Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Եթե օրենսդրական հստակ փոփոխություններ չլինեն, շատ դժվար է լինելու առողջացնել քաղաքական դաշտը, 2019-ի գերխնդիրը դա է. Մանվել Սարգսյան

Եթե օրենսդրական հստակ փոփոխություններ չլինեն, շատ դժվար է լինելու առողջացնել քաղաքական դաշտը, 2019-ի գերխնդիրը դա է. Մանվել Սարգսյան

By
Եթե օրենսդրական հստակ փոփոխություններ չլինեն, շատ դժվար է լինելու առողջացնել քաղաքական դաշտը, 2019-ի գերխնդիրը դա է. Մանվել Սարգսյան

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը 2018 թ.-ին քաղաքական իրադարձությունների պակաս չի զգացել, սակայն դաշտի առողջացման միտում կա, թե ոչ հարցին պատասխանելու համար անցած ճանապարհը վերլուծելու անհրաժեշտություն է տեսնում։

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ տասնամյակներ շարունակ երկրում ազատ ընտրությունների մեխանիզմ չի գործել, իսկ եթե չկան ազատ ընտրություններ, նշանակում է՝ չկա առողջ քաղաքական դաշտ։ Նա փաստեց՝ նախկինում  զուտ կուսակցություններն ընտրությունների ժամանակ ստեղծում էին կոալիցիաներ՝ փայլուն հասկանալով, որ ընտրությունները կեղծված են, հետագայում համապատասխան հետընտրական վիճակներ էին ստեղծում, դիմում էին Սահմանադրական դատարան և այլն, այսինքն՝ շարունակ փակ ցիկլ էր, և որևէ այլ քաղաքական գործունեություն երկրում չէր կատարվում:

«Պետական կառավարման համակարգը 96 թվականից մինչև այս տարի տարբեր խմբավորումներ յուրացված են պահում, ի վերջո, երկրում ստեղծվել էր ակումբ, որը կոչվում էր ՀՀԿ, և կուսակցության անվան տակ մեծահարուստները պետական կառավարման համակարգը վերցրել էին իրենց ձեռքը։ Մնացած կուսակցությունները, գիտենք՝ 70-ից ավել կային, հիմնականում մարդ կուսակցություններ էին, որոնք արևի տակ իրենց տեղն էին գտնում։ Բնական է, եթե գոյություն չունեն ազատ ընտրություններ, չեն կարող գոյություն ունենալ կուսակցություններ։ Հիմա վերացել է այդ  ակումբը, իսկ պետական կառավարման համակարգն անցել մի ուժի, որը 2 անգամ ընտրություններ է կազմակերպել, փորձ արել այն թափանցիկ դարձնել»,- ասաց նա։

Մանվել Սարգսյանը նկատեց, որ ընտրությունների արդյունքում քաղաքական դաշտի հնաբնակները վերացան, մնաց միայն ԲՀԿ-ն, որն էլ, ըստ նրա, իներցիայի ուժով հեղափոխությանը միանալով կարողացավ ձայն հավաքել։ Նա արձանագրեց, որ այսօր արդեն նոր կուսակցություններ են ստեղծվել, ավելին՝ որոշները մասնակցել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ըստ Սարգսյանի՝ այսօր փորձ է արվում կուսակցական գործունեությունը բերել քաղաքակիրթ մակարդակի։

«Սա սկիզբն է, այն հանգամանքը, որ մարդիկ հասկանում են, որ պետք է իսկական կուսակցություններ ստեղծվեն, շատերն էլ խոսում են կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունից, արդեն իսկ դրական է։ Մարդիկ հասկանում են, որ կուսակցությունների մասին օրենքը զուտ ֆորմալ բնույթ ունի, բացարձակ առնչություն չունի կուսակցությունների գործունեության կայունացման հետ, արգելում է կուսակցություններ ստեղծել։ Շատերն են կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն տեսնում, որպեսզի կլանները կուսակցություններ չստեղծեն, մարդ-կուսակցություններ չլինեն, որոնք միայն իրավունք կստանան ընտրությունների մասնակցել և վերջ։ Եթե օրենսդրական փոփոխություններ չլինեն, ապա շատ դժվար է առողջացնել քաղաքական դաշտը»,- ընդգծեց Սարգսյանը։

Քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ՝ պետք է օրենքով բաժանարար գիծ դրվի քաղաքականության ու բիզնեսի մեջ, որպեսզի վերացվի նախկին ավանդույթը, այսինքն՝ այն, որ մեծահարուստները մտնում էին քաղաքականություն և «զավթում» պետական պաշտոններն ու մանդատները։ «Կարծում եմ՝ քաղաքական ու տնտեսական դաշտերի օրենսդրական կարգավորումն է 2019 թ.-ի գերխնդիրը։ Պետք է վերջ դրվի նրան, որ մեծահարուստները հիմնականում անօրինական կուտակած հարստությունը ավելի մեծացնեն պաշտոնով կամ մանդատով։ Այդ մարդիկ պետք է մոտիվացիա չունենան քաղաքականություն մտնելու, պետք է հստակ օրենսդրական դաշտ լինի, որը քաղաքականությունը կզատի տնտեսությունից։ Այս բոլոր օրենսդրական փոփոխություններից հետ մշակվի ամենակարևոր օրենքը՝ Ընտրական օրենսգիրքը, որը կարտացոլի իրականությունը։ Եթե մեր հասարակությունը կարողանա սա անել, ապա կարող ենք խոսել, որ կարող է փոփոխություն  ու դաշտի առողջացում լինել»,- շարունակեց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է այսօրվա ընդդիմությանը և հարցին՝ կարո՞ղ են արտախորհրդարանական ուժերն ազդել խորհրդարանի գործունեության վրա, Մանվել Սարգսյանն ասաց, թե նախ պետք է հասկանալ, թե ով է ընդդիմությունը։ Օրինակ՝ իրեն ընդդիմադիր հռչակած «Հանրապետական» կուսակցությանը Սարգսյանն ընդդիմություն չի համարում։

«Պետք է պարզ հասկանանք՝ «Հանրապետական» կուսակցությունը չկա, այդ կուսակցությունը մեծահարուստների ակումբ էր, որոնք թողել, գնացել են, նույնիսկ գյուղապետերը, մնացել է բրենդը։ Կուսակցությունից մի խումբ մարդիկ, որոնք ժամանակին կոչվում էին քաղաքական թև, օգտագործելով բրենդը փորձում են ասել, որ իրենք կարող են լինել ընդդիմություն, մասնակցեցին ընտրություններին՝ հույս ունենալով, որ իներցիայով կարող են անցնել խորհրդարան, բայց իրականության մեջ ժողովուրդն իրենց մերժել է։ Չգիտեմ՝ այդ մի 10 հոգին բրենդ իրենց ձեռքում պահելու են, թե ոչ»,- հավելեց Սարգսյանը։

Վերջինիս գնահատմամբ՝ պետք  է դիտարկել նոր կուսակցություններին, սակայն այստեղ էլ հարց է, թե նոր ուժերն ինչ որակ կունենան, քանի որ հենց որակից է բխում հարցի պատասխանը՝ կկարողանան փողոցից ազդել խորհրդարանի վրա, թե ոչ։ Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ պետք է դեռևս տեսնել, թե ինչ որակ կստանա իշխանությունը, քանի որ, ըստ նրա, իշխանությանն էլ դեռևս ինչ-որ ամորֆ վիճակում է։

«Մարդիկ են եկել, շատերը չգիտեմ, թե ինչպես են եկել ու մանդատ ստացել։ Այսինքն՝ մի կողմից պետք է տեսնել, թե ինչ որակի է այս նոր ուժը, մյուս կողմից տեսնել, թե արտախորհրդարանական ուժերն ինչ ուժ կլինեն։ Լինելու է որակների պայքար, իսկ թե ինչ կլինի, կապված է հանրային ու գաղափարական պոտենցիալից։ Սա արդեն հանրային պրոցեսում է, քանի որ հանրային մի շերտ տիրացել է պետական կառավարման լծակներին, հիմա պետք է տեսնել, թե դրանից կարող է կուսակցություն ստեղծվել»,- եզրափակեց Մանվել Սարգսյանը։

Անի Օհանյան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0