Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | «Որքան մենք տարուբերենք «մարտի 1»-ի թնջուկը, որքան միջամտենք, այնքան վատ»

«Որքան մենք տարուբերենք «մարտի 1»-ի թնջուկը, որքան միջամտենք, այնքան վատ»

By
«Որքան մենք տարուբերենք «մարտի 1»-ի թնջուկը, որքան միջամտենք, այնքան վատ»

Մեր զրուցակիցն է Արցախի խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը

- Պարոն Հյուսնունց, Արցախի խորհրդարանական երեք ուժեր հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի։ Տեսակետ կա, որ Արցախի քաղաքական ուժերը փորձում են այդկերպ խառնվել Հայաստանի ներքին քաղաքականությանը, նաև դատական իշխանության գործերին։ Ինչո՞ւ որոշեցիք այսպիսի հայտարարությամբ հանդես գալ։

- Դա քաղաքական որոշում էր, որովհետև մենք մինչ այդ էլ ելույթ էինք ունեցել տարբեր ֆորմատներով, ստորագրահավաք էինք կազմակերպել։ Քավ լիցի, որևէ փորձ չկա Հայաստանի թե ներքաղաքական, թե առավելևս ՀՀ դատական իշխանությունների գործունեությանը միջամտելու․ Սա ուղղակի սիրո և համերաշխության, ավելի բարիդրացիական, ավելի կոնսենսուսի գալու մի քայլ էր, որ մենք փորձ ենք անում մաքսիմալ կայունացնենք և հնարավորություն տանք, որ որևէ ռևանշիստական գործողություններ չլինեն Հայաստանում, որևէ խառնաշփոթություն չլինի։ Մեր հայտարարությունն ավելի շատ կայունացման միտում ունի, որ կալանքից ազատեն։ Ես կարծում եմ, որ որքան մենք տարուբերենք «մարտի 1»-ի թնջուկը, որքան միջամտենք… դա մեր անկախ պետականության պատմության մեջ եղել է մի խայտառակ երևույթ, որը ինչքան քչփորենք, այնքան վատ։ Որովհետև թե առաջին նախագահը, թե երկրորդ, թե երրորդ նախագահները, գործող վարչապետը, գլխավոր դերերում իրենք էին։ Իրար մեղադրելով, իրար կեղեքելով որևէ բանի չենք հասնելու։ Մենք պետք է առաջ նայենք։ Այսօրվա իմ տեսիլքը հետևյալն է, որ պետք է գիծ քաշվի, նոր տեմպ առաջադրվի, որովհետև այնքան շատ անելիքներ կան, արտաքին ու ներքին մարտահրավերներ կան, որ ինձ թվում է՝ պարզ է միտքը։

- Երբ առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանին կալանավորեցին, այն ժամանակ էլ նման հայտարարություն եղավ, բայց դուք այդ ժամանակ ձեռնպահ մնացիք հայտարարություն անելուց։

- Եթե իրենք ուզում են դատական պրոցեսը շարունակեն, ավարտին հասցնեն, թող անեն, բայց մենք էթիկետը պետք է պահենք, նախագահի ինստիտուտը պետք է հարգենք, որ հաջորդն էլ չգա ու իր նախորդին բռնադատի, խիստ պատասխանատվության ենթարկի։ Թող պրոցեսները գնան, եթե դատարանն ապացուցի, որ իրականում այս կամ այն պետական պաշտոնյան պետք է պատասխանատվություն կրի, թող կրի։ Այսօր մենք մեր նավը այդքան թափով տարուբերելու իրավունք չունենք։

- Նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց Արցախի նախագահին կարգի հրավիրել Արցախում քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին։ Չե՞ք կարծում, որ սա ևս կարող է ճիշտ չընկալվել ՀՀ իշխանությունների կողմից և հնարավոր է սեպ խրի երկու հայկական պետությունների միջև։

- Դա բացարձակապես այլ պրոցես էր։ Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարությունն էր, որ սկսեց արցախյան արժեքները ստորադասել։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարեց, որ թող ոչ ոք չշահարկի խոսքի այս վրիպումը, որովհետև ենթատեքստով Սասուն Միքայելյանն ուրիշ բան էր ուզում ասել, որ առանց հեղափոխության մենք չէինք կարող Արցախի խնդիրը իր ավարտին հասցնել։ Ես այդպես եմ հասկացել։ Բայց մարդիկ ուրիշ ձև էին հասկացել, այլ կերպ էին արձագանքել։ Ես այն ժամանակ նույնիսկ ասել էի, որ եթե որոշ մարդկանց համար դիսկոմֆորտ է, դա իրենց խնդիրն է, բայց հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե հարկ լինի, պատրաստ եմ հազար անգամ ներողություն խնդրել այդ վրիպակի համար, և պետք չի դա շահարկման առարկա դարձնել։ Ես այն ժամանակ էլ ասացի, որ երբ Նիկոլ Փաշինյանը դա հայտարարեց, քննարկումներն ընդհանրապես պետք է դադարեին։ Այնպես որ, այդ խնդիրը ոչ մի աղերս չունի քաղաքական ուժերի ստորագրահավաքի հետ։

- Վերջերս նաև ակցիա եղավ Ստեփանակերտում ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի։ Դուք մասնակցե՞լ եք այդ ակցիային։

- Ոչ ես չեմ մասնակցել, որևէ քաղաքական ուժ չի մասնակցել։ Ուղղակի մենք իրավունք չունենք որպես քաղաքական կուսակցություններ մեր դիրքորոշումը չհայտնենք, ամեն ինչ չանենք, որ մեր երկրում կայունություն լինի։ Սա միտված է միայն դրան, որ մեր նոր իշխանությունները կարողանան առանց ներքաղաքական ճգնաժամերի արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայել։ Մեր ամբողջ քաղաքականությունը դա է եղել։

- Ամեն դեպքում դուք չե՞ք կարծում, որ ՀՀ նոր իշխանությունները կարող են ճիշտ չհասկանալ ձեզ։

- Ինձ թվում է, որ մեզ շատ լավ հասկանում են այսօրվա իշխանությունները և մենք էլ իրենց ենք շատ լավ հասկանում։ Մենք ոչ թե պետք է իրար չհասկանանք, այլ իրար հասկանալով, իրար օգնելով գնանք առաջ։

- Ձեր կարծիքով՝ այս հայտարարությունը արձագանք գտնելո՞ւ է՝ հաշվի առնելով նաև Հայաստանում տիրող հասարակական տրամադրությունը, և հասարակությունն ինչ ցասումով արձագանքեց, երբ Ռոբերտ Քոչարյանին առաջին կալանավորումից հետո ազատ արձակեցին։ Չե՞ք կարծում, որ այսպիսի հայտարարություններով կարող է Հայաստանի հասարակության մոտ այլ տրամադրություններ ի հայտ գան։

- Այսօր Հայաստանում կարող են 10 մարդ ճանապարհ փակել, ինչպես օրինակ Էջմիածնում, հետո հետևից 500 մեքենա գա կանգնի, ասեն՝ 500 մեքենա կանգնած է։ Բայց փակողները 5 մեքենայով են եղել, կազմակերպիչն էլ հայտնի է։ Էջմիածինցի հեղինակություն է, որ նախկինում խնդիրներ է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ, կամ ինչ-որ մեկը Քոչարյանի հետ խնդիր ունի։ Նույն բաներն են։ Այսօր մեր առողջ պրոգրեսիվ ուժերը մտածում են ամեն ինչ անեն, որ ներքաղաքական կայունություն լինի, որ բոլորս կարողանանք նայել առաջ, մեր բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար։

- Դուք կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելը քաղաքակա՞ն նպատակահարմարության հարց է, թե՞ իրավական գործընթաց։

- Ես այդպիսի բան չեմ մտածում։ Ես գնահատականներ չեմ ուզում տալ։ Ես միայն ասում եմ, որ եթե Ռոբերտ Քոչարյանը լինի կալանքից դուրս, դատական որևէ գործընթացի չի խոչընդոտելու։ «Մարտի 1»-ի պրոցեսին խառնված են մեր նորանկախ հանրապետության բոլոր դերակատարները՝ առաջինից մինչև 4-րդը։ Ես չգիտեմ, թե որքանով է դա բանական, որքանով է առողջ։ Մեզ պետք է համերաշխություն ու  կայունություն, սա է իմ միտքը։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0