Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Որքան էլ տարօրինակ է, պատերազմը ավելի վստահելի է դարձել հասարակության համար, քան խաղաղությունը

Որքան էլ տարօրինակ է, պատերազմը ավելի վստահելի է դարձել հասարակության համար, քան խաղաղությունը

By
Որքան էլ տարօրինակ է, պատերազմը ավելի վստահելի է դարձել հասարակության համար, քան խաղաղությունը

Մեր զրուցակիցն է սոցիոլոգ, ՄԱՀՀԻ փորձագետ Սյուզաննա Բարսեղյանը

- Նիկոլ Փաշինյանն Արցախում իր ելույթում անդրադարձել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու խնդրին՝ նշելով. «Հարկ եմ համարում ընդգծել, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը չի կարող լինել բանակցություններում ներգրավված կառավարություններից որևէ մեկի առանձին խնդիրը, և դա համատեղ աշխատանք է»։ Նա փաստորեն նշում է, որ իր ներդրումը ոչ միայն Հայաստանի և Արցախի, նաև Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործում պետք է լինի։ Նաև նշում է, որ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի և Արցախի ժողովուրդը։ Որքանո՞վ են իրատեսական այսպիսի գնահատականները, որքանո՞վ մենք կարող ենք այստեղից Ադրբեջանի հասարակության վրա ազդեցություն ունենալ, և որքանո՞վ է սա իրականությանը մոտ դիսկուրս։

- Այս տարիներին այնպես են ձևավորվել պատերազմի և խաղաղության դիսկուրսները, որ հիմա կարծես թե Փաշինյանի հայտարարությունը մի քիչ վերացական է թվում, նույնիսկ մտորումների տեղիք է տալիս։ Բայց ես կարծում եմ, որ բավականին լավ ուղերձ էր այդ հատվածը և դա վերացական չէ։ Պետք է հասկանանք, որ խաղաղության հաստատումն էլ այսօր չի լինելու, դա մեր հեռահար նպատակն է։ Մենք հայտարարում ենք, որ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակիցն ենք, բայց քանի որ դեռևս երկու կողմերին բավարարող լուծման տարբերակ չունենք, խաղաղությունն այս պահին անհասանելի է։ Բայց հակառակորդ կողմի հասարակությանը ուղերձ հղելը շատ լավ մտածված և բավականին լավ քայլ էր, որովհետև այնտեղ էլ մեզ պետք է ներքին ընդդիմություն, այսինքն խաղաղարար շարժում, ոչ ազգայնական։ Դա շատ կարևոր է, և Փաշինյանի այս ուղերձը այդ զանգվածին էր ուղղված, որը երկրի բռնապետական իշխանության դեմ է և խաղաղության կողմնակից է, ագրեսիվ, հարձակողական լուծման կողմնակիցը չէ, որովհետև նրանք գիտեն այս պատերազմի գինը։ Ես շատ դրական ու բարձր եմ գնահատում այս քայլը և կարծում եմ, որ պետք է շարունակել, աշխատել նաև Ադրբեջանի հասարակության որոշակի հատվածի հետ։

Այս հայտարարությամբ, փաստորեն, վարչապետը կարևորում է նաև հաղորդակցական, լեզվի ներգործության ուժը հակամարտության կարգավորման գործընթացում:

- Մենք տեսնում ենք, թե ինչպիսի քարոզչություն է տեղի ունենում Ադրբեջանում, ընդհուպ մինչև փոքր հասակից, դպրոցից ինչպես են հասարակության մեջ Հայաստանի ու հայերի հանդեպ ատելություն ու թշնամանք սերմանում։ Այս դեպքում խնդիրն էլ ավելի չի՞ բարդանում և ավելի անիրատեսական չի՞ դառնում։

- Այո, իրավացի եք, թշնամական քարոզչություն է գնում, ատելության խոսքը շատ ակտիվ գործածվում է սկսած կրթական համակարգից մինչև քաղաքական հռետորաբանություն։ Այսինքն՝ ատելության խոսքի համընդգրկուն օգտագործում է տեղի ունենում Ադրբեջանում։ Բայց մենք պետք է  ինչ-որ ձևով փոխենք դա։ Մենք մեզ հետ կոնֆլիկտող կողմին չենք կարող փոխել, բայց պետք է փորձենք գոնե մեր ունեցած գործիքներով փոխել այդ երկրի հասարակությանը։ Եթե մենք կարևորենք խաղաղության դիսկուրսը, միջնորդներն էլ գուցե այդ մոնիտորինգը ոչ միայն սահմանի երկայնքով կանեն, այլ նաև հռետորաբանության առումով, դիսկուրսների փոփոխության վրա կփորձեն աշխատել երկու հասարակություններում։ Փաշինյանն էլ իր խոսքում շեշտում է, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը չի կարող լինել կողմերից մեկի առանձին խնդիրը, և դա համատեղ աշխատանք է: Մենք էլ մեր կողմից կարող ենք այստեղից ուղերձներ հղել այդ առումով։ Ես չեմ ասում, որ իրավիճակը մոտ ապագայում կփոխվի, բայց մենք աշխատում ենք այնպիսի կոնֆլիկտի հետ, որի լուծումը այս պահին չենք էլ կարող պատկերացնել։ Դա տարիների աշխատանք է, և որքան շուտ սկսենք, այնքան լավ։ Միամիտ կլինի պատկերացնել, որ մոտ ապագայում խնդիրը լուծվելու է և Ադրբեջանը խաղաղարար է դառնալու, զիջելու է այն, ինչը մենք ենք առաջարկում։ Մենք պետք է աշխատենք, քանի որ կոնֆլիկտի լուծումն ինքնին տարիներ է պահանջում։ Մենք հասկանում ենք, որ այնտեղ ծայրահեղ ագրեսիվ ատելության, թշնամանքի լեզվի կիրառում կա, բայց ինչ գործիքներով կարող ենք, պետք է փոխենք դա։ Եվ երկու երկրներում քարոզչության հենց այդ անհամաչափությունն է նաև պայմանավորում  պատերազմի դիսկուրսի գերակայությունը:

