Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ինչ մտահոգություններ կան Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու կապակցությամբ

Ինչ մտահոգություններ կան Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու կապակցությամբ

By
Ինչ մտահոգություններ կան Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու կապակցությամբ

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը

- Օրերս պարզ դարձավ, որ Հայաստանից 83 հոգանոց անվտանգությունն ապահովող մասնագետներից բաղկացած խումբը ժամանել է Սիրիա: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը: Որքանով են արդարացված մտահոգությունները, որ հայկական դրոշի ներքո նման առաքելությունը Սիրիայում կարող է վտանգել մեր շահերը:

- Առաջին հերթին անհանգստությունը կապված է ոչ թե այն հանգամանքի հետ, թե ինչ ռեակցիա կտան ԱՄՆ-ը կամ եվրոպական պետությունները, այլ այնտեղ մեր զինվորականների անվտանգության հետ: Արդյոք հնարավոր է, որ մեր զինվորականներն այնտեղ ահաբեկչության թիրախ դառնան, արդյոք այլ սպառնալիքներ մեր զինծառայողների նկատմամբ չկան: Սա ամենակարևոր առաջնահերթություն է, որի մասին մենք պետք է մտածենք նման որոշում կայացնելուց հետո: Երկրորդ անհանգստությունը հանրության մոտ ձևավորվել է այն պատճառով, որ շատ հարցեր կան, որոնց պատասխանները մենք չենք կարողանում ստանալ: Մասնավորապես, հստակ չէ, թե ինչ ժամկետներով են ՊՆ-ի մասնագետները գործուղվել Սիրիա, արդյոք այս 83 հոգանոց կոնտինգենտը վերջնական է, թե ավելանալու է, արդյոք լինելու է հերթափոխություն, ինչ պարբերականությամբ է տեղի ունենալու այս հերթափոխը: Մի խոսքով, հարցեր կան, որոնց պատասխանները հանրությունը չունի և դա իրականում բարդացնում է իրավիճակը, որովհետև եթե ամեն ինչ լիներ առավել թափանցիկ, բնական է, անհանգստությունների պատճառներն էլ քիչ կլինեին: Կարծում եմ՝ իշխանություններն այս առումով անելիք ունեն:

Ինչ վերաբերում է արտաքին խաղացողներին, բնական է, որ այդ որոշումը չէր ողջունելու Միացյալ Նահանգները, որովհետև իրենք Սիրիայում ունեն շահեր: Գիտեք, որ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին, բայց դա բացարձակ չի նշանակում, որ ԱՄՆ-ը իր շահերը չի սպասարկելու Սիրիայում: Այդ շահերը սպասարկվելու են այլ ձևերով, այլ մեթոդներով: Սա էլ մի առանձին ուղղություն է:

Գիտեք նաև, որ ԱՄՆ-ը իր դիրքորոշումը հայտնել էր ժամանակին, երբ Անվտանգության խորհրդի քարտուղարն ամիսներ առաջ հայտարարեց, որ Հայաստանը ողջունում է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում, կարծում եմ, որ սա հենց այն փուլն էր, որ այս հարցը քննարկվում էր, և այդ հայտարարությունից հետո բավական կոշտ արձագանքեց ԱՄՆ պետքարտուղարությունը: Հիմա դեռ պաշտոնական պատասխան չունենք պետքարտուղարությունից, թե ինչպես է վերաբերվում արդեն կայացած փաստին: Կարծում եմ՝ ԱՄՆ-ում դա ոգևորվածությամբ չի ընդունվել: Սպասենք նոր զարգացումների՝ հասկանալու համար միջազգային հանրության արձագանքը:

- Արմեն Աշոտյանն ավելի վաղ հայտարարում էր, որ առանց համապատասխան միջազգային պայմանագրի զորախումբ է ուղարկվել Սիրիա, դրանով խախտվել է օրենքը: Այստեղ օրենքի խախտում կա՞:

- Որպես իրավաբան կարող եմ ասել, որ ճիշտ չեմ համարում այս պահի դրությամբ խորանալ իրավական դաշտի մեջ, որովհետև իրավական տեսանկյունից տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, թե օրենքի, թե միջազգային համաձայնագրերի, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վերաբերյալ: Իհարկե, իրավական հարթության մեջ սա երկարատև վեճ է ձևավորելու: Առաջարկում եմ իրավական կողմը չբերել քաղաքական դաշտ և քննարկել խնդիրը զուտ միջազգային ու ներպետական իրավունքի տեսանկյունից, որովհետև ցանկացած որոշում էլ, որ կայացվեր, միևնույն է, լինելու էին նաև այսպիսի արձագանքներ:

- Քաղաքական տեսանկյունից նշվում է, որ ռացիոնալ որևէ փաստարկ այդպես էլ չի ներկայացվել, թե ինչու է հումանիտար առաքելություն ուղարկվում Սիրիա: Տեսակետ կա, որ սա Ռուսաստանի թելադրանքով է արվում, որքան է այստեղ ռուսական գործոնը:

- Ես չեմ կարծում, որ սա Ռուսաստանի կամքով է թելադրված: Ես վստահ եմ, որ սա ՀՀ իշխանությունների նախաձեռնությունն է: Այս որոշման պատասխանատվությունը ամբողջությամբ Հայաստանի իշխանություններինն է:

- Իսկ թափանցիկություն ինչու չկա, թե ինչ ժամկետներով ու պայմաններով է գործելու առաքելությունը: Կա՞ն դրա համար պատճառներ:

- Այդ հարցի հասցեատերը մեր կառավարությունն է, որովհետև որքան թափանցիկ լինի այս գործընթացը, որքան քիչ հարցեր առաջացներ, այնքան ավելի շատ դաշտ կբացվեր ոչ թե քննադատելու, այլ օբյեկտիվ իրավիճակը վերլուծելու՝ թե արդյոք Հայաստանին հիմա պե՞տք է այդպիսի ներկայացվածություն, թե ոչ: Միգուցե Հայաստանը պետք է ավելի մեծ զորախումբ ուղարկեր Սիրիա, միգուցե բալանսի համար Հայաստանը պետք է մեծացներ իր խաղաղապահ առաքելությունն Աֆղանստանում: Մի խոսքով, հարցերի լայն շրջանակ կա, որ ոչ թափանցիկության պատճառով արձագանք չի ստանում:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0