Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Չեմ կարծում, որ ԵԱՀԿ նախագահը կարգավորման շրջադարձային գաղափարներ կբերի Երևան. քաղտեխնոլոգ

Չեմ կարծում, որ ԵԱՀԿ նախագահը կարգավորման շրջադարձային գաղափարներ կբերի Երևան. քաղտեխնոլոգ

By
Չեմ կարծում, որ ԵԱՀԿ նախագահը կարգավորման շրջադարձային գաղափարներ կբերի Երևան. քաղտեխնոլոգ

Չեմ կարծում, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը Հայաստան կատարելիք այցի ընթացքում իր հետ բերի ղարաբաղյան խնդրի կարգավորման այնպիսի գաղափարներ, որոնք շրջադարձային կլինեն գոյություն ունեցող փաստաթղթերի համեմատությամբ կամ դրանց նոր որակ կհաղորդեն, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով եվրոպացի պաշտոնյայի այն հայտարարությանը, թե այսօր Երևան կատարելիք այցի ընթացում իր հետ Հայաստան է բերում ղարաբաղյան խնդրի կարգավորման մի շարք գաղափարներ։

«Այս պահի դրությամբ կարծես թե հայտնի է՝ ինչ փաստաթուղթ է դրված սեղանին։ Իսկ այդ փաստաթուղթը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունն է՝ իր բոլոր դետալներով։ Մեծ հաշվով, չեմ կարծում, որ լինելու են նոր գաղափարներ։ Կարծում եմ, որ եթե կոնցեպտուալ առումով քննարկման առարկա են Մադրիդյան սկզբունքները, ապա այդ բանակցությունները դժվար թե որևէ լուրջ հեռանկարներ ունենան։ Տարիներ առաջ շրջանառության մեջ դրված այս փաստաթուղթը ոչ միայն խաղաղության չի բերել, այլ հակառակը՝ 2016-ին հանգեցրել է ապրիլյան պատերազմի», - ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով այս փուլում Արցախին բանակցային սեղան վերադարձնելու հայկական կողմի ջանքերին՝ Վիգեն Հակոբյանը նկատեց՝ իր կարծիքով հայկական երկու պետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի արդյունքներով հետևյալ ալգորիթմն է առաջ քաշվելու. Արցախը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մանդատ է տալու Ադրբեջանի հետ ապագա բանակցություններում իր տեսակետը հայտնել Մադրիդյան սկզբունքների շուրջ։

«Միայն իր տեսակետը, բայց ոչ բանակցելու իրավունքը։ Կարծում եմ՝ ՀՀ վարչապետն Ադրբեջանի նախագահի հետ բանակցելու ժամանակ ասելու է, որ Հայաստանի և Արցախի Ազգային անվտանգությունների խորհուրդների համատեղ նիստում ստացել է մանդատ՝ հայտնել Արցախի ղեկավարության տեսակետերն ու մոտեցումները։ Պարզ է, որ տարածքների հանձնման առումով տեսակետը բացասական է լինելու։ Կարծում եմ՝ ճիշտ է, որ բանակցությունները պետք է վարի նաև Արցախը։ Թե որքանով է սա իրատեսական և արդյոք մոտ ապագայում կդառնա իրականություն, թե ոչ, միևնույն է, գործընթացը սկսվելու է», - ամփոփեց քաղտեխնոլոգը։

Հեղինակ՝ Անի Ղազարյան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0