Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Բաքվի սադրանքն ընդդեմ հայ-վրացական անվտանգության

Բաքվի սադրանքն ընդդեմ հայ-վրացական անվտանգության

By
Բաքվի սադրանքն ընդդեմ հայ-վրացական անվտանգության

Փետրվարի 8-ին ադրբեջանցիները հանրահավաք էին արել Թբիլիսիի կենտրոնում, բողոքելով Ախալքալակում ազատամարտիկ, Արցախի պատերազմի մասնակից Միքայել Ավագյանի հուշարձանի տեղադրման դեմ, պահանջելով ապամոնտաժում: Ադրբեջանցիները հայտարարել են, որ դա սադրանք է եւ նպատակն է վնասել վրաց-ադրբեջանական հարաբերությանը:

Իրականում, ադրբեջանցիների բողոքը Վրաստանի ինքնիշխանության դեմ է, ու այդ բողոքն էր սադրանք, բայց վրացական պետականության ռազմավարական նպատակների դեմ: Ադրբեջանցիների բողոքի նպատակը Ախալքալակում տեղադրված հայ ազատամարտիկի հուշարձանը չէ: Այն բողոքի առիթն է, իսկ նպատակը՝ Վրաստանին Բաքվի նախազգուշացումն է, այն գործընթացի շեմին, որը կարող է բերել ռեգիոնում իրավիճակի հիմնարար փոփոխության եւ այն պատերազմով հաստատված ստատուս-քվոյի ամրապնդման, որին մասնակցել է Միքայել Ավագյանը՝ ում հուշարձանը տեղադրելու առիթով էլ Թբիլիսիի դեմ է դուրս եկել Բաքուն:

Փետրվարի 6-ին Ժնեւում տեղի է ունեցել ռուս-վրաց-շվեյցարական եռակողմ հանդիպում, որը վերաբերում է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տրանսպորտային միջանցքների գործարկման ռուս-վրացական համաձայնագրի իրականացմանը: 2011 թվականին կնքված համաձայնագրի ընթացակարգերի մշակումը ավարտված է հայտարարվել մոտ ութ տարի անց, եւ կողմերը ձեռնամուխ են եղել համաձայնագրի իրականացման ուղղությամբ աշխատանքին: Ստեղծվել է աշխատանքային խումբ, եռակողմ հանդիպում է եղել Ժնեւում:

Շվեյցարական ընկերությունը պետք է ապահովի համաձայնագրի իրականացման մոնիտորինգը: Ե՞րբ կկարողանան Վրաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել վերջնական եւ սկսել իրականացումը, դժվար է ասել, գործոնները բավական բարդ են, դժվար է հաղթահարել քաղաքական հակադրությունը: Բայց գործընթացը փաստորեն մտել է նոր փուլ, ավելի մոտենալով իրականացման ռեժիմին:

Իսկ դա անհանգստացնում է Բաքվին, մի քանի պատճառներով: Նախ, ռուս-վրացական համաձայնությունը կարող է բերել վիճակի, երբ Թբիլիսին ավելի քիչ տնտեսական կախվածություն կունենա Ադրբեջանից ու Թուրքիայից: Դրանից բացի, կարող է ստեղծվել նախադեպ՝ Բաքվի համար անցանկալի, երբ քաղաքական հակադրության պայմաններում, կողմերը պայմանավորվում են տնտեսական ենթակառուցվածքների աշխատանքի հարցում եւ քաղաքականությունը չի դառնում տնտեսական շրջափակման փաստարկ:

Դրանից բացի, ռուս-վրացական համաձայնությունը կարող է Հայաստանի համար դառնալ տնտեսական ենթակառուցվածքների նոր հնարավորություն, այլընտրանք Վերին Լարսի ճանապարհին, հետեւաբար տնտեսական էֆեկտիվությունը բարձրացնելու, թուրք-ադրբեջանական տրանսպորտային շրջափակումը զգալիորեն թուլացնելու հնարավորություն:

Այդպիսով, ռուս-վրացական համաձայնության իրագործումը կամրացնի արդեն քառորդ դար գոյություն ունեցող ռեգիոնալ նոր ստատուս-քվոն եւ այդ նոր ստատուս-քվոյի հրամայականից եւ տրամաբանությունից բխող անվտանգության ռազմա-քաղաքական նոր համակարգն ու բանաձեւերը, որոնց առանցքում անխուսափելիորեն պետք է լինեն Վրաստանն ու Հայաստանը:

Հակառակ դեպքում, այդ տրամաբանության ամրագրման խափանումը ռազմավարական վտանգ է թե Վրաստանի, թե Հայաստանի համար:

Գործնականում, փետրվարի 8-ին Թբիլիսիում հանրահավաքով ադրբեջանցիները հանրահավաք են արել ոչ թե հայ ազատամարտիկի հուշարձանի դեմ, այլ Վրաստանի եւ Հայաստանի անվտանգության ռազմավարական համատեղ հեռանկարի:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0