Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Վատ օրեր. «սեւ խոռոչներ» հայ-ռուսական հարաբերություններում

Վատ օրեր. «սեւ խոռոչներ» հայ-ռուսական հարաբերություններում

By
Վատ օրեր. «սեւ խոռոչներ» հայ-ռուսական հարաբերություններում

Երեկ Գյումրիում դաժանորեն 57-ամյա կին է սպանվել, եւ դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով բերման է ենթարկվել ռուսական 102-րդ բազայի զինծառայողը: Հայկական իրավապահ մարմինները չեն մեկնաբանում տեղեկությունը, իսկ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արդեն երկու հաղորդագրություն է տարածել: Առաջինում դեսպանատունը չի հերքում, որ բազայի զինծառայողը ժամանակին չի վերադարձել ծառայության վայր, իսկ երկրորդում հանդիմանում է հայկական լրատվամիջոցներին ոչ հավաստի տեղեկություններ տարածելու եւ «թշնամանք» հրահրելու մեջ:

Այդուհանդերձ, Հայաստանի քննչական մարմինները հայտարարությամբ հանդես չեն եկել, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը: Դրանից կասկածները շատանում են, առավել եւս, որ հայ հանրությունը կասկածների շատ առիթներ ունի:

2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը սպանեց Ավետիսյանների ընտանիքին, այդ թվում՝ 6 ամսական երեխային: Դատը չգիտես ինչու բազայի տարածքում էր ընթանում, հայ դատավորն արդարադատություն էր իրականացնում ոչ այն տեղում, եւ Պերմյակովին վճռի հրապարակումից հետո փոխանցեցին ռուսական կողմին:

Ոչ ոք չհասկացավ՝ Պերմյակովը մենակ էր, թե խումբ