Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Մեծ Հայրենական եւ Մեծ Եղեռն. Ի՞նչ են թաքցնում 1921-ի գաղտնի արձանագրությունները (շարունակություն)

Մեծ Հայրենական եւ Մեծ Եղեռն. Ի՞նչ են թաքցնում 1921-ի գաղտնի արձանագրությունները (շարունակություն)

By
Մեծ Հայրենական եւ Մեծ Եղեռն. Ի՞նչ են թաքցնում 1921-ի գաղտնի արձանագրությունները (շարունակություն)

Մայիսի 9-ը ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի օր է ծանր կորուստեր կրած հատկապես հայ ժողովրդի համար, սակայն թե անցյալին, թե ապագային վերաբերող սպեցիֆիկ ճշգրտումներով եւ շեշտադրությամբ:

Նյութի առաջին բաժնով (Լրագիր, 12 մայիս 2019) անդրադարձանք Երկրորդ Աշխարհամարտի թեմայի շուրջ՝ հաղթանակած պետության քաղաքական շահարկումների էվոլուցիային 1945-ից մինչեւ 2019-ը: Այժմ փոքր-ինչ բացենք Մեծ Հայրենականի եւ Մեծ Եղեռնի առնչությունը, որի ժամանակագրական ասպեկտը հիշատակված էր Հաղթանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

Ընդունված է, որ հայ ժողովուրդը մեծ դեր է ունեցել ֆաշիզմի տապալման գործում թե Սովետական Միության կողմից մարտնչելիս, թե հակահիտլերյան կոալիցիայի երկրների բանակներում եւ քաղաքացիական դիմադրության շարքերում: Ռազմաճակատ էին գնացել ավելի քան 600.000 սովետահպատակ հայեր: Սակայն «մեծ» ասելով, պետք է գիտակցենք, որ Կարմիր բանակի շարքերում մեր 330.000 կորուստների թիվը չի տեղավորվում որեւէ բանական բացատրության կամ մոդելի մեջ: Գերագույն հրամանատարության ակնարկվող ապաշնորհությունը պետք է որ հավասարապես «բաշխվեր» մարտնչող ազգերի վրա:

Մեր կորուստը բազմապատիկ ավելի է, քան հարեւան ազգերի նույնիսկ գումարայինը: Այն համեմատելի չէ նաեւ Առաջին համաշխարհայինի ընթացքում ռուսական Կայսերական բանակի կողմից Արեմտյան ռազմաճակատում՝ Վանից կամ Էրզրումից հազարավոր վերստ հեռու մարտնչած 180.000 զինվորների եւ սպաների ենթադրաբար 30-35 տոկոսի կորստի հետ:

Ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ Թուրքիայի հետ 1925-ից չհարձակման պայմանագիր ունեցող Սովետական Միությունը 1941-1944 թվականներին հայկական սահմանին պահում էր ընդամենը 2 ՆԿՎԴ սահմանապահ գունդ՝ թուրքական տասնյակ դիվիզիաների դիմաց: Ինչն էր Սովետների ապահովության գրավականը: Կարծում ենք, 1921 թվականի Լենին-Աթաթուրք պակտի ոչ հրապարակային, գաղտնի արձանագրությունները, որոնց մասին, դատելով ժամանակի կառավարիչների արտահայտություններից, տեղյակ էին արեւմտյան տերությունների հետախուզական ծառայությունները, շատ բան կարող էին պատմել 330.000 հայկական կորուստների առեղծվածի վերաբերյալ:

