Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Աբսուրդ է՝ որևէ լուրջ ուժ չի միավորվի Քոչարյանի հետ, հասարակությունն էլ փողոց դուրս չի գա

Աբսուրդ է՝ որևէ լուրջ ուժ չի միավորվի Քոչարյանի հետ, հասարակությունն էլ փողոց դուրս չի գա

By
Աբսուրդ է՝ որևէ լուրջ ուժ չի միավորվի Քոչարյանի հետ, հասարակությունն էլ փողոց դուրս չի գա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր իշխանության դեմ նախկինների կողմից կազմակերպվելիք բողոքի ցույցերին և ուշագրավ դիտարկումներ արել։ Փաշինյանը, մասնավորապես, հարցադրում է արել՝ արդյոք նախկին իշխանությունները կկարողանա՞ն մարդկանց փողոց դուրս բերել։ Այս համատեքստում վարչապետը նաև նշել է. «Հարց է, թե մենք վախենո՞ւմ ենք, թե թաքուն հույս ունենք, որ այդպիսի բան տեղի կունենա: Դա կարող է մեզ էլ հավեսի գցել, մենք էլ դուրս գանք փողոց: Ոնց որ թե՝ ժողովրդի մոտ երկրորդ հեղափոխություն է հասունանում, որովհետև մեզ մեղադրում են, որ որոշ հարցեր հեղափոխական տեմպերով չեն լուծվում, և փողոց դուրս գալով՝ շատ արագ այդ հարցերը կլուծվեն»,- ասել է Փաշինյանը:

Նա, ըստ էության, ակնարկում է բանաձևի երկրորդ մասը՝ եթե նախկին ուժերը փորձեն ռևանշ վերցնել, Հայաստանում երկրորդ հեղափոխություն կլինի՝ ակնարկելով, որ այդ ժամանակ ավելի հեշտ կլինի լուծել խնդիրները:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդին փողոց դուրս բերելու անհրաժեշտություն չի լինի, բայց եթե հանկարծ առաջանա նման իրավիճակ, հասարակությունը չի հապաղի: «Քոչարյանի նշած այդ բևեռի մասնակիցները պետք է հանգիստ տեղավորվեն իրենց տեղերում, հարցը պետք է արդարադատությամբ ու դատարանով լուծվի, թող իրենք չզարմանան ու չասեն, թե սա անակնկալ էր. աշխարհի շատ երկրներում են նախկին նախագահները կանգնել արդարադատության առաջ ու պատասխանատվության ենթարկվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանն ընդգծեց. «Երկիրը կողոպտելու, թալանելու, պետական շահերը դավաճանելու համար մարդը պետք է պատասխանատվության ենթարկվի, այստեղ արտառոցը ոչ թե նախագահի՝ արադարադատության առջև կանգնելն է, այլ այն, որ ցեղասպանություն տեսած ժողովրդին այս օրն էին հասցրել։ Օրենքի առաջ բոլորը հավասար են, և այդ հավասարների մեջ ամենաառաջինը պետք է լինի նախագահը։

Միաժամանակ, քաղաքագետը նշեց՝ Քոչարյանի հետևից որևէ լուրջ ուժ չի գնա. «Այո՛, այս իշխանություններից կա դժգոհություն, որ շատ ակտիվ չեն աշխատում, ամեն ինչ չէ, որ ժողովրդի սրտով է, բայց դա չի նշանակում, որ հասարակությունը Քոչարյանի հետևից փողոց դուրս կգա. դա աբսուրդ է։ Բացի իրենց կլաններից՝ ոչ ոք իրենց հետևից չի գնա։ Ապրիլյան հեղափոխությունը հաստատեց, որ իրենք ժողովրդի կամքի դեմ ոչինչ են։ Այն ժամանակ մտել էին մկան ծակերը, հիմա նորից սկսել են թպրտալ, բայց հեռուստաընկերություններով, կայքէջերով մարդկանց ուղեղները չեն կարողանա լվանալ, սեփական օգտագործման լրագրողները ևս չեն կարողանա այս հարցում նրանց օգնել։ Բայց նրանց ակտիվությունը նշանակում է, որ իշխանությունները որոշակի թերություններ ունի, ու հենց դա են իրենք մատնացույց անում։ Թող վերացնեն աշխատանքի թերությունները, պետությունը պետք է շտապ ոտքի կանգնի, որակով ու բարձր աշխատանք պետք է իրականացնեն»։

Շիրինյանն անթույլատրելի է համարում, որ Սերժ Սարգսյանի ստեղծած Ընտրական օրենսգրքով իշխանությունները ընտրություններ անցկացրին: «Դրանք նոր Հայաստանի ընտրությունները չէին, հին օրենքով նոր Հայաստան կլինի՞: Այս ամենը հենց դրա արդյունք է։ Բայց անգամ այս դեպքում հներն ասելիք չունեն՝ Սերժ Սարգսյանն անգամ հեռուստատեսությամբ երբ ելույթ է ունենում, ոչ ոք ոչինչ չի հասկանում, հիմա հանրահավաքի ժամանակ ինչպե՞ս պետք է խոսի։ Իսկ Քոչարյան Ռոբերտը դեռ պետք է դատարանում պատասխան տա, թող դատավարությունն ընթանա՝ նոր պարզ կդառնա՝ կարո՞ղ է մասնակցել, թե՞ ոչ»,- ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միակ անելիքն, ըստ Շիրինյանի, պետք է լինի արդար դատավարություն ապահովելը: «Պետք է պետության կառուցվածքը լավացնի, նոր ծրագրեր առաջարկի ու արդյունաբերական Հայաստան ստեղծի, այդ դեպքում ամբողջ հայությունն իր կողքին կլինի։ Խոշոր կոռուպցիոներները պետք է բանտ գնան, ստրատեգիական նշանակության բոլոր օբյեկտները պետք է ազգայնացվեն, պետությունը պետք է փայատեր դառնա, օֆշորը պետք է բացահայտվի, պետք է հստակ լինի, թե այս ձեռնարկությունը կամ հողատարածքն ում է պատկանում։ Այդ դեպքում ամբողջ ժողովուրդը կլինի վարչապետի կողքին»,- հավելեց նա։

GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե նույնիսկ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում, ապա դա չի նշանակում, որ նոր ձևավորվող ուժը բարձր վարկանիշ է ունենալու։ Դա շատ տարբեր հանգամանքներից է կախված, օրինակ՝ նրանից, թե ովքեր են այդ ուժի մաս կազմելու, ինչ պատմություն, փորձառություն ու ֆինանսական կարողություն ունեն, ինչ նպատակներ ու ծրագրեր ունեն։ Մենք չենք կարող հիմա ենթադրություններ անել»։

Նավասարդյանը միևնույն ժամանակ նշեց՝ առաջիկայում կներկայացնեն իրենց հետազոտության արդյունքները, կլինեն տվյալներ նաև Քոչարյանի հանդեպ հասարակության վերաբերմունքի հետ կապված. «Բայց միանշանակ կարող եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունի որոշակի դերակատարություն ունենալու ընդդիմադիր դաշտում, փորձառու գործիչ է, ունի ֆինանսական միջոցներ։

Ըստ Նավասարդյանի՝ գործող իշխանությունները «մեծ լավություն» են արել Ռոբերտ Քոչարյանին՝ նրա դեմ գործ հարուցելով. «Իներտ քաղաքականությունից նրան ներգրավեցին ակտիվ քաղաքականության մեջ»։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0