Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Տհաճ անակնկալ Ալիեւի համար. Ինչպես խաղաղության պատրաստել Ադրբեջանի ժողովրդին

Տհաճ անակնկալ Ալիեւի համար. Ինչպես խաղաղության պատրաստել Ադրբեջանի ժողովրդին

By
Տհաճ անակնկալ Ալիեւի համար. Ինչպես խաղաղության պատրաստել Ադրբեջանի ժողովրդին

Ստեփանակերտում Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված ուշադրության ու հարցադրումների է արժանացել: Խոսքը Ադրբեջանի ժողովրդին խաղաղության պատրաստելու մասին է, որը «ստանձնել» է Հայաստանի վարչապետը:

Ինչպե՞ս է նա Ադրբեջանի ժողովրդին պատրաստելու խաղաղության: Կան իհարկե տարբեր մեթոդներ՝ երկխոսությունից մինչեւ խաղաղության պարտադրում:

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ դա տեղի ունեցավ զինադադարի պարտադրմամբ, թեեւ դա իհարկե խաղաղություն չէր: Իր հերթին, Բաքվի պարտությունների արդյունքում իշխանության վերադարձած Հեյդար Ալիեւը գնաց «մսաղացների», եւ ահռելի կորուստները նրան թույլ տվեցին համոզել իր ժողովրդին, որ պատերազմը որեւէ արդյունքի չի հասցնելու:

Բաքվի իշխանությունն այս ընթացքում իր ժողովրդին պատրաստել է ամեն ինչի, բայց ոչ խաղաղության՝ ատելություն, պատմության կեղծում, սպառնալիքներ, ռազմական շանտաժ եւ այլն: Այսինքն, նույն իրավիճակը, ինչ Արցախյան առաջին պատերազմի նախօրեին:

Միեւնույն ժամանակ, Բաքվում շատ հստակ նշում են «խաղաղության» իրենց նախապայմանը, որը հանգում է հայկական կողմի փաստացի կապիտուլյացիային, եւ չկա որեւէ հնարավորություն, որ կնահանջեն այս դիրքերից: Ըստ այդմ, դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանում հնարավոր է փոխել իրավիճակը, եւ մնում է արտաքին ազդեցությունը կամ խաղաղության պարտադրանքը ռազմական գործողությունների դեպքում:

Կարող է օրինակ տարբերակ լինել Բաքվի իշխող ռեժիմի փոփոխությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի ճնշված էթնիկ միավորների՝ լեզգիների, թալիշների ազատագրական շարժումները, որի նախադեպն արդեն կա:

Ինչ վերաբերվում է ռազմական գործողություններին, պետք է նկատի առնել, դատելով նախորդ տասնամյակների փորձից, որ Բաքվի ռազմական ագրեսիան հիմնվել է երկու առանցքային գործոնների վրա՝ Մինսկի խմբի առնվազն մեկ համանախագահի «հովանավորության ու հավանության» եւ երաշխիքների, որ այդ համանախագահը թույլ չի տա Ադրբեջանի պարտությունը, եւ հայկական կողմը կանգ կառնի Բաքվին պետք եղած պահին: Այս սխեման անվրեպ գործեց ապրիլյան պատերազմի օրերին:

Հնարավոր է՝ սրանով է պայմանավորված Հայաստանի նախկին վարչակարգի ներկայացուցիչների «ոգեւորությունը» Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության կապակցությամբ: Մի կողմից, այդ մարդիկ ամեն գնով ցանկանում են կառավարության նախաձեռնությունների տապալումը, մյուս կողմից՝ կարող է բացահայտվել այդ վարչակարգի քաղաքականությունը, որի էական տարրերից մեկն Ալիեւի աջակցությունն էր, օրինակ նրա պահանջով Վիեննայի օրակարգը մոռանալու հարցում:

Բաքուն ներկայում չունի ռազմական գործողությունների համար առանցքային հանգամանքներից մեկը՝ հայկական կողմի «երաշխիքը»: Բանն այն է, որ հայկական կողմը քայլեր է անում այսպես կոչված կարգավորման տրամաբանությունը փոխելու ուղղությամբ, փոխում է ռազմական դոկտրինի որոշ տարրեր, հայտարարում, որ հող չի հանձնելու եւ վերաբնակեցնելու է Արցախը:

Ինչպե՞ս խաղաղության պատրաստել Ադրբեջանի ժողովրդին: Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունն ինքնին բարդ վիճակում է դնում Բաքվին, ավելացնում նոր հետաքրքիր տարր, իսկ ճիշտ աշխատանքի դեպքում կարող է անսպասելի արդյունքներ ունենալ: Հայաստանն իր «խնամքի տակ» կարող է առնել հարեւան մարգինալացված հանրությանը, ինչպես եւ վայել է քաղաքակրթական փոփոխությունների հայտ ներկայացրած եւ իրականացրած ժողովրդին:

Դրան զուգահեռ, հայկական կողմը պետք է պատրաստ լինի խաղաղություն պարտադրելու բոլոր տարբերակներին:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0