Հայ մամուլի էջերին հազիվ-հազ նշմարելի է 1921թ. Մոսկովյան պայմանագրի եւ 1923թ. Լոզանի պայմանագրի բնութագրումը իբրեւ 1895-ից ծայր առած հայ ազգը թաղելու բազմազգ ջանքերի վերջնական ակտերի: 330.000 ֆիզիկապես ամուր, գիտելիքի, պատմական ավանդույթի, ճաշակի եւ արհեստի տեր տղամարդկանց հիշատակի ոգեկանչման մայիսյան այս օրերին տեղին է հարցնել. արդյո՞ք վերջնական ակտեր էին 1921-1923թթ. ռուսական եւ արեւմտյան նախաձեռնությունները: 1920թ. թուրք-արեւմտյան պայմանավորվածություններից բխող պարտավորություն չէ՞ր Ֆրանսիայի կողմից 1938-ին հայկական պետականության վերջին օջախի ոչնչացումը Կիլիկիայում: Այդ դեպքում բոլշեւիկ-քեմալական պլանի մեկ դրվագը չէ՞ Մեծ Հայրենականից հետո Հայաստանով մեկ սփռված հուշարձան-աղբյուրների ցանցը:

Գյումրիի 102-րդ ռուսաստանյան կայանի հրամանատարներից գնդապետ Անդրեյ Ռուզինսկին Մոսկվայում 2014-ին հրապարակված մի հարցազրույցի ժամանակ անկեղծ ասել է, թե «ապշած է, նույնիսկ Ռուսաստանում չի հանդիպել այդքան քանակությամբ հուշարձաններ»: Նկատենք, որ Ռուսաստանի մարդագրական նկարագիրը ոչ մի կերպ չի կարողանում ուշքի գալ 1945-ի հաղթանակից ի վեր: Ինչ պետք է ասի մեր ազգը, որի պարագային վիթխարի կորստի պատճառով խզվեց կապը սերունդների միջեւ, եւ ետպատերազմյան գեներացիան կորցրեց քաղաքակրթական՝ հազարամյակներ մշակվող կարեւորագույն հատկանիշներ: Ազգի արեւելահայ հատվածի ինքնուրույն զարգացման հեռանկարը հուժկու հարված ստացավ, եւ երկրի ներկայիս ծայրահեղ հետամնացությունը դրա ուղիղ հետեւանքն է:

Խոսվում է Մեծ Հայրենականի արդյունքում Նախիջեւանի կորստի մասին: Սակայն սովետական մարդկանց անհամաչափ մեծ զոհերի ֆոնին էլ ավելի անհամաչափ հայկական կորուստները ունեն եւս մեկ, տեխնոլոգիական չափում: Եթե «Մանհաթան փրոջեկթ» ամերիկյան միջուկային ծրագրի սովետական լրտեսման մասին դեռ կարելի է կարդալ, ապա գերմանական տիեզերքը եւ գերմանական ատոմը խստագույն տաբու թեմաներից են Ռուսաստանում: Այս տաբուի հետ կարող է մրցել միայն ռուսական ինքնության եւ պետականության կերտման մեջ X-XII դարերի հայկական հիմնարար ավանդին վերաբերող տաբուն:

Յուրի Գագարին, Սերգեյ Կորոլեւ, Իգոր Կուրչատով, Պավել Սուխոյ անուններով հպարտացող ռուսներին ոչ ոք չի բացատրում, որ տիեզերական, հրթիռային, միջուկային, էլեկտրոնային, ավիացիոն նվաճումների համար վճարված է միլիոնավոր մարդկանց արյունով: Այդ թվում ծերերի, կանանց եւ մանուկների արյունով: 1945-ին գերմանացիներից իբրեւ ավար վերցված տեխնոլոգիաները մինչեւ այժմ կազմում են ռուսական ռազմարդյունաբերության, ինժեներական մտքի եւ գիտական դպրոցի հիմքը կարեւորագույն ուղղությունների վրա:

Հիմա տանք մի հարց, որ ուշացած է թերեւս 40-50 տարով: Իսկ ո՞րն է մեր հատուցումը: Ֆաշիզմը տապալելու համար ամենաթանկ գինը վճարած Հայաստանը այսօր տիեզերական տերությու՞ն է: Երկիրը էրդողաններին զսպող միջուկային զինանոց ունի՞: Թե՞ ի վիճակի է ամերիկյան F-35 կործանիչների արտադրության կոոպերացիայի խնդրում փոխարինել Թուրքիային: Այս բոլորի պահանջը պիտի ներկայացվի: Նախ, անշուշտ, մտովի:

Թվարկածի փոխարեն ունենք 4 SU-30 ստանալու եւ ռուսական 102 ռազմակայանը քիչ թե շատ արդիականացնելու սպասումներ: Եւ սա Թուրքիայի անզուսպ սպառազինման ռուս-ամերիկյան «մրցավազքի» պայմաններում: Դրությունը ճիշտ հիշեցնում է ՆԿՎԴ 2 գնդերի եւ թուրքական տասնյակ դիվիզիաների դիմակայության պատմությունը: Գոյություն ունի՞ հավասարակշռություն ապահովող 330.000-ի հայկական նոր գրավը, այս անգամ ի դեմս ընկած պապերի ծոռների: Լենին-Աթաթուրք պակտի հայտնի եւ անհայտ մասերից բխող եւ Սիրիայի շուրջ ռուս-թուրքական չկիսված սիրո առթիվ հաստատապես նորոգված դրույթների մասին խոսելու անհրաժեշտություն կա հիմա:

Ինչպես տեսնում ենք, 1921-ի խնդիրը միայն սահմանները չէին: Հարցը նաեւ հետագա տարիներին ռուսների ու թուրքերի ազգային իրավասության ներքո հայտնված տարածքում հայ տարրի նկատմամբ որոշակի «վերաբերմունքի»՝ Մոսկվա-Անկարա փոխադարձ պարտավորությունն էր: Ռուս-թուրքական պայմանագրերի տրամաբանությամբ Հայաստանը հիմնական առումներով շարունակում է մնալ ռուսական տարածք: Սակայն հիմա մեկ կողմից պարտավորություններ չունեցող ՆԱՏՕ-ն է, իսկ մյուս կողմից՝ Լենին-Աթաթուրքի ավանդներին հավատարիմ Ռուսաստանը: Գումարենք Բաքվի խնդիրը: Դրությունը բարդացել է նույնիսկ աղետաբեր 1939-ի համեմատությամբ:

Պետական քարոզչությունը տեղեկացնու՞մ է հասարակությանն այս հանգամանքների մասին: Անշուշտ, ոչ: Փոխարենը ականատես ենք Ապրիլ 24-ի եւ Մայիս 9-ի՝ դեռեւս 1965 թվականին Մոսկվայում մշակված կեղծ, ազգակործան ծիսական սցենարների եւ անհեթեթ ռադիո-հեռատեսիլային ակնարկների: Ծոռների սիրահոժար զոհաբերություններ ապահովող վիրուսային վարակի տարրեր են հայտնվել զոլավոր ժապավենների եւ փայտիկավոր պորտրեների տեսքով: Սրանցից, ի դեպ, հրաժարվեց ՀԱՊԿ մեկ այլ անդամ՝ Տաջիկիստանը: Եթե Մոսկվայում զոլավորների ու փայտիկավորների երթերը անցնում են «կարող ենք եւ կրկնել»՝ մասսայական հոգեկան խանգարման մասին վկայող կարգախոսի ներքո, ապա մենք հստակ պետք է ասենք ռուսաց դեսպանին. հանուն Լենին-Աթաթուրքի անմահ գործի «կրկին» զոհվել ցանկացողներ մեզանում չկան:

Անհրաժեշտ է ուշքի բերել մեռած վիճակում հայտնված պետական պրոպագանդան: Բացի միջկուսակցական, միջխմբային ռազբորկաներից, այն իր առջեւ ունի հսկայածավալ ազգաշեն, կրթող եւ կողմնորոշող ասպարեզ, որ թափուր է: Նույնը, ցավոք, վերաբերում է երկու տարելիցների առիթով պետական մեսաժներին: Ինչպես նշեցինք՝ դեռեւս փոքր, սաղմնային բացառությամբ:

Երկու առիթներն էլ արժանի են ընթացիկ դրությունը գնահատող հստակ պետական մեսաժների եւ համապատասխան գործնական քայլերի: Տեղին է նաեւ ամենամյա գիտա-գործնական կոնֆերանսների գումարումը: Գալիք սերունդների կենսական կարիքն է դա:

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Քաղաքական մեկնաբան, Մոսկվա

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0