- Այս իմաստով ի՞նչ անելիք կա Հայաստանում։

- Իհարկե, չենք կարող մեր երկու երկրների հասարակություններում դիսկուրսները համեմատել։ Շատ անհամաչափ է իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում, բայց մեզ մոտ էլ իհարկե,  պատերազմի դիսկուրսը գերակշռում է, և դա շատ բնական է ինչ-որ առումով, որովհետև եթե հակամարտությունը լուծում չունի, որը կբավարարի կողմերին, ուրեմն խաղաղության դիսկուրսի մասին խոսելը երկրորդական դերում է հայտնվում։ Ավելի շատ խոսում են պատերազմից։ Կարծես մրցակցություն է, իսկ մրցակցության ժամանակ կա մեկ լուծում՝ հաղթողը մի կողմն է, իսկ այդ հաղթանակն էլ մի ուղի ունի՝ պատերազմ։ Բայց մենք էլ իսկապես այստեղ անելիքներ ունենք և ուսանելի է, որ նոր իշխանությունն սկսել է այդ անելիքները հասկանալ և անել այդ քայլերը։ Նախ պետք է խոսել սեփական հասարակության հետ բանակցությունների մասին, փոխզիջումների մասին։ Չի կարելի թաքցնել զիջումները, մարդիկ պատկերացնեն, որ մենք զիջման որևէ պատրաստակամություն չունենք, բայց բանակցություններն ինքնին հենց երկու կողմերի զիջումների մասին են։ Այսինքն ասել՝ ով զիջում է ինչ-որ բան, նա դավաճան է, նշանակում է այս բոլոր տարիներին մենք բոլորս դավաճան ենք եղել, որովհետև մեր պետությունը մասնակցել է բանակցային գործընթացին, որտեղ խոսվել է նաև զիջումների շուրջ։ Հիմա հարցը այն է, թե ինչ ենք զիջում ինչի դիմաց, և դա նպաստավո՞ր է մեզ համար, թե ոչ։

Մյուս կողմից, մեր ներքին խաղաղասիրական դիսկուրսները կարող են ազդել քաղաքականությունների վրա։ Դա վերացական, տեսական մոտեցում չէ։ Տարբեր հակամարտությունների վերլուծությունները ցույց են տալիս, որ դիսկուրսները ազդում են իրականացվող քաղաքականության վրա։ Մենք պետք է փորձենք ճիշտ հասկանալ՝ խաղաղությունն ինչ է և ինչ ենք դրանով մենք ստանալու, ինչ է պատերազմը։ Կարևոր է, որ խաղաղության ասելով չհասկանանք հողերի զիջում, դավաճանություն։ Այո, խաղաղությունը պահանջում է, որ մենք գնահատենք, թե ինչ գին ենք վճարելու պատերազմի դեպքում, ինչ ավերիչ ազդեցություն է այն ունենալու տնտեսության, սոցիալական կյանքի, մշակույթի, մարդկային կյանքերի վրա։ Մենք պետք է այս ամենը գնահատենք և հասկանանք, թե ինչ ենք ուզում և ինչ գնով։ Ես կարծում եմ, որ այս իշխանությունները սկսել են այդ երկխոսությունը հասարակության հետ՝ քննարկելու, թե մենք ինչի ենք պատրաստ, ինչ ենք ուզում, և գնում ենք բանակցությունների ինչի համար։

- Կարծում եք՝ հասարակությունն ադեկվա՞տ է արձագանքում այս հայտարարություններին։ Ընդհանուր առմամբ՝ հասարակության մոտ խնդրի ընկալումն ինչ մակարդակի վրա է։

- Սա շատ կարևոր թեմա է, որովհետև դիսկուսները ձևավորել են այնպիսի մի ըմբռնում խաղաղության և պատերազմի երևույթի նկատմամբ, որ որքան էլ տարօրինակ է, պատերազմը ավելի վստահելի է դարձել հասարակության համար, քան խաղաղությունը։ Այսինքն՝ խաղաղությունն ավելի մտահոգիչ է դարձել, որովհետև այս տարիների ընթացքում ներքին քաղաքական շահարկման հարց են դարձել պատերազմը և անվտանգությունը, և ցավոք, սա ստեղծել  է խաղաղության մասին կարծատիպեր, որը պետք է այսօր փոխել, աշխատել այդ ուղղությամբ։ Խաղաղության քննարկումը կարծես ավելի շատ մտահոգություն է առաջացնում, քան պատերազմի մասին քննարկումը, որովհետև կարծես պատերազմը բնական մի բան է, իսկ խաղաղությունը դրսից պարտադրվող մի բան, որի դիմաց մենք պետք է ավելի շատ կորցնենք, քան պատերազմի դեպքում ենք կորցնելու։ Եվ պետք է աշխատել այս հասկացությունների իրական ընկալման ուղղությամբ, ոչ թե միֆականացնել։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0