Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Բացառիկ նշանակություն ունեցող քայլ. արաբագետը՝ Սիրիայում հայ մասնագետների հումանիտար խմբի առաքելության մասին

Բացառիկ նշանակություն ունեցող քայլ. արաբագետը՝ Սիրիայում հայ մասնագետների հումանիտար խմբի առաքելության մասին

By
Բացառիկ նշանակություն ունեցող քայլ. արաբագետը՝ Սիրիայում հայ մասնագետների հումանիտար խմբի առաքելության մասին

Սիրիայում հայ մասնագետների հումանիտար խմբի առաքելությունը բացառիկ կարևոր նշանակություն ունի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նրա խոսքով, այդ քայլի կարևորությունը հասկանալու համար պետք է ընդգծել մի քանի կարևոր հանգամանք:

«Նախ պետք է դիտարկել Սիրիա-Հայաստան կամ հայ և սիրիացի ժողովուրդների պատմական բարեկամական հարաբերությունները: Հաջորդ կարևոր հանգամանքը Հայաստան-սիրիահայ համայնք կապն է, երրորդը՝ Հայաստանի միջազգային հեղինակությունն է, ինչը չափազանց կարևոր է»,- ասաց Արմեն Պետրոսյանը:

Արաբագետը նշեց, որ այս քայլը սիրիական հակամարտության հարցում Հայաստանի՝ բավական հավասարակշռված դիրքորոշումը նոր որակական փուլով շարունակող գործողություն է: Նա հիշեցրեց, որ դեռ 2011 թվականին, երբ սկիզբ առավ հակամարտությունը, Հայաստանի հասարակության ուշադրությունը սևեռվեց Սիրիայի վրա, որովհետև այն բավական կարևոր երկիր է ՀՀ-ի համար:

«Սիրիան մեզ համար որպես կարևոր գործընկեր է արաբական աշխարհում, դա պետք է դիտարկել նաև հայ և սիրիական ժողովուրդների բարեկամության տեսանկյունից: Երբեք չպետք է մոռանալ այն, որ ժամանակին սիրիացի ժողովուրդն իր ձեռքն է մեկնել ողբերգական իրադարձություններ ապրած մեր ժողովրդին: Մեզ համար կարևոր է այն, որ Սիրիայում գտնվել է ու շարունակելու է գտնվել պատկառելի թվով հայ համայնք»,- ասաց նա:

2011-2018 թվականների ընթացքում Հայաստանի ցուցաբերած դիրքորոշումը դրական չեզոքության մոտեցումն է՝ հիմնականում պահպանելով շփումը Սիրիայի կառավարության հետ: Միջազգային իմիջի առումով բավական հետաքրքիր իրողություն է: Ըստ արաբագետի՝ Հայաստանի քայլը ժամանակի ընթացքում միջազգային հանրության արժանի գնահատականին կարժանանա:

«Այսօր այնպիսի ժամանակներ են, երբ մարդկությունը բախվում է բավական լուրջ հումանիտար աղետների, երկրները կանգնած են ռեսուրսների բացակայության առջև: Հայաստանը, լինելով համեմատաբար սահմանափակ հնարավորությունների տեր երկիր, այսպիսի կարևոր գործառույթ է իրականացնում: Սա շատ կարևոր հանգամանք է: Հայ մասնագետների ներկայությունը, հատկապես Հալեպում, համակողմանի նշանակության մարդասիրական քայլ է, ինչը դրական ազդեցություն է ունենալու»,- ասաց արաբագետը:

Խոսելով հնարավոր խնդիրների մասին՝ արաբագետը նշեց, որ ռիսկային իրավիճակը կապված է խմբի անվտանգության հետ: Դեռևս կա ահաբեկչական որոշակի վտանգ, խնդիրը դեռ չի հանգուցալուծվել:

«Բայց պետք է նշել, որ այս նախաձեռնության մասին հայտարարվեց կես տարի առաջ: Կես տարի ձգձգումը, կարելի  է ենթադրել, որ պայմանավորված էր հայկական կողմից անվտանգության երաշխիքների ձեռքբերման հետ: Այն շրջանը, որտեղ գործելու են մեր մասնագետները էականորեն անվտանգ է»,- ասաց նա:

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը, ընդհանուր՝ 83 անձ, ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ:

«Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը»,- նշել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0