Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը հետաձգվել է, քանի որ ՌԴ-ն ունի իր նախընտրելի թեկնածուն, և նա Հայաստանից չէ. Էդուարդ Աբրահամյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը հետաձգվել է, քանի որ ՌԴ-ն ունի իր նախընտրելի թեկնածուն, և նա Հայաստանից չէ. Էդուարդ Աբրահամյան

By
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը հետաձգվել է, քանի որ ՌԴ-ն ունի իր նախընտրելի թեկնածուն, և նա Հայաստանից չէ. Էդուարդ Աբրահամյան

Ակնհայտ է, որ եթե դեկտեմբերի 6-ին պարզվեր, որ Հայաստանի թեկնածուն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում չի հաստատվելու, ազդելու էր Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա: Ես ավելի հակված եմ կարծելու, որ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի արդյունքում է որոշվել հարցի քննարկումը հետաձգել մինչև ամսվա վերջ:

Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասում է Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, վաշինգթոնյան «Ջեյմսթաուն» հիմնադրամի և Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանը:

-Պարո՛ն Աբրահամյան,  սպասվում էր, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի ժամանակ կորոշվեր կառույցի գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, սակայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի արդյունքում որոշում է կայացվել, որ այն տեղի չի ունենալու: Ձեր կարծիքով՝ ի՞նչ իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացում, հրապարակային հայտարարություններից այն կողմ՝ կուլիսներում ի՞նչ է տեղի ունենում:

- Ակնհայտ է, որ եթե դեկտեմբերի 6-ին պարզվեր, որ Հայաստանի թեկնածուն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում չի հաստատվելու, ազդելու էր Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա: Ես ավելի հակված եմ կարծելու, որ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի արդյունքում է որոշվել հարցի քննարկումը հետաձգել մինչև ամսվա վերջ հայկական կողմի խնդրանքով, որպեսզի այն մեծ ազդեցություն չունենա նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա Հայաստանում, իսկ դրա դիմաց, Հայաստանը վետո չի կիրառի Բելառուսի թեկնածուի հաստատման ժամանակ։

Գոնե ինձ համար թերևս սեպտեմբերից ակնհայտ էր, որ Հայաստանի նոր թեկնածուն չի հաստատվելու: Դրա համար կան և՛ օբյեկտիվ, և՛ շատ սուբյեկտիվ պատճառներ: Պետք չէ մոռանալ նաև Ռուսաստանի դիրքորոշման մասին․ Ռուսաստանը լռում է, և ժամանակավոր պաշտոնակատարը Ռուսաստանի ներկայացուցիչն է: Ես ենթադրում եմ, որ ռուսական կողմը, հաշվի առնելով իր բարդ հարաբերությունները Բելառուսի հետ, ավելի միտված է ունենալ ՀԱՊԿ-ում բելառուսական կոնկրետ ներկայացուցիչ՝ Ստանիսլավ Զաասին, ներկայիս Անվտանգության Խորհրդի քարտուղարին:

Ռուսաստանը նրան ցանկանում է տեսնել այդ պաշտոնին նշանակված, ոչ թե նրա համար, որ նա այս պահի դրությամբ «անփոխարինելի» է դաշինքի մենեջմենթի համար, ոչ թե նրա համար, որ հաջորդը ռոտացիոն կարգով Բելառուսի հերթն է իր ներկայացուցչին ընտրելու: Ռուսաստանն ունի իր առանձին հաշվարկներն ու հաշիվները գլխավոր քարտուղարի պաշտոնի և կոնկրետ իմ նշված անձի շուրջ։ Պետք չէ մոռանալ, որ Ստանիսլավ Զաասը Կրեմլին մոտ գտնվող ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների և փորձագետների կողմից հաճախ ներկայացվել է որպես մի անձնավորություն, որը խոչընդոտում է Բելառուսում ռուսական ծրագրերի իրականացմանը՝ հրթիռային ռազմաբազայի տեղակայմանը, համատեղ ՀՕՊ համակարգի, համատեղ միացյալ զորախմբերի ստեղծմանը, ռուսական ավիացիոն խմբավորման՝ Բելառուսում տեղակայմանը և այլն:

Բացի այդ, Զաասը պրոֆեսիոնալ է և անձամբ Լուկաշենկոյի համար կարևոր անձնավորություն է, որի խոսքն ընդունվում և ընկալվում է վերջինիս կողմից երկրի ռազմավարական լուրջ հարցերի հոլովույթում: Պետք չէ մոռանալ նաև այն հանգամանքը, որ Զաասի ջանքերի շնորհիվ է նաև, որ Բելառուս-Չինաստան հարաբերությունները հասել են աննախադեպ ռազմավարական գործընկերության աստիճանի, ինչը ռուսական կողմի համար լրացուցիչ գլխացավանքի տեղիք է տվել։

Հետևաբար, Մոսկվան, նրան ձգելով ՀԱՊԿ, դարձնելով կառույցի գլխավոր քարտուղար, փաստորեն կկարողանա ֆունկցիոնալ գործունեության համատեքստում կտրել Բելառուսից՝ լրջորեն հեռացնելով Բելառուսի ռազմավարական ծրագրավորման միջավայրից, քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մենեջերային պաշտոն է, և այն, ըստ էության, արգելում է կոնկրետ երկրի թեկնածուի այդ երկրի շահերին առաջնահերթություն տալու հնարավորությունը։ ՀԱՊԿ քարտուղարը հավասարապես բոլոր անդամ երկրներինն է։

Դժվար թե Լուկաշենկոն ցանկանա զրկվել երկրի համար այս բարդ շրջանում իր համար այս հուսալի պաշտոնյայից։ Ուստի, պատահական չէ, որ Ադրբեջանի դեսպանի հետ զրույցում Բելառուսի նախագահը շեշտել է, որ իրենք գլխավոր քարտուղարի պաշտոնի համար ունեն 3 թեկնածու: Այսինքն՝ Բելառուսը միանշանակ ցանկանում է, որ իր ներկայացուցիչը ստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնը, բայց որ այն անձի միջոցով, որին ցանկանում է Մոսկվան։

-Ձեր նշածը ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի սուբյեկտիվ պատճառներն էին, իսկ ո՞րն է օբյեկտիվ պատճառը:

- Այդ մասին Ղազախստանի նախագահն է ճիշտ նկատառում արել: Կարծում եմ՝ Հայաստանի ներկայացուցչին ընտրելը, որը կսկսի ստանձնել, ծանոթանալ իր պարտականությունների հետ, ըստ էության 2019-ից՝ մոտ մեկ տարի է պաշտոնավարելու։ Հետևաբար` այդ հանգամանքից ելնելով՝ դժվար թե արդյունավետություն կապահովվի առանց այն էլ չկայացած և փխրուն կառույցի համար:

-Մինչ հիմա խոսվում էր այն մասին, որ Հայաստանը կօգտագործի իր վետոյի իրավունքը և կարգելափակի Բելառուսի ներկայացուցչի ընտրվելը: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը դիմել է Ռուսաստանին, որ մինչև Հայաստանում արտահերթ  խորհրդարանական ընտրությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը չքննարկվի, որպեսզի իր վարկանիշի վրա այն բացասական ազդեցություն չունենա, հետո արդեն զիջի իր դիրքերը և համաձայնության գա Բելառուսի ներկայացուցչի ընտրության շուրջ:

- Ես դա հավանական եմ համարում, քանի որ ռացիոնալիզմի տեսանկյունից եթե նայենք, ապա կհասկանանք, որ իմաստ չունի, որ Հայաստանն այս հարցի վրա մեծ դիվանագիտական, քաղաքական ռեսուրսներ վատնի: Դա ոչինչ չի տալու Հայաստանին՝ ո՛չ վարկանիշի բարձրացում, ո՛չ քաղաքական առավելություն, ո՛չ էլ կառույցի մեջ ինչ-որ շոշափելի դիվիդենտներ: Ւնչպես ես արդեն շեշտեցի, քարտուղարի պաշտոնը մենեջերական է, և այն կապ չունի երկրի շահերի առաջմղման հնարավորություններ ստեղծելու հետ: Դա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի փաստացի պրոտոտիպն է։

-Դուք ասում եք, որ ՀԱՊԿ գլխավոր պաշտոնն այնքան էլ կարևոր չէ:  Բայց մյուս կողմից քիչ չեն քննարկումներն այն մասին, որ Հայաստանը պետք է պնդի, որ իր ներկայացուցիչն ընտրվի, դա մեր սուվերենությունն է ցույց տալու: Այդ պաշտոնի  հնարավոր կորուստը հատկապես ցավագին է տանում «Հանրապետական» կուսակցությունը: Այդ մտահոգությունները, ձեր կարծիքով, հիմնավորվա՞ծ են, թե՞ այնուամենայնիվ այստեղ մանիպուլյացիա կա:

- Պետք է հաշվի առնել, որ «Հանրապետական» կուսակցությունն այդ հարցն օգտագործում է նախևառաջ ներքաղաքական պարադիգմայի մեջ որպես քաղաքական օպոնենտի լուրջ դիրքային բացթողում արտաքին քաղաքականության մեջ, այլ կերպ ասած՝ նախընտրական քարոզչության էլեմենտ նաև: Ըստ իս՝ Խաչատուրովի հետ կապված եղել է սխալ հաշվարկ հենց ամենասկզբից, երբ նրան առանց համապատասխան հետկանչի գործընթացի մեղադրանք էին առաջադրել և սահմանափակել նրա տեղաշարժի հնարավորությունը։ Եվ ակնհայտ է, որ այս քայլը դուր չէր կարող գալ պուտինյան ռազմաքաղաքական վերնախավին, որը ՀԱՊԿ-ը դիտարկում է Ռուսաստանի տարածաշրջանային հեգեմոն դիրքը համաշխարհային քաղաքականության մեջ լեգիտիմացնելու կարևոր գործիք։

Ռուսաստանը փորձում է ՀԱՊԿ-ը հավասարեցնել ՆԱՏՕ-ին,  փորձում է այնպիսի մի հնարավորություն ստեղծել, որ գոնե ԵԱՀԿ-ի շրջանակներում ՀԱՊԿ-ը դիտարկվի որպես լեգիտիմ ռազմաքաղաքական դաշինք՝ սուվերեն երկրներից բաղկացած։ Մի կառույց, որի պատասխանատվության և շահերի աշխարհագրական գոտին ճանաչված է նախ և առաջ ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿի կողմից:

Այս նպատակների տեսանկյունից, եթե դիտարկենք, ապա Հայաստանի կողմից գլխավոր քարտուղարի, ըստ էության ՀԱՊԿ առաջին դեմքի նկատմամբ գործողությունները ակամայից ակնհայտ է դարձնում ՀԱՊԿ-ի՝ որպես պայմանագրային դաշինքի արհեստական լինելը։ Ռուսներն էլ են հասկանում, որ ՀԱՊԿ-ը չունի աշխարհում այն վարկանիշը, այն էֆեկտիվ մեխանիզմեր ու երկրներին ներսից կապող արժեհամակարգը, որն ունի, օրինակ, ՆԱՏՕ-ն: Հետևաբար, բոլոր այսպիսի ճգնաժամերն ավելի են ընդգծվում այդ կազմակերպության չկայացված լինելն ու ներքին խորը պառակտվածությունը:

-Քննարկվում է նաև, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, առավել շատ կենտրոնանա, օրինակ, Ռուսաստանի հետ երկկողմանի հարաբերությունները զարգացնելու վրա:

-Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը Հայաստանին տալիս է որոշակի առավելություններ, բայց զրկում է մի շարք արտաքին քաղաքական հնարավորություններից: Պետք է հասկանալ, թե այդ անդամակցությունն ինչ է մեզ տալիս, պետք է նժարի վրա դնել այն, ինչ մենք ստանում ենք ՀԱՊԿ-ին անդամակցելիս, և այն, ինչ կորցնում ենք:

ՀԱՊԿ-ից դուրս են եկել մի շարք երկրներ, որոնք եկել են այն գիտակցությանը, որ կառույցի մեջ անդամակցելն ավելի շատ զրկում է, քան տալիս: Ադրբեջանն է դուրս եկել 1997-ին՝ չերկարացնելով պայմանագիրը, Ուզբեկստանն է երկու անգամ դուրս եկել, մեկ անգամ՝ նույն 1997-ին, հետո 2012-ին: Որևէ գլոբալ անվտանգային խնդիր այդ հանգամանքն այդ երկրների համար չի առաջացրել: Նույն Ադրբեջանը, նույն Ուզբեկստանը պահպանել են և շատ ավելի են խորացրել իրենց երկկողմանի հարաբերությունները Ռուսաստանի հետ կառույցից դուրս գալուց հետո: Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանը շատ ավելի կշահի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից և փորձի իր քաղաքականությանը նոր երանգ տալ, փորձի իրեն դիրքավորել որպես ոչ բլոկային երկիր, բալանսավորել ռազմաքաղաքական հարաբերությունները  և ստանալ հնարավորություն այլ երկրների հետ երկկողմանի հարաբերություններում ունենալ ավելի ընդգրկուն, ռազմավարական մակարդակ, կաշկանդված չլինելով այն սահմանափակումներով, որոնք առկա են ՀԱՊԿ-ի մեջ լինելու պարագայում: Ի վերջո, նույն ռազմատեխնիկական առավելությունները կարող են արտացոլվել Հայաստան-Ռուսաստան երկկողմանի դաշինքի շրջանակներում։

Բացի այդ, ներկայիս հակամարտող աշխարհակարգը ուշ թե շուտ հակամարտային սահմանագծեր է գծելու Եվրասիայում և այսպես թե այնպես ներգրավելու է միմյանց դեմ հանդես եկող բլոկերին հակամարտության մեջ: Օրինակ՝ 2016 թվականին Երևանում կնքված ՀԱՊԿ ռազմավարությունն իր մեջ պարունակում է ՆԱՏՕ-ի գործողությունների և քաղաքականության դեմ հստակ ազդանշաններ և դիրքորոշում։ Վերջին ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ փաստորեն եղավ ԱՄՆ-ի դեմ ուղղված կոլեկտիվ քննադատություն Թրամփի հրթիռային համաձայնագրից դուրս գալու մտադրության վերաբերյալ և աջակցություն Ռուսաստանի գործողություններին Սիրիայում։ Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ավելի լայն հնարավորություններ կստանա այս բարդացող տուրբորլենտ աշխարհակարգի պայմաններում մանևրելու և զերծ մնալու ոչ ցանկալի ներքաշվածությունից, զարգացումներից և հարվածներից:

Հայաստանը, ենթադրում եմ, պետք է կարողանա վարել ռազմավարական կշռադատվածության քաղաքականություն՝ ելնելով իր ազգային շահերից: Շատ անգամ մատնանշվում է, որ եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք, չենք ստանա արտոնյալ պայմաններով զենք-զինամթերք: Ուզբեկստանը, օրինակ, ՀԱՊԿ անդամ չէ, բայց գնում է Ռուսաստանից զինտեխնիկա ներքին գներով, ինչպես հիմա անում է Հայաստանը:

Դա կարգավորվում է երկկողմանի համապատասխան համաձայնագրերի հիման վրա, և պարտադիր չէ դրա համար լինել ՀԱՊԿ անդամ: Գոյություն ունեն իրավական փաստաթղթեր, որոնք կարելի է փոխարինել մեկը մյուսով, ինչպես արեց Ադրբեջանը․ 1997 թվականին չթարմացրեց ՀԱՊԿ-ի հետ իր համաձայնագիրը (այն ժամանակ դեռ Հավաքական անվտանգության պայմանագիր էր), դադարեց կառույցի անդամ լինելուց և դրա փոխարեն Ռուսաստանի հետ կնքեց պաշտպանական, անվտանգային խորը և համապարփակ ռազմավարական պայմանագիրը, որը գրեթե ամբողջությամբ փոխարինեց ՀԱՊԿ-ին՝ տալով արտաքին քաղաքականության մեջ մանևրելու հսկայական դաշտ։ Ուստի, Հայաստանը նույնպես իր համակարգված համատեղ պաշտպանության ճարտարապետությունը Ռուսաստանի հետ կարող է նույն արդյունավետությամբ իրականացնել երկկողմանի մակարդակում։ Օրինակի համար՝ Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն այն ԱՄՆ-ի հետ ունի այնպիսի դաշնակցային պայմանագրային բազա, որը նույնիսկ ավելի լայն առավելություններ է տալիս Իսրայելին որպես ԱՄՆ ոչ բլոկային դաշնակից, քան թե ՆԱՏՕ-ի անդամ երկրներին։ Հետևաբար` ես մեծ հետևանք անվտանգության ոլորտում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մեջ չեմ տեսնում:

-Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից, ինչը հիմնականում համարվել է ՀՀ-ի սուվերենության բարձրացում, ազգային շահերի սպասարկում: Ձեր կարծիքով՝ հիմա Հայաստանը ՀԱՊԿ-ում ինչպե՞ս է ընկալվում:

-Որպեսզի այդ հարցին պատասխանենք, մենք պետք է հասկանանք, թե ՀԱՊԿ-ի միջավայրն ինչպիսին է: Հաշվի առնելով այն, որ ՀԱՊԿ անդամ երկրների պետական, ազգային շահերը չեն համընկնում, և նրանց ուղղված սպառնալիքները նույնը չեն, կառույցի միջավայրը մրցակցային է դառնում, այն  գործընկերային չէ: Այն ֆորմալ պայմանագրով գործընկերային է, և համարվում է, որ Հայաստանի նկատմամբ բացահայտ հարձակման դեպքում, նույն Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը պատերազմի մեջ կգտնվեն այն երկրի հետ, որը հարձակվել է Հայաստանի վրա։

Պրակտիկայում, այս կազմակերպությունով և այսպիսի «դաշնակիցներով» դա անիրատեսական է։ Գործընկերային միջավայրում կան ընդհանուր արժեքներ և դաշնակիցներին մերձեցնող ընդհանուր արժեհամակարգ և աշխարհայացք, ընդհանուր ռազմավարական տեսլական և ընդհանուր անվտանգային շահեր, ընդհանուր ստանդարտիզացված անվտանգության սպառնալիքների և ռիսկերի գնահատման համակարգ: ՀԱՊԿ-ում այս թվարկած գործոններից ոչ մեկը գոյություն չունի։ Ընդհակառակ՝ ՀԱՊԿ-ը մրցակցության միջավայր է, որտեղ Հայաստանի շահերը ուղղահայաց կերպով հակադրվում են նույն Բելառուսի կամ Ղազախստանի, իսկ առանձին դեպքերում նույնիսկ Ռուսաստանի հետ։

Հայաստանը Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում կառույցում հաճախ դիտարկվում էր որպես մի երկիր, որը չունի ոչ միայն ռեգիոնալ անվտանգության տեսլական, այլ նաև, որպես կանոն, հետևող և առաջնորդելու ամբիցիաներ չունեցող երկիր։ Փաստացի երկրորդ կարգի դաշնակից երկիր, այսինքն՝ մի երկիր, որի հակառակորդը համարվում էր կառույցի անդամ մյուս երկրների համար կարևոր ռազմավարական առաջնահերթային գործընկեր: Եվ ստացվել է այնպես, որ Ադրբեջանը, որը ոչ-բլոկային չեզոք երկիր է, ունի ավելի մեծ ազդեցություն ՀԱՊԿ-ում, քան անդամ Հայաստանը։

Փաշինյանի՝ իշխանության գալուն պես՝ Հայաստանի շահերի վերահաստատման փորձը ՀԱՊԿ-ում, իհարկե, ողջունելի է, և հետաքրքիր է, բայց դա դաշնակիցների կողմից դիտարկվում է որպես դեմարշ, որպես գործողություն, որն ուղղված է ընդհանրապես դաշինքի գոյության դեմ: Նույնիսկ եթե այդպես էլ չէ, այդպիսին նրանք կներկայացնեն: Նույնիսկ եթե Հայաստանի՝ շահերի պաշտպանությանն ուղղված դիրքավորումը չի վնասում ՀԱՊԿ-ին՝ որպես կազմակերպություն, որն արդեն իսկ շատ փխրուն է, այնուամենայնիվ պետք է դաշնակիցների կողմից մատնացույց արվի որպես Հայաստանի կողմից փորձ՝  խարխլել դաշինքի հիմքերը:

-Թվում է, թե Հայաստանի հետ ՀԱՊԿ անդամ երկրների հարաբերությունները լարված են, բայց տեսախցիկների առաջ նրանք ՀՀ ներկայացուցիչների հետ ջերմ գրկախառնվում են:  Դուք, այնուամենայնիվ, լարվածություն նկատու՞մ եք:

-Դա դիվանագիտություն է: Պետք է գրկախառնվել, համատեղ մասնակցել ճաշկերույթներին, լուսանկարվել, բայց գիտենք, որ կան շահեր, որոնք իրար հակադրված են: Հակադրված են Հայաստանի, Բելառուսի, ինչո՞ւ չէ նաև Ռուսաստանի շահերը: Վերջինս ուզում է, որ ՀԱՊԿ անդամ երկրներն ակտիվորեն ներգրավվեն Արևմուտքի զսպման քաղաքականության մեջ, ինչին, օրինակ, հակադրվում է Բելառուսը:

-Պետք է  հիշատակել, որ Աստանայում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարարությունը, խոսելով արդեն Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովի մասին, ասում էին, որ դրա ընթացքում առավել կարևոր է լինելու ՀԱՊԿ կանոնադրական խնդիրները լուծելը, կառույցի գլխավոր քարտուղարի՝ հետկանչման պարագայում  նորի նշանակման տարբերակները քննարկելը: Բայց այդ հարցն էլ դուրս մղվեց օրակարգից:  Կարո՞ղ ենք ասել, որ մինչև հիմա մեզ մատուցվողը հավաստի չէր,  չկողմնորոշված իրավիճակ է ստեղծվել:

- Ես կարծում եմ, որ հակառակը, բավականին կողմնորոշված իրավիճակ է․ Ռուսաստանն իր կողմնորոշումն արտահայտել է ոչ հանրային, և այն ի վնաս հայկական կողմի պնդումների է: Հետևաբար` կոնսենսուսային տարբերակն է առաջ մղվել, ըստ որի, այս ժամանակահատվածում գլխավոր քարտուղարի պաշտոնում կլինի ժամանակավոր պաշտոնակատարը, հետո ռուսները կփորձեն այնպես անել, որ կարողանան Զաասին «պոկել» Բելառուսից և իզոլացնել Զաասին Բելառուսում կարևոր դերակատարում ունենալուց:

-Այս իրավիճակում Հայաստանի շահը ո՞րը կարող է լինել: Ինչպե՞ս պետք է Հայաստանն իրեն դիրքավորի, որ հնարավորինս իրավիճակից շահած դուրս գա:

-Ենթադրում եմ, որ քաղաքական էլիտայում պետք է լինի առողջ դիսկուրս այն մասին, թե ինչ է Հայաստանը ստանում ՀԱՊԿ-ից, և ինչ է այն կորցնում՝ անդամակցելով կառույցին: Պետք է այդ երկու տարբերությունները առարկայական ասած նժարի վրա դրվեն, զուրկ որևէ էմոցիոնալ կամ անձնական քաղաքական կամ քաղաքակրթական նախապատվության գործոնի կամ համոզմունքի ազդեցությունից։ Երբ մենք հասկանանք դա, քաղաքական էլիտան ճիշտ դիսկուրս ապահովի, կկարողանանք մեզ  ավելի արդյունավետ դրսևորել ՀԱՊԿ-ի շրջանակներում, կկարողանանք արդյունավետ օգտագործել անգամ ՀԱՊԿ-ից դուրս գալու քաղաքական խաղաքարտը՝ որպես ճնշում գործադրելու գործիք:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0