Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Երեւանն ու Ստեփանակերտը կարեւոր որոշման առաջ. ասիմետրիկ ազդակ

Երեւանն ու Ստեփանակերտը կարեւոր որոշման առաջ. ասիմետրիկ ազդակ

By
Երեւանն ու Ստեփանակերտը կարեւոր որոշման առաջ. ասիմետրիկ ազդակ

Հայաստանն ու Արցախը երբեք չպետք է հակադրվեն միմյանց, պետք է կանգնեցնել դրան տանող որեւէ կործանարար ընթացք, եւ այլն, եւ այլն: Վերջին օրերին այդ միտքն արտահայտում են բոլորը՝ ով չի ծուլանում եւ ալարում: Իսկ առիթը անցնող օրերի մի շարք իրադարձություններ են, սկսած Ռոբերտ Քոչարյանի ազատության մասին Բակո Սահակյան-Արկադի Ղուկասյան նամակից, Սերժ Սարգսյանի Արցախում երեւալուց, Վիտալի Բալասանյանի եւ վարչապետ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի միմյանց խոսքերին անդրադարձերից:

Թվում է, որ Արցախ-Հայաստան որեւէ հակադրության բացառումը անհերքելի, անբեկանելի եւ բարձրագույն ճշմարտություն է, որը անհնար է վիճարկել: Մյուս կողմից, սակայն, առկա են հարցեր, որ անհրաժեշտ է հասկանալ Երեւան-Ստեփանակերտ հարաբերության տիրույթում:

Ինչպիսի՞ն պետք է լինի երկու մայրաքաղաքների պաշտոնական հարաբերությունը: Պետք է լինե՞ն հարցեր, որտեղ կարող են հնչել տարբեր կարծիքներ, իսկ գուցե նաեւ միմյանց քայլերի վերաբերյալ ընդդիմախոսություն, թե՞ չպետք է լինի որեւէ այդպիսի բան, թույլատրելի որեւէ տարածություն կամ աստիճան: Եթե չպետք է լինի այդպիսի բան, ապա ո՞րն է այն մարտավարության եւ մեթոդաբանության իմաստը, որ ներկայացրել է Հայաստանի նոր իշխանությունը Արցախի սուբյեկտության բարձրացման մասին:

Չի կարող Արցախի սուբյեկտություն բարձրանալ միայն կարգավորման գործընթացում, իսկ Երեւան-Ստեփանակերտ գործընթացում լինի «հավասարություն դեպի կենտրոն» վիճակ: Չի լինում այդպես: Կամ, եթե լինում է այդպես, ապա դա պահանջում է համարժեք վարչահրամայական կառուցվածք եւ արտաքին քաղաքականություն: Հակառակը դառնում է կրկես, որքան էլ Սերժ Սարգսյանը լիներ ասողը, թե մենք չունենք կրկեսի վերածելու հայրենիք: Մենք դա իսկապես չունենք:

Ըստ այդմ պետք է կողմնորոշվել եւ ըստ դրա նաեւ հարաբերվել ու իրավիճակը բացատրել հանրությանը: Եթե մենք խոսում ենք Արցախի սուբյեկտության մասին, ապա պետք է հասկանալ խորապես, որ դա նշանակում է ազգային մեկ նպատակի շրջանակում սուբյեկտային տարբեր վարքագծի հնարավորություն:

Բացարձակ ենթակայության վտանգավոր մտայնությունը ներդրվեց քառորդ դար առաջ, երբ Երեւանը Ստեփանակերտում ձեւավորեց այն իշխանությունը, որը լինելու էր ենթակա եւ կառավարելի: Այդպես Արցախում Երեւանի օգնությամբ իշխանության եկան Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Բաբայանը: Հետո արդեն նրանց արցախյան վարքագիծը տրանսֆորմացիայի ենթարկվեց ըստ Երեւանում իշխանության ներքին տրանսֆորմացիաների, բաժանարար գծերի, բայց դարձյալ մնալով նույն տրամաբանության շրջանակում:

Այդպիսով, պաշտոնական Ստեփանակերտը հետեւողականորեն կորցրեց իր սուբյեկտությունն ու պատասխանատվության զգացումը, այդ թվում միջազգային ասպարեզում, որովհետեւ հնարավոր չէ սուբյեկտության թատրոն խաղալ արտաքին աշխարհում:

Հարցադրումները, թե Հայաստանից զինծառայողներ են մեկնում Արցախ, դոտացիա է տրվում Արցախի բյուջեին եւ այլն, հետեւաբար պետք է լինի վերադասության եւ հնազանդության սկզբունքը, թյուրըմբռնում են: Որովհետեւ Հայաստանը չի պահում Արցախը՝ Հայաստանը պահում է իրեն: Չկա Արցախ, չկա Հայաստան՝ առնվազն այն տեսքով, դերով, կշռով ու միջազգային նշանակությամբ, որ կա այժմ: Իսկ այդ նշանակությունից եւ դերից մեկ աստիճան ցածրը նշանակելու է անվտանգության առումով մի քանի աստիճանի իջեցում:

Այլ հարց է, թե արդյոք Հայաստանում կան այդ լրջագույն հարցերը իրապես խորքային, առանց մանիպուլյացիայի եւ նենգափոխման, առանց մանր փերեզակության կամ խմբային շահադիտության քննարկելու ունակ ուժեր եւ սուբյեկտներ: Այն, որ հակառակի ունակությունը, փողն ու ցանկությունն ունեցողները շատ են, այդ թվում իհարկե Արցախի իշխանության շրջանակում, անկասկած է:

Բայց, այդպիսի պարագաներում, Երեւանից պետք է գնա հակառակ ազդակ, ասիմետրիկ բովանդակային ազդակ, որը զերծ կլինի սադրանքին տրվող ռեակցիոնությունից, միաժամանակ միասնության մասին կեղծ եւ արհեստական, իներցիայի վերածված կենացներից, սահմանելով իրավիճակի գնահատման եւ վարքագծի նոր նշաձողեր:

Հայաստանի եւ Արցախի միասնությանը չի կարող սպառնալ ոչինչ,  այդ միասնությունը մարդկանց արյան ու ենթագիտակցության մեջ է: Երեւանին ու Ստեփանակերտին կարող է սպառնալ օրակարգի անկատարությունը, անլիարժեքությունը, եւ միայն անվտանգության շուրջ գիտակցական կամ ենթագիտակցական կոնսենսուսը, այլ հարցերի շուրջ ընդհուպ բանավեճի մեխանիզմների, օրակարգի եւ մշակույթի բացակայությամբ:

Նախկին համակարգի վարչահրամայական, միաժամանակ «համատեղ հանցանքի» պայմանական կամ ուղղակի իմաստով տրամաբանության շրջանակում այդ բացը չի նկատվել, ինչպես շատ այլ բացեր, որոնք սակայն ողբերգականորեն աչք են ծակել արտառոց իրավիճակներում, ինչպես ապրիլյան քառօրյան:

Այդպիսի նոր իրավիճակներում չհայտնվելու ճանապարհը ոչ թե արհեստական, պաթետիկ կենացներն ու դասախոսներն են միասնական հանրություններին ուղղված, այլ էլիտաների միջեւ բովանդակային քննարկումները՝ սկսած հարաբերությունների նոր մշակույթից եւ մեխանիզմներից, մինչեւ նոր օրակարգ եւ բովանդակություն: Թեեւ, կարծես թե անհրաժեշտություն կա սկսել նախ էլիտաներ ձեւավորելուց:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0