ընկել ընդգծված ջերմությամբ ու բարեկամությամբ: Այս տեսանկյունից Փաշինյան-Սին Ծինփին հանդիպումը նույնպես բացառություն չէ:

Բարեկամական փոխհարաբերությունների շարժառիթը մեկն է. Հայաստանը աշխարհաքաղաքական իմաստով չափազանց մեծ կարևորություն ունի Չինաստանի համար: Ի դեպ կարևորությունն այդ հիմնավորվում է նաև ապագայի հեռանկարով, քանի որ ժամանակի վերաբերյալ Չինաստանի՝ որպես ուրույն քաղաքակրթական համակարգի ընկալումները մի փոքր տարբերվում են եվրոպական ընկալումներից:

Վերջին տասնամյակներին Չինաստանն աստիճանաբար փորձում է դուրս գալ իր փակ տարածաշրջանային կարգավիճակից ու բացվել աշխարհի առջև: Պետք է շեշտադրենք, որ բացազատման գործընթացն այդ տարեցտարի լուրջ արդյունքներ է արձանագրում, և չինացիները չափազանց մեծ ինքնավստահությամբ առաջ են շարժվում՝ կլանելով ու յուրացնելով նորանոր ազդեցության գոտիներ: Հայաստանի կարևորությունն առաջին հերթին հենց այս իմաստով է շեշտադրվում, քանի որ Չինաստանն իր աշխարհաքաղաքական ու ընդլայնման ճանապարհին վստահելի գործընկերների պետք ունի:

Հայաստանի այս առանձնահատուկ կարգավիճակն իհարկե ականջ շոյող հայտնություն է, հատկապես, երբ շեշտադրվում են անցյալի համագործակցության հարուստ ավանդույթները: Փաստորեն, չինացիները նույնիսկ նախագահի մակարդակով հիշում են, թե հայ առևտրականները Մետաքսի ճանապարհի ամբողջ երկայնքով հարյուրամյակներ շարունակ ինչ հսկայական չափերի առևտրաշրջանառություն էին իրականացնում: Ի դեպ՝ նրանց տիրապետած կապիտալը խոշորագույններից մեկն է եղել: Նշենք նաև, որ անցյալում արևելքից արևմուտք առևտուր իրականացնող, ինչպես նաև Հնդկաստանի նավահանգիստներում տիրապետող դիրք ունեցող հայ առևտրականության անկման առաջնային պատճառը պետություն չունենալն էր: Իսկ հիմա մենք ունենք պետություն, որն անշուշտ պետք է անի բոլոր հնարավոր քայլերը հին ու բարի ավանդույթները վերականգնելու և Մետաքսի ճանապարհի երկայնքով վերստին կարևոր դերակատարություն ստանձնելու համար:

Հայ-չինական ջերմ փոխհարաբերությունների մյուս կարևոր շարժառիթը «թուրքական» վտանգավոր գործոնն է: Չինաստանը, ունենալով տարածքային ամբողջականության խնդիր, մշտապես ձեռնպահ կամ ակնհայտ թշնամական դիրքորոշում է հայտնում աշխարհի տարբեր կետերում ինքնորոշման սկզբունքի գործարկման վերաբերյալ: Բայց որքան էլ որ զարմանալի թվա՝ չափազանց հայանպաստ դիրքորոշում ունի Արցախի վերաբերյալ: Պատճառը մեկն է.

Չինաստանը լուրջ խնդիրներ ունի «թուրքական աշխարհի» հետ՝ Ույղուրական հիմնախնդրի հետ կապված, իսկ Հայաստանն էլ, իր հերթին, Թուրքիայի ծավալապաշտական նպատակների դեմ դիտարկվում է որպես զսպման և հավասարակշռման գործիք: Ինչպես վերևում նկատեցինք, այս տեսանկյունից հատկապես կարևորվում է ապագայի հեռանկարը, նույնիսկ այն պարագայում, երբ ներկայումս Թուրքիա-Չինաստան փոխհարաբերություններում ձնհալ է նկատվում:

Բայց անկախ ամեն ինչից՝ պետք է նաև նկատենք, որ Հայաստանը գրեթե ոչինչ չի անում Չինաստանի հետ համագործակցությունը խորացնելու և առավել արդյունավետ ռելսերի վրա տեղափոխելու ուղղությամբ: Այս տեսանկյունից հնարավորությունների միայն փոքրիկ չափաբաժինն է օգտագործվում, և պոտենցիալի մի զգալի մասը շարունակում է մնալ չիրացված:

Չինաստանը չընդհատվող պետականություն է, և հենց այդ 3000 տարիների անընդհատության ընթացքի մեջ էլ քողարկված են նրա՝ մի կողմից կարծր, իսկ մյուս կողմից էլ պրագմատիկ էությունները: Այսինքն՝ Պեկինի հետ բանակցելն ու համատեղ աշխատանքի կազմակերպումը չափազանց բարդ գործ է, քանի որ առկա են առանձնահատուկ մոտեցումներ ու խաղի կանոններ:

Ասվածից կարելի է ենթադրել, որ Հայաստանի նկատմամբ բարեկամական ու ջերմ վերաբերմունքը երբեք չի փոխվելու, բայց այլ խնդիր է, թե արդյոք այդ վերաբերմունքը կփոխակերպվի՞ ինստիտուցիոնալ համագործակցության՝ համատեղ աշխատանքի ու արդյունքի, թե՞ ոչ:: Հենց այստեղ է թաքնված ողջ խնդիրը, և մեր առաջնային նպատակը պետք է լինի համոզել չինացիներին, որ Հայաստանն իսկապես պատրաստ է միասին ճանապարհ անցնել՝ նույնիսկ ապագայի հեռանկարով: Սա ամենևին էլ ինքնանպատակ համագործակցության կամ էլ սիմվոլիկ ներդրումներ ապահովելու անհրաժեշտություն չէ: Խոսքը մեր Հանրապետության ռազմավարական շահերի մասին է, քանի որ վաղ թե ուշ մենք ստիպված ենք լինելու տարածաշրջանում առնչվել չինական գործոնի հետ:

Խնդիրն էլ հենց դա է, թե ինչ կարգավիճակով ենք առնչվելու, վստահելի գործընկերո՞ջ, թե պասիվ դիտորդի:

Եթե Հայաստանը շարունակի այսպիսի անլուրջ վերաբերմունք ցուցաբերել Չինաստանի նկատմամբ, ապա, վստահաբար, Մետաքսի ճանապարհը շրջանցելու է մեզ, և մենք չենք կարողանալու օգտվել տնտեսական այդ կարևոր «զարկերակի» հնարավորություններից:

Ընդհանրապես Հայաստանում այն քաղքենի մտայնությունն է տիրում, թե կարելի է ոչինչ չանել, բայց սպասել, թե երբ են տարածաշրջանային խաղացողները համագործակցության ձեռք մեկնելու: Տրամաբանությունն այս պետք է հիմնովին արմատախիլ արվի, և Երևանն ի վերջո պետք է հանդես գա նախաձեռնողի և կազմակերպչի դերակատարությամբ՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ տարբեր ուղղություններով աշխատելու և նոր գործընկերներ ներգրավելու համար:

Եզրափակելով միտքը՝ նշենք, որ վարչապետ Փաշինյանի ներկայությունը Չինաստանում ընդամենը խորհրդանշական և արարողակարգային բովանդակություն ունի, և ոչ ավելին: Եկել է արարողակարգերից, ծիսական բեմադրություններից և հաճոյախոսություններից վեր կանգնելու ժամանակը:

 

Հեղինակ՝ Կարպիս Փաշոյան

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0