Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Կարևոր ազդակներ Ստեփանակերտից

Կարևոր ազդակներ Ստեփանակերտից

By
Կարևոր ազդակներ Ստեփանակերտից

1996-ից ի վեր ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին դեռ ոչ ոք այսպես խուտուտ չէր տվել: Համանախագահների՝ շաբաթ օրվա հայտնի հայտարարությունից հետո գնդակը Հայաստանի դաշտում էր: Բայց ընդամենը երեք օրով:

Ստեփանակերտի ԱԽ նիստը գնդակը գլորեց այնտեղ, որտեղից այն եկել էր: Այլ խոսքով ասած, Փաշինյանը չտատանվեց իր դիրքորոշման մեջ ու որևէ կերպ չնահանջեց, ավելին՝ ևս մեկ անգամ հիմնավորեց դրա ճշմարտացիությունը:

Դիրքորոշման հիմքում իրավունքն է՝ իրավունքից ծնված ուժը: Ո՛չ համանախագահները և ո՛չ էլ Ադրբեջանը չեն կարող որևէ ոտնձգություն գործել իրավունքի դեմ: Առնվազն պետք է սպասեն ու ժամանակ ձգեն, մինչև բանակցությունների օրակարգը հստակեցվի:

Մինչ օրս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Հայաստանը հանդես է եկել ընդամենը արձագանքողի դերում, այսինքն՝ խոսել ու բանակցել է մեխանիկորեն պարտադրված պայմանների ու ձևաչափերի համատեքստում՝ չփորձելով ըմբոստանալ, կամ էլ ներկայացնել իր շահերն ու հետաքրքրությունները:

Ստեփանակերտի ԱԽ նիստում հստակ ամրագրվեց, որ Հայաստանն այլևս չի կարող գործել արձագանքողի ու հարմարվողի կարգավիճակով: Ընդհակառակը՝ Երևանն իր մոտեցումներն ու շահերը դարձնելու է տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական գործընթացների անբաժանելի մասնիկը՝ ստանձնելով կազմակերպչի ու նախաձեռնողի կարգավիճակ:

Սա իսկապես արժանապատիվ կեցվածք է, որտեղ ընդգծվում ու շեշտադրվում է Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային կարևորագույն առաքելությունը: Երևանը հստակ ցույց է տալիս աշխարհին, որ ինքը տարածաշրջանի անվտանգության համակարգի անբաժանելի քարերից մեկն է ու առանց իր լիարժեք ներգրավվածության այդ համակարգը պարզապես կփլուզվի:

Հայաստանն աստիճանաբար կերպափոխվում է խաղաղություն և կայունություն արտադրող ու արտահանող պետության, արժեքներ, որոնք պետք է կառուցարկվեն ու գործարկվեն մի կողմից ուժեղ ժողովրդավարության, իսկ մյուս կողմից էլ՝ Պաշտպանական բանակի զորեղ ներկայության հիմքի վրա:

Անկախ ներքին տարաձայնություններից՝ քաղաքական ուժերն ու հանրությունը պետք է մինչև վերջ պաշտպանեն Հայաստանի այս արժանապատիվ դիրքորոշումը: Իշխանությունները հերթափոխի տրամաբանությամբ փոփոխվելու են, բայց պետության կարևորագույն այս առաքելությունը երկարաժամկետ է ու մնայուն:

Իրավիճակի փոփոխությունն այս կարևոր է առաջին հերթին նաև բարոյահոգեբանական տեսանկյունից: Վերջին հարյուրամյակների ընթացքում հայաստանցու ինքնության անբաժանելի բաղադրիչն է եղել արտաքին աշխարհից փրկություն ակնկալելու ձգտումը, որը խտացվել և որպես վերջնական արդյունք ներկայացվել է Ռուսաստան-Հայաստան ռազմավարական դաշինքի տեսքով: Արատավոր մտայնությունն այս հասարակական լայն շրջանակների համար այլևս գոյություն չունի և ժամանակի ընթացքում անհրաժեշտաբար դրվելու է վերանայման, քանի որ Հայաստանի ու Արցախի քաղաքական ղեկավարությունն այլևս խոսում է ոչ թե ուզողի, խնդրողի ու խեղճի դիրքերից, այլ, ընդհակառակը՝ Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը ներկայացնում են իրենց միասնական դիրքորոշումն ու պատրաստակամություն հայտնում մինչև վերջ պաշտպանել այն:

Գործընթացներն այս կարևոր ազդակ են նաև Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների համար: Արտերկրում ապրող մեր հայրենակիցներին բնականաբար ոգևորում է աշխարհում Հայաստանի ու Արցախի վերադիրքավորման գործընթացը: Դրանից ելնելով, նրանք իրենց ուշադրությունն ու ռեսուրսները աստիճանաբար սկսում են կենտրոնացնել Հայաստանի և Արցախի խնդիրների կարգավորման ուղղությամբ: Նախկինում Սփյուռքի սևեռման գլխավոր առարկան ցեղասպանության պահանջատիրության խնդիրն էր, իսկ Հայաստանը գոնե լայն շրջանակների համար երբեք չի դիտարկվել որպես հոգևոր հայրենիք. որպես այդպիսին ընկալվել է գոյություն չունեցող Էրգիրը՝ Արևմտյան Հայաստանը: Իսկ հիմա Հայաստանի Հանրապետությունը, կարծես թե, աստիճանաբար փորձում է վերագտնել հոգևոր հայրենիքի իր կարևորագույն առաքելությունը:

Վստահաբար, արտաքին աշխարհում Հայաստանի արժանապատիվ կեցվածքն ու դիրքավորումը կարող է լուրջ խթան հանդիսանալ նաև ներքաղաքական իրավիճակի կայունացման ու սոցիալ-տնտեսական ռեֆորմների կյանքի կոչման համար: Կարծես թե այս ամենի համար կան բոլոր նպաստավոր պայմանները՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին:

Հեղինակ՝ Կարպիս Փաշոյան

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0