Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հայաստան-Իրան հարաբերությունների քաղաքական բաղադրիչը բարձր մակարդակի վրա է. ՀՀ դեսպանի հարցազրույցը

Հայաստան-Իրան հարաբերությունների քաղաքական բաղադրիչը բարձր մակարդակի վրա է. ՀՀ դեսպանի հարցազրույցը

By
Հայաստան-Իրան հարաբերությունների քաղաքական բաղադրիչը բարձր մակարդակի վրա է. ՀՀ դեսպանի հարցազրույցը

Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շնորհիվ Հայաստանի համար ստեղծված բարենպաստ պայմաններն արդյունավետ կերպով կծառայեցվեն առևտրի ծավալների աճի ապահովմանը: Այս մասին «Արմենպրես»–ի հետ զրույցում նշեց Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը՝ անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան ծրագրված այցին:

-Պարոն Թումանյան, արդեն հայտնի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի վերջին այցելելու է Իրան: Ասացեք խնդրեմհանդիպումների ու հարցերի ի՞նչ օրակարգ է նախատեսված:

-ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հրավերով փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թեհրան: Սա վարչապետ Փաշինյանի առաջին այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այժմ քննարկվում են այցի կազմակերպական հարցերը: Հանդիպումների օրակարգն ընդգրկելու է երկկողմ հարցերի լայն շրջանակ: Բանակցությունների ընթացքում կշոշափվեն նաև տարածաշրջանային անվտանգության և բազմակողմ համագործակցության խնդիրները:

-Պարոն դեսպան, այս տարի լրանում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-ամյակը: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստան Իրան հարաբերությունների ներկա մակարդակը:

-Իրենց սկզբնավորման օրից մինչ այսօր Հայաստան-Իրան հարաբերությունները եղել են բարեկամական և գործընկերային: Անշուշտ չի կարելի ասել, որ իրացվել են երկու կողմերի բոլոր հնարավորությունները:

-Ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք հայ-իրանական դիվանագիտական հարաբերություններում վերջին շրջանում:

Հիմնական ձեռքբերումը կարելի է համարել երկկողմ հարաբերությունների քաղաքական բաղադրիչի բարձր մակարդակը: Կողմերին մշտապես հաջողվել է խուսափել կնճռոտ խնդիրներից: Ինչ վերաբերում է կոնկրետ վերջին շրջանին, կարելի է առանձնացնել իրանական շրջանակներում Հայաստանի մասին բազմաբնույթ տեղեկատվության տարածման, փոխադարձ իրազեկվածության մակարդակի բարձրացման հանգամանքները: Բազմաթիվ իրանական գործարարներ ուղղորդվել են դեպի Հայաստան՝ տեղում քննարկելու տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունները:

-Իրանը շարունակում է Հայաստանի համար մնալ կարևոր գործընկերներից մեկը, երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-Իսկապես Իրանը Հայաստանի կարևոր գործընկեր երկրներից մեկն է և հարաբերությունների զարգացումը բխում է Հայաստանի շահերից: Անշուշտ, Հայաստանը ևս կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքական օրակարգում:

Երկկողմ տնտեսական հարաբերությունների մակարդակը հեռու է բավարար լինելուց, և այս հարցում երկու կողմերն էլ լուրջ անելիքներ ունեն: Հարկ է նշել, որ Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը որպես կանոն չի հատել 300 մլն դոլարի սահմանները (հաշվի առնելով նաև գազ-էլեկտրաէներգիա փոխանակումը), իսկ Հայաստանից Իրան ապրանքների առաքման ծավալները մշտապես եղել են չափազանց փոքր:

Ներկայումս քննարկվում են ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի շնորհիվ մեզ համար ստեղծված բարենպաստ պայմանները երկկողմ առևտրի ծավալների աճի ապահովմանը արդյունավետ կերպով ծառայեցնելու հնարավորությունները: Անհրաժեշտ է նշել, որ այստեղ լուրջ խոչընդոտներ են առաջացել ամերիկյան պատժամիջոցների գործադրման հետևանքով, որոնց հաղթահարման համար հարկ կլինի ստեղծել որոշակի մեխանիզմներ: Այս հարցում, անշուշտ, անհրաժեշտ է համապատասխան նախապատրաստական և խորհրդատվական միջոցառումներ իրականացնել և՛ իրանական կողմի, և՛ մյուս գործընկեր երկրների հետ:

-Վերջին տարիներին բավական ակտիվություն է նկատվում զբոսաշրջության ոլորտում: Ի՞նչ զարգացման հեռանկարներ եք տեսնում այս ուղղությամբ:

-Մինչ ամերիկյան պատժամիջոցների գործադրումը և Իրանում անբարենպաստ ֆինանսատնտեսական զարգացումները Իրանից Հայաստան մեկնող զբոսաշրջիկների թիվը մշտապես աճում էր: Այժմ Իրանում ստեղծված դժվարությունների պատճառով նշված ցուցանիշը նվազման միտում է դրսևորում: Հասկանալի է, որ ստեղծված նոր պայմաններում հարկ կլինի որոշակի փոփոխություններ մտցնել այս ոլորտի աշխատանքներում, առնվազն հետագա բացասական զարգացումները կանխելու համար:

-Պարոն դեսպան, երկու երկրների հարաբերությունների ամրացման, զարգացման գործում իր կարևոր դերակատարությունն ունի Իրանում հայ համայնքը: Ասացեք խնդրեմ, այսօր Իրանում հայերը հիմնականում ի՞նչ գործունեություն են ծավալում, ո՞ր ոլորտներում են ներկայացված և ի՞նչ օրակարգային հարցեր կան հայ համայնքի հետ կապված:

 –Իրանի հայ համայնքը անցել է մեծ ճանապարհ և Իրանի կյանքում ունեցած հսկայական վաստակի համար մեծ հարգանք է վայելում: Համայնքի անդամները ներկայացված են տարբեր ոլորտներում՝ գիտություն, կրթություն, մշակույթ, տնտեսություն և այլն: ԻԻՀ սահմանադրությամբ հայերն ունեն կրոնական փոքրամասնության կարգավիճակ, որը հնարավորություն է ընձեռնում ԻԻՀ մեջլիսում ունենալ երկու պատգամավոր:

Համայնքային կառույցները մշտապես իրականացնում են մեծ աշխատանք կրթության, հայեցի և հայրենասիրական դաստիարակության, ինչպես նաև հայ մշակութային արժեքների պահպանության և հանրայնացման ոլորտներում:

Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0