Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Սիրիայի հարցում կայացվել է տվյալ իրավիճակի համար օպտիմալ որոշում

Սիրիայի հարցում կայացվել է տվյալ իրավիճակի համար օպտիմալ որոշում

By
Սիրիայի հարցում կայացվել է տվյալ իրավիճակի համար օպտիմալ որոշում

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը

- Ինչպե՞ս եք գնահատում կառավարության ներկայացրած ծրագրի արտաքին քաղաքական բլոկը։ Այն շատերի կողմից արդեն հասցրել է քննադատության արժանանալ, մասնավորապես Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասով ծրագրում հպանցիկ հիշատակումները։

- Կա մի տարածված արտահայտություն. քաղաքականությունը հնարավորի արվեստն է։ Հատկապես, դա վերաբերում է արտաքին քաղաքականությանը, որտեղ ցանկացած կառավարություն, անգամ ամենահզոր երկրի կառավարությունը, սահմանափակված է մի շարք գործոններով։ Ընդ որում, այդ գործոններից մեջ կան այնպիսիները, որոնք սկզբունքորեն անկանխատեսելի են։ Այդ հանգամանքը հաշվի առնելով, կառավարության ծրագիրն արտաքին հարաբերությունների մասով առաջին հերթին պետք է լինի իրատեսական և հավասարակշռված։ Այժմ ներկայացվող ծրագիրը միանգամայն համապատասխանում է այդ պահանջներին։ Իհարկե, կարելի է վիճել, որ գուցե արժեր այս կամ այն կետը մի փոքր ավելի բաց ներկայացնել, մեկ այլ կետին ավելի շատ կամ քիչ ուշադրություն դարձնել, բայց ես չեմ կարծում, որ այս վեճերը սկզբունքային նշանակություն ունեն։ Նաև չեմ կարծում, որ կառավարության ծրագիրը, առնվազն արտաքին քաղաքականության մասով, պետք է չափից ավելի մանրամասն լիներ. մենք պետք է ունենանք մանևրելու, իրավիճակի փոփոխությունները արտացոլելու, ինչպես նաև հանրության կարծիքը հաշվի առնելու հնարավորություն։

- Ըստ Ձեզ՝ որքանո՞վ այս ծրագիրը կարելի է հեղափոխական համարել։

- Մեր արտաքին քաղաքականությունը հեղափոխական է այնքանով, որքանով այն հնարավորություն պետք է տա Հայաստանին շարունակել և ավարտին հասցել այն փոփոխությունները, որոնց սկիզբ դրվեց 2018 թ. ապրիլին։ Այդ առումով չեմ կարծում, որ մենք պետք է որպես խնդիր դիտարկենք, եթե ինչ-որ հարցերում մենք կրկնում ենք այն մոտեցումները, որոնք ազդարարում էր նաև նախորդ իշխանությունը։ Ի վերջո, կան որոշ ռազմավարական մոտեցումներ, որոնցից Հայաստանի որևէ կառավարություն առայժմ չի փորձել շեղվել։ Բացի այդ, նախկինների մեծագույն խնդիրն այն չէր, որ նրանք սխալ նպատակներ էին ազդարարում, այլ այն, որ նրանց խոսքը և գործը չէր համընկնում։ Նրանք կարող էին ասել, որ Հայաստանի ինքնիշխանությունն իրենց համար շատ կարևոր է, բայց իրենց գործով ապացուցեին հակառակը։ Չունենալով լեգիտիմություն երկրում և ունենալով զանազան բիզնես շահեր արտերկրում, նրանք խիստ խոցելի էին դրսից եկող ճնշումների համար։ Այսօր նման վտանգ չկա, և այն, ինչ գրված է ծրագրում, իրոք իրականացվելու է։

Ըստ իս՝ ամենահեղափոխական արտաքին քաղաքականությունն այն արտաքին քաղաքականությունն է, որը կապահովի մեր երկրի անվտանգությունը և թույլ կտա ավարտին հասցնել այն փոփոխությունները, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում։ Իսկ այդ փոփոխություններն, իրենց հերթին, անգամ առանց մեր կողմից հատուկ քարոզչության, մեծ ազդեցություն են թողնում նաև մեր տարածաշրջանի երկրների վրա։ Մենք այսօր արդեն մոռացել ենք, թե մի տարի առաջ ինչ իրավիճակ էր մեր երկրում, և դա շատ լավ է, քանի որ մենք դեպի առաջ ենք նայում և այժմ լրիվ այլ խնդիրներ պետք է լուծենք։ Բայց մեր տարածաշրջանի որոշ երկրների քաղաքացիները տեսնում են, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանում, և կամա թե ակամա համեմատում են իրենց երկրում տիրող իրավիճակի հետ, և այդ համեմատությունն ակնհայտ է, թե ում օգտին է։ Այնպես որ, եթե մենք կարողանանք շարունակել և խորացնել հեղափոխությունը մեր երկրում, դա նաև հիմքեր կստեղծի հեղափոխական արտաքին քաղաքականության համար։ Բայց այսօր պետք է վարել զգույշ և հավասարակշռված քաղաքականություն, որպեսզի մեր հեղափոխության ներկա և ապագա նվաճումներն ավելորդ արտաքին վտանգների չենթարկենք։

- Օրերս պարզ դարձավ, որ Հայաստանից 83 հոգանոց մասնագետներից բաղկացած խումբը ժամանել է Սիրիա: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը: Որքանով են արդարացված մտահոգությունները, որ հայկական դրոշի ներքո նման առաքելությունը Սիրիայում կարող է վտանգել մեր շահերը: Նախկինում, երբ իշխանություն չէիք, այստեղ հստակ վտանգ կտեսնեիք։ Իսկ հիմա՞։

- Նախ՝ սկսեմ ձեր հարցի վերջից, ասեմ, որ ես նախորդ վարչակարգի օրոք էլ շատ ավելի զգուշավոր էի քննադատում իշխանություններին այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում էր արտաքին քաղաքականությանը, քան երբ խոսում էի ներքին քաղաքականության մասին։ Ի վերջո, արտաքին քաղաքականության մեջ կան բազմաթիվ սահմանափակումներ, և մենք միշտ չէ, որ գիտենք ամբողջ տեղեկատվությունը, որի հիման վրա որոշումներ են կայացվում։ Ժամանակ առ ժամանակ ցանկացած կառավարություն որոշումներ է ընդունում, որոնք հանրության որոշ մասի մոտ կարող է ըմբռնում չգտնեն։ Բայց այստեղ սկզբունքային տարբերություն կա նախկին և ներկա իշխանության միջև։ Նախորդ իշխանության հանդեպ հանրության վստահությունը գրեթե զրոյական էր, քանի որ հայտնի չէր՝ այս կամ այն քայլը պայմանավորված էր Հայաստանի շահերով, թե, օրինակ, իշխող կլանի որոշակի բիզնես շահերով կամ այս կամ «կոմպրոմատի» առկայությամբ։ Այսօր այդ գործոնները գրեթե բացառված են, և ես համոզված եմ, որ այն մարդիկ, ովքեր որոշում են արտաքին և անվտանգության քաղաքականությունը, ղեկավարվում են միայնումիայն Հայաստանի շահերով։

Ինչ վերաբերում է Սիրիային, ապա որքան մենք գիտենք, որ առաքելությունը հումանիտար բնույթ ունի և աշխատելու է այն վայրերում, որտեղ ապրում է հայկական համայնք։ Բացի այդ, այսօր իրավիճակը Սիրիայում այն չէ, ինչ մի քանի տարի առաջ։ Այսօր կարծես բոլոր կողմերը, այդ թվում՝ Արևմուտքը, ընդունում են, որ քաղաքացիական պատերազմում հաղթող է դուրս եկել գործող իշխանությունը։ ԱՄՆ հայտարարել է, որ դուրս է բերում իր զորքերը Սիրիայից, և առաջացող վակուումը փորձում է լցնել Թուրքիան։ Կարծում եմ, որ այս հանգամանքներն են հաշվի առնվել, երբ ընդունվել է որոշում այս առաքելությունը Սիրիա ուղարկելու մասին։

- Որքանո՞վ է այն տեղի ունենում Ռուսաստանի պարտադրանքով։ Ինչպե՞ս կարձագանքի խնդրին Արևմուտքը։

- Որևէ երկիր, լինի այն դաշնակից, թե ոչ, չի կարող մեզ ստիպել կատարել քայլ, որը դեմ է մեր շահերին։ Հաշվի առնելով այն հանգամանքները, որոնց մասին ես նշեցի, այսօր առաջացել է մեր և մեր դաշնակիցների շահերի որոշակի ընդհանրություն, և դրանից ելնելով մենք գնացել ենք որոշակի քայլերի։ Միաժամանակ, մենք նաև տեսնում ենք, որ այդ քայլին ըմբռնումով են մոտենում մեր արևմտյան գործընկերները։ Այսպես օրինակ, եթե հիշում եք, սեպտեմբերին եղավ ԱՄՆ դեսպանատան արձագանքը, որտեղ մասնավորապես ասվում էր, որ նրանք հասկանում են Սիրիայի հայ բնակչությանն օգնելու՝ ՀՀ կառավարության ցանկությունը։ Այնպես որ, չեմ կարծում, որ այստեղ մենք Արևմուտքի խնդիր ունենք։ Համոզված եմ, որ այս որոշումը կայացնելիս հաշվի են առնվել բոլոր գործոնները, այդ թվում Ռուսաստանի և Արևմուտքի դիրքորոշումները, Սիրիայի և Մերձավոր Արևելքի այլ հայկական համայնքների կարիքները և, վերջապես, փոփոխված ռազմա-քաղաքական իրադրությունը Սիրիայում, և արդյունքում կայացվել է տվյալ իրավիճակի համար օպտիմալ որոշում։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0