Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Մեր երբեմն չոր միակողմանի լինելը նաև մեր ուժեղ հարևաններին կզգաստացնի

Մեր երբեմն չոր միակողմանի լինելը նաև մեր ուժեղ հարևաններին կզգաստացնի

By
Մեր երբեմն չոր միակողմանի լինելը նաև մեր ուժեղ հարևաններին կզգաստացնի

Մեր զրուցակիցն է երգիչ–երգահան Արմեն Մովսիսյանը, ով վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում

- Պարոն Մովսիսյան, նախօրեին տեղի ունեցավ նոր ԱԺ–ի պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը, և արդեն պարզ դարձավ, թե ովքեր են լինելու ԱԺ նախագահը, փոխնախագահները: Կարծեք, շատ երիտասարդ խորհրդարան է լինելու: Ի՞նչ սպասումներ կան այս Ազգային ժողովից:

- Նախքան խորհրդարանն էլ սպասումները կային, որ երիտասարդ սերունդը անելու է իր քայլը: Սա իրենց քայլն է, ես շարունակում եմ կրկնել, որ եթե մեր կարիքը կա թեկուզ խորհրդով օգտակար լինելու, միշտ պատրաստ ենք: Հայրենիքի ապագան իրենցն է և իրենք են սարքելու իրենց համար հայրենիք:

Հուսամ, որ մեր հույսերը կարդարանան և իրենք այնքան խոհուն կգտնվեն, որ Հայաստանում այս հեղափոխության, վերափոխման այս եզակի շանսը կօգտագործեն ի բարօրություն մեր երկրի: Նորմալ եմ համարում նոր խորհրդարանը: Ես տեսա, որ որոշ մարդիկ նոր պատգամավորների տարիքի հետ կապված են մտահոգություն հայտնում, որ իբր ջահել են, բայց ես չեմ կարծում, որ դա, թերություն է, որ մարդը երիտասարդ տարիքում դարձել է քաղաքական գործիչ:

Մենք արդեն 30 տարի կրել ենք տարիքավոր ծերակույտի, տարբեր կարիերիստների ու աթոռապաշտների ժամանակաշրջանը: Դա արդեն փորձած է և պետք է ճանապարհ տալ երիտասարդներին, դա շատ նորմալ է:

- Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության դերը խորհրդարանում: Տեսակետ կա, որ ոչ ԲՀԿ–ն, ոչ էլ «Լուսավոր Հայաստանը» չեն կարող ընդդիմություն լինել, որովհետև նրանք պաշտպանել են հեղափոխությունը: Սակայն Էդմոն Մարուքյանն էլ նշում է, որ կոշտ ընդդիմություն են լինելու: Ձեր կարծիքով՝ նրանք կարո՞ղ են հավակնել ընդդիմադիր ուժ լինելուն:

- Մի քիչ դեկորատիվ կստացվի ընդդիմությունն, իհարկե, և բոլորս էլ դա հասկանում ենք: Այնուամենայնիվ, «Իմ քայլի» 70 տոկոսն իր դերը կկատարի: Բայց դա էլ է նոր ժամանակաշրջանի փորձություններից մեկը, որ այսպես ձևավորվեց խորհրդարանը, որի արդյունքում պատգամավորների թիվն էլ աճեց, ինչը ցանկալի չէր: Բոլորովին ցանկալի չէր ունենալ ավելի շատ պատգամավոր, քան նախկինում էր: Դա հին օրենքի մեզ բաժին հասած վատ ժառանգությունն էր, այդ թվում և քվեարկության կարգը, և պատգամավորների մանդատների հարցը:

Հիմա Էդմոն Մարուքյանն ասում է, որ կլինեն ընդդիմություն, հուսամ կլինեն: Մարուքյանը շատ խոստումնալից կադրեր ունի, հուսամ կլինեն այն, ինչ ասում են: Ամեն դեպքում, սա է մեր իրականությունը և պետք է հիմք ընդունենք այն, ինչ կա: Ես սա չեմ համարում աղետալի բան:

Իհարկե, ցանկալի կլիներ ընդդիմությունը, այդ թվում «Սասնա ծռերը», շատերը նշում են նաև ՀՀԿ-ն, բայց սա է իրականությունը: Հուսանք, որ ներքին ֆրակցիոն ընդդիմություն կառաջանա հենց «Իմ քայլը» դաշինքի շարքերում: Վերջին հաշվով, չեմ կարծում, որ այնտեղ միահունչ կարծիքներ կլինեն բոլոր հարցերի կապակցությամբ: Ես շատ կտխրեմ, եթե այդպես լինի:

- Պարոն Մովսիսյան, կուտակված խնդիրներ կան, որոնց հնարավոր չի լինում լուծում տալ: Մասնավորապես, տեսնում ենք, թե ինչ քաղաքականություն է վարում Ռուսաստանը գազի գնի հետ կապված: Գազի գնի բարձրացումը քաղաքակա՞ն պատասխան եք համարում Հայաստանի իշխանություններին, Մոսկվան ատա՞մ է ցույց տալիս:

- Իհարկե, մեր ոխերիմ բարեկամը հուշում է, որ ինքը մեր հյուսիսում կանգնած է և հետևում է մեր ամեն մի քայլին: Ընդհանրապես, աշխարհի մեծերը մեր տարածաշրջանում իրենց շահերն են հետապնդում և հետապնդելու են: Մեր դիվանագիտական հմտություններից է կախված, որ եթե նույնիսկ քիչ շահեկան, գոնե աղետաբեր դուրս չենք գա այդ բոլոր փորձություններից: Նախ, ես կարծում եմ, որ Ռուսաստանի ղեկավարությունը իր այդ քայլով փորձում է սահմանափակել մեր ինքնիշխան երկրի անխակության չափը, ինչպես միշտ: Մենք էլ, վերջին հաշվով, պետք է մեր շահերը պաշտպանենք, որովհետև սա մեր երկիրն է, սա Ռուսաստանի նահանգ չէ, անցել են խորհրդային ժամանակները անվերադարձ:

- Խորհրդարանում ուզում են եվրասիական ինտեգրման հանձնաժողով ստեղծել: Այդ մասին հայտարարեց ԲՀԿ–ն, կարծեք կողմ է նաև «Լուսավոր Հայաստանը»: Կարծում եք՝ ԱԺ–ում նման հանձնաժողով ունենալու անհրաժեշտություն կա՞ր:

- Մենք հզորությամբ փոքր երկիր ենք, պետք է իրատեսորեն, չբացառելով ոչ մի հնարավոր տարբերակ, փորձենք դրանք օգտագործել ի նպաստ մեր շահերի: Եթե դրանից կարող է շահեկան դուրս գալ Հայաստանը, եթե դա մեզ չի վնասում, թող լինի: Իսկ այսօր ո՞վ կարող է փաստել, որ նման հանձնաժողովի գոյությունը կվնասի Հայաստանի իշխանությանը, չեմ կարծում:

Մենք պետք է ավելի շրջահայաց լինենք ու ավելի լայնախոհ նայենք այդ բոլոր հարցերին, քանի որ մեր երբեմն չոր միակողմանի լինելը նաև մեր ուժեղ հարևաններին կզգաստացնի: Ունենք այն, ինչ ունենք: Այսօր Հայաստանը սովորական ագրարային երկիր է, առանց հզոր տնտեսության, առանց ծանր նույնիսկ թեթև արդյունաբերության, ցավոք:

Մենք մեր ստարտը այստեղից ենք սկսում ու պետք է իրատես լինենք: Բոլորս էլ հասկանում ենք և ուզում ենք առավելագույնս ինքնիշխան լինենք, ուզում ենք մեկ օր ավելի շուտ ազատվենք տարբեր կախումներից, բայց թե որքանով է դա իրատեսական, սա է ամբողջ հարցը:

-Տեսակետներ են հնչում, որ հանրային դժգոհությունը մեծանում է և Նիկոլ Փաշինյանին պետք են պրոֆեսիոնալ կադրեր: Այս 7-8 ամիսները ցույց տվեցին, որ պրոֆեսիոնալ կադրերի պակաս կա: Կիսո՞ւմ եք այդ մտահոգությունը և արդյոք նոր կադրեր մենք կտեսնենք նոր կառավարությունում:

- Կարծում եմ՝ պրոֆեսիոնալ կադրերի պակաս ցանկացած երկրում կարող է առաջանալ, այդ թվում՝ ԱՄՆ-ի պես զարգացած երկրում։ Հայաստանում հիմա մի ժամանակաշրջան է, երբ ամեն ինչ զրոյից են սկսել։ Մենք տեսանք, որ պրոֆեսիոնալների առկայությունը նախորդ կառավարություններում որևէ դրական ազդեցություն չունեցավ։ Իմ կարծիքն այն է, որ, այո, արժեր մասամբ օգտվել հին կադրերի մասնագիտական գիտելիքների բազայից՝ ի նպաստ մեր հայրենիքի։

Գուցե հիմա հենց այն մարդիկ են նշանակվում, ովքեր կիսում են վարչապետի քաղաքական գիծը, դրա համար էլ իրենք են նշանակվում։ Դժգոհությունը կադրերից, չեմ կարծում, շատ մեծ է ժողովրդի մոտ։

Կարծում եմ՝ մի քիչ չափազանցնում են դժգոհությունների փաստը, քան իրականում է։ Երիտասարդ յոթ ամսական երկիր է, որը սկիզբ է առել բոլորովին քարուքանդ վիճակից, ոչ մի արդյունաբերություն չկա երկրում։ Նախորդների թալեաթությունը հայրենիքի պոտենցիալի նկատմամբ իր չար գործն արել է։ Ես հավատում եմ, որ լավ է լինելու, ես հավատում եմ, որ մեր երիտասարդությունը ավելի բարեկեցիկ հանգրվանի կհասցնի մեր երկիրը։ Ես վստահում եմ։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0