Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հայաստանում թշնամի չկա. Վաշինգտոնի առաջարկը Երեւանին

Հայաստանում թշնամի չկա. Վաշինգտոնի առաջարկը Երեւանին

By
Հայաստանում թշնամի չկա. Վաշինգտոնի առաջարկը Երեւանին

«Ես երկու շատ հուսալի անձանցից լսել եմ, որ այնտեղ ԱՄՆ եւ նրա նախագահ Թրամփի թշնամիներն են, որոնք կարող են կապ ունենալ նաեւ կոռուպցիոն սխեմաների հետ»: Այդ հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահի փաստաբան, նրա ոչ պաշտոնական խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին: Իսկ նրա խոսքը վերաբերում է Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկու շրջապատին:

Այդ պատճառով, ինչի մասին խոսել է, Ջուլիանին չի մեկնելու Ուկրաինա: Ամերիկյան մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ նա այցելելու է Կիեւ եւ հանդիպելու է նորընտիր նախագահ Զելենսկուն: Բայց, Ջուլիանին արել է այդպիսի աղմկոտ հայտարարություն եւ չեղարկել այցը:

Ջուլիանին հայտարարել է, որ իրավիճակն առնչություն չունի ԱՄՆ նախագահի 2020 թվականի ընտրությանը: Բայց, ըստ մամուլի, նրա այցի նպատակը լինելու էր այն, որ նա Զելենսկու հետ զրույցում հավաստիացներ նրան կոռուպցիայի դեմ պայքարի որոշ անհրաժեշտությունների հարցում, որը 2020 թվականի կարող էր օգտակար լինել նախագահ Թրամփի համար:

Այստեղ իրավիճակը բավականին հետաքրքիր է դարձնում այն, որ 2020 թվականի ընտրությանն առաջադրվելու մասին հայտարարել է Բարաք Օբամայի վարչակազմում փոխնապագահ, դեմոկրատ Ջո Բայդենը: Փորձագետները համարում են, որ նա ոչ միայն առաջատարն է լինելու դեմոկրատական կուսակցության փրայմերիզում, այլ նաեւ լուրջ մրցակից է գործող նախագահի համար եւ ունի հաղթելու բավարար հնարավորություն:

Ինչ կապ ունի այստեղ Ուկրաինան: Բանն այն է, որ Ուկրաինայում բիզնես հետաքրքրություններ ունի Ջո Բայդենի որդին: Այդ կապակցությամբ ամերիկյան մամուլում տարբեր տեղեկություններ են հրապարակված եղել, այդ թվում՝ Բայդենի պաշտոնավարման շրջանում, որ նա ըստ այդ հետաքրքրությունների փորձել է ճնշում բանեցնել նախագահ Պորոշենկոյի վրա, ասելով, թե ում պետք է ձեռք տալ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում, իսկ ում՝ ոչ:

Ահա այդ ֆոնին հատկանշական է Ջուլիանիի ուկրաինական այցի հանգամանքը, քանի որ հնարավոր է, որ Թրամփի թիմն այդպիսով ակնկալում էր գուցե Ուկրաինայում «գտնել» գլխավոր մրցակցի՝ Բայդենի խոցելի տեղեր: Միաժամանակ, արդյո՞ք այցի չեղարկումը նշանակում է, որ նոր նախագահ կամ նորընտիր նախագահ Զելենսկու թիմը հրաժարվել է այդ հարցում գործակցել Թրամփի թիմի հետ կամ պարզապես «միջամտել» կամ «ներքաշվել» ԱՄՆ նախագահի 2020 ընտրության գործընթացի մեջ:

Ջուլիանիի այցի պատմությունը հետաքրքիր մեկ այլ ասպեկտ ունի, գուցե ավելի նվազ ինտրիգային եւ թերեւս բավականին հեռավոր՝ ներկայիս իրողության հետ, սակայն միաժամանակ արդեն ավելի մոտ Հայաստանին:

Բանն այն է, որ ԱՄՆ նախագահի ոչ պաշտոնական խորհրդականը թավշյա հեղափոխությունից հետո, նախորդ տարի հոկտեմբերին այցելել էր Հայաստան: Հատկանշական է, որ նա Հայաստան այցելելով չհայտարարեց ԱՄՆ կամ նախագահ Թրամփի թշնամիներ լինելու մասին: Ավելին, ամենահետաքրքիր հանգամանքներից մեկն այն էր, որ Ջուլիանիին Հայաստան էր հրավիրել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ Հայաստանում Եվրասիական գործընկերության երրորդ համաժողովին մասնակցելու համար: Իսկ այդ հանգամանքը իր հերթին հետաքրքիր է նրանով, որ Ջուլիանին էր այն գործիչը, որը 2016 թվականին ԱՄՆ նախագահի ընտրությունից հետո Թրամփի վերաբերյալ կասկածների ֆոնին հայտարարեց, որ Թրամփը այն անձն է, որը Պուտինին կհաղթի հենց նրա դաշտում, նրա ոճով:

Ի դեպ, խիստ ուշագրավ էր հանգամանքը, որ Հայաստան ժամանելով Արա Աբրահամյանի հրավերով, Ջուլիանին հանդիպում էր ունեցել նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Ի դեպ, այդ այցը նախորդել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի ռեգիոնալ այցին, որի շրջանակում նա եղավ Հայաստանում եւ արեց ռազմա-քաղաքական առանցքային նշանակություն ունեցող հայտարարությունը, որ Հայաստանը կարող է ձեռք բերել ամերիկյան սպառազինություն:

Բոլթոնը ռեգիոնալ այցը սկսել էր Ռուսաստանից, իսկ խոշոր առումով փաստորեն նրա այցը սկսել էր Ջուլիանին: Ի՞նչ մտքեր էր տարել նա Հայաստանից, որ ԱՄՆ ոչ միայն թշնամի չտեսավ հետհեղափոխական Հայաստանում, այլ նաեւ տեսավ Բոլթոնի արած առաջարկի հնարավորություն: Ընդ որում, դա մինչ այժմ առավելապես դիտարկվում է շատ կոնկրետ տեխնիկական կամ սպառազինության միջոցների համատեքստում, մինչդեռ Բոլթոնի հայտարարության առնվազն ներկայիս նշանակությունն անշուշտ ռազմավարական, ռազմա-քաղաքական էր, որն արտացոլում էր ռեգիոնալ միջավայրը Հայաստանում թավշյա հեղափոխության եւ միաժամանակ ռուս-ամերիկյան հարաբերության ֆոնին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0