Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Բոլորը պատկերացնում են՝ ինչ-որ պահի Արցախը վերամիավորվելու է ՀՀ-ի հետ, սակայն ինչպես է տեղի ունենալու, չի ձևակերպվում. Նարեկ Մինասյան

Բոլորը պատկերացնում են՝ ինչ-որ պահի Արցախը վերամիավորվելու է ՀՀ-ի հետ, սակայն ինչպես է տեղի ունենալու, չի ձևակերպվում. Նարեկ Մինասյան

By
Բոլորը պատկերացնում են՝ ինչ-որ պահի Արցախը վերամիավորվելու է ՀՀ-ի հետ, սակայն ինչպես է տեղի ունենալու, չի ձևակերպվում. Նարեկ Մինասյան

Քաղաքագետ Նարեկ Մինասյանի խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ամբողջ հայության մոտ լայն կոնսենսուս չկա. մոտեցումները երբեմն հակակշռող են, երբեմն՝ ծայրահեղ: Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության տեսլականի հետ կապված անհարժեշտ է հանրային դիսկուրս անցկացնել:

-Նիկոլ Փաշինյանն ամփոփիչ ասուլիսում հայտարարել էր, որ Արցախի հարցի շուրջ հստակ ձևակերպված նպատակ չունենք և պետք է հստակ ձևակերպենք, թե ինչ ենք ուզում: Պարո՛ն Մինասյան, այս հայտարարությունը մտահոգիչ չե՞ք համարում:

-Կարծում եմ՝ պետք է տարանջատել երկու տարբեր մոտեցումները՝ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը և հանրային պահանջը, հանրային դիսկուրսը տվյալ թեմայի հետ կապված: Գաղտնիք չէ, որ Ղարաբաղյան հիմնախնդիրն ամենազգայուն հարցերից մեկն է ոչ միայն ՀՀ-ի, Արցախի բնակչության համար, այլ նաև ընդհանուր ողջ հայության համար, և տվյալ հարցի հետ կապված մոտեցումները հիմնախնդրի առանձին տարրերի հետ կապված բավականին տարբեր են, և դիկուրսներում երբեմն իրար հակասող կարծիքներ են հնչում, երբեմն ծայրահեղ, հետևաբար կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի մեսիջը հենց այդ համատեքստում պետք է ընկալել:

Ղարաբաղյան հակամարտության տեսլականի հետ կապված անհրաժեշտ է հանրային դիսկուրս, առավել ակտիվ քննարկումներ, թե ինչպես է ամբողջ հայությունը պատկերացնում հակամարտության կարգավորումը: Ենթադրում եմ, որ հենց այդ մասին է խոսքը գնում:

Ինչ վերաբերում է ՀՀ պաշտոնական դիրքորոշմանը, ապա գաղտնիք չէ, որ դիրքորոշումը կառուցվում է երկու հենասյուների վրա՝ անվտանգություն, կարգավիճակ և ցանկացած կարգավորման տարբերակ, ինչպես պնդում են Հայաստանի նոր իշխանությունները, որը պետք է բխի և կարգավորվի հենց այս առաջնահերթություններից ելնելով, և այս երկու կատեգորիաները միմյանց փոխպայմանավորում են:

 -ԱՀ-ում շեշտում են անկախության միջազգային ճանաչման հարցը, ինչպես նաև դիտարկվում են ՀՀ-ին միանալու հեռանկարը: Այս առումով հնարավո՞ր չէ հասնել ընդհանուր ձևակերպման:

-Կարծում եմ, որ այո, կա կոնսենսուս առնվազն այն հարցի հետ կապված, որ կարգավիճակը չի կարող լինել ավելի ցածր, քան այժմ է: Բայց օրինակ չկա կոնսենսուս, թե նույն Արցախի վերամիավորումը ՀՀ-ին ինչ ճանապարհով է տեղի ունենալու: Գաղտնիք չէ, որ բոլորն ինչ-որ պահի պատկերացնում են, որ Արցախը վերամիավորվելու է ՀՀ-ի հետ, սակայն դա ինչպես է տեղի ունենալու, չի ձևակերպվում, ճանաչում, հետո վերամիավորո՞ւմ, թե՞ ղարաբաղյան գործընթացում այդ հարցը միանգամից դրվելու է հանրաքվեի:

Տվյալ հարցում պետք են բավականին լայն քննարկումներ: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Արցախում, ՀՀ-ում, ինչու չէ սփյուռքում մոտեցումները կարող են տարբեր լինել: Գործընթացի պատմության մեջ եղել են դեպքեր, որ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը որոշակիորեն տարբերվել է ԱՀ դիրքորոշումից, եղել են փաստաթղթեր, որ ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը, իսկ Արցախը՝ ոչ: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման տեսլականին, կարծում եմ՝ այս հարցում համահայկական քննարկումներ են անհրաժեշտ, որպեսզի ձևավորվի՝ որոնք են այն կարմիր գծերը, որոնք պետք է պահպանել:

-Եթե հանրաքվեի կամ այլ ֆորմատով հանրային քննարկումների ժամանակ պարզ դառնա, որ միասնական կերպով Մադրիդյան սկզբունքներն անընդունելի են, կնշանակի, որ բանակցությունները պետք է սկսել 0 –ից, սա կնշանակի, որ տարիներ շարունակ բանակցության օրակարգը մեզ համար ընդունելի չի եղել, անպտուղ են եղել:

-Մի քանի բան փորձենք հստակեցնել՝ Մադրիդյան սկզբունքների հետ կապված: Բավական կարևոր հարց է Մադրիդյան սկզբունքներն ինչ մեկնաբանությամբ, այս հարցին կողմերը, կարծես թե, քննարկումների միջոցով փորձում են պատասխանել, որովհետև տարբեր տարիներ նույն Մադրիդյան սկզբունքները տարբեր կերպ են մեկնաբանվել, այսօր ասել, որ կա միանշանակ ընկալում, թե ինչ է նշանակում այս կամ այն կետը, մի փոքր բարդ է:

Ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ ցանկացած տարբերակ, որը ընդունելի կլինի իշխանության համար կներկայացնի հանրությանը՝ նրա հավանությունը ստանալու համար: Եվ տվյալ դեպքում որպես գործիք, մեխանիզմ դիտարկվում է հանրաքվեի միջոցով, որևէ տարբերակին հավանություն տալու, չտալու հարցը: Եթե ընդունելի չի լինի Արցախի, Հայաստանի հանրությունների համար, իհարկե, դա խնդրահարույց է, և պետք է նոր փաստաթուղթ մշակվի: Անգամ եթե պատկերացնենք, որ ղեկավարների կողմից ստորագրվել է ինչ-որ փաստաթուղթ, որը գործնականում ընդունելի չէ տվյալ հանրությունների համար, ինչ-որ պահի ռևանշիստական ձգտումները, տրամադրություններն իրենց զգացնել են տալու և, ըստ էության, տվյալ դեպքում հնարավոր չէ խոսել հաստատուն երկարատև խաղաղության մասին:

Հեղինակ՝ Անի Գևորգյան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0