Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ի՞նչ իրադարձություններ և փոփոխություններ են նախատեսված ՀՀ քաղաքական դաշտում 2019 թ.-ին

Ի՞նչ իրադարձություններ և փոփոխություններ են նախատեսված ՀՀ քաղաքական դաշտում 2019 թ.-ին

By
Ի՞նչ իրադարձություններ և փոփոխություններ են նախատեսված ՀՀ քաղաքական դաշտում 2019 թ.-ին

2018 թ.-ի շրջադարձային փոփոխություններից հետո 2019 թ.-ի հենց առաջին օրերից ՀՀ քաղաքական դաշտում տեղի են ունենալու մի շարք իրադարձություններ: Արդեն հայտնի է նորընտիր 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստի օրը՝ հունվարի 14-ին` ժամը 10.00-ին:

Նոր խորհրդարանը կազմված կլինի երեք ուժերից՝ «Իմ քայլը» դաշինք (88 մանդատ), ԲՀԿ (26 մանդատ) և «Լուսավոր Հայաստան» (18 մանդատ): Խորհրդարանի առաջին նիստում ձևավորվելու են նաև խմբակցություններ՝ իրենց ղեկավարներով ու քարտուղարներով: Պատգամավորների գրանցումից հետո խորհրդարանը նախ ԱԺ նախագահ է ընտրում, ապա ԱԺ նախագահի տեղակալներին։

Արդեն հայտնի է, որ իշխող ուժը՝ «Իմ քայլը» դաշինքը, խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը, ԱԺ նախագահի տեղակալների պաշտոնում՝ Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի թեկնածությունները։ Ընդդիմությունից «Լուսավոր Հայաստանը» ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրելու է Մանե Թանդիլյանի թեկնածությունը, իսկ «Բարգավաճ Հայաստանը» դեռ չի հայտնել իր թեկնածուի անունը։ Այնուհետև խորհրդարանը մշտական հանձնաժողովներ է ստեղծում, ընտրում դրանց նախագահներին:

7-րդ գումարման Ազգային ժողովի ձևավորումից հետո խորհրդարանը վարչապետ չի ընտրելու: Սահմանադրության 149-րդ հոդվածը նախատեսում է, որ խորհրդարանի ձևավորումից անմիջապես հետո մեծամասնության առաջարկած թեկնածուին ՀՀ նախագահը նշանակում է վարչապետի պաշտոնում: Սահմանադրության 150-րդ հոդվածն էլ սահմանում է, որ կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում ՀՀ նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Իսկ արդեն կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:

Գործադիր և օրենսդիր մարմինների ձևավորումից բացի նախատեսվում է փոփոխություններ կատարել նաև կառավարության կառուցվածքում: Հրապարակել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը: Նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն միավորվում են Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Մշակույթի, Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումից էլ ստեղծվելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Գյուղատնտեսության նախարարությունը միավորվում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Այն կոչվելու է Տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն: Ռազմարդյունաբերական կոմիտեն միավորվում է Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը և կոչվելու է Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերական նախարարություն: Սփյուռքի նախարարության գործունեությունը դադարեցվում է, իսկ կանոնադրությունն ուժը կորցրած է ճանաչվում:

Նոր խորհրդարանի առաջին քայլերից մեկը լինելու է նոր Հարկային օրենսգրքի ընդունումը, որի դրույթների մեծ մասը ուժի մեջ կմտնի 2019 թ.-ի հուլիսի 1-ից: Առաջարկվում է անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ սահմանելով 23 տոկոս, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվա­կա­նը աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս: Միաժամանակ վերականգնվելու է կուտակային կենսաթոշա­կային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավա­սա­րու­թյան սկզբունքը: Ներկայումս քաղաքացին կուտակային կենսաթոշակի հատկացումների համար վճարում է 2.5 %, իսկ պետությունը՝ 7.5 %: Նախատեսվում է այն դարձնել 5-ական %:

Հարկային օրենսգրքի նախագծով նաև նախատեսվում է միկրո­ձեռ­նարկություններին, որոնց շրջանառության տարե­կան մեծությունը չի գերազանցում 20 մլն դրամը, ամբողջությամբ ազատել հարկերից: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները նաև որպես վարձու աշխատող կարող են ներգրավել ֆիզիկական անձանց առանց սահմանա­փա­կում­ների, որոնց աշխատավարձից եկամտային հարկը հաշվարկվելու է հաստատագրված 5000 դրամի չափով՝ ներկայիս 23 կամ 28 տոկոսների փոխարեն: Միկրո­ձեռ­նար­կություններին վերաբերող հարկային փոփոխությունները նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2020 թվականի հունվարի 1-ից:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրություններից առաջ չընդունվեց, իսկ նոր խորհրդարանը հայտնի չէ՝ երբ կընդունի փոփոխությունները: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ընտրություններում հաղթելուց հետո հայտարարել էր, որ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու համար դեռ 5 տարի ժամանակ ունեն:

2019 թ.-ին նաև 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցն է: ԱԺ-ի վրա կատարված հարձակման հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչ ու ԱԺ պատգամավորներ:

2019-ի թ.-ի ընթացքում կնշվի խորհրդարանի 100-ամյակը: 1919 թ.-ի օգոստոսի 1-ին Երևանում բացվեց Հայաստանի պառլամենտը: Ինչպես նաև այս տարի պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի մահվան 100 տարին է:

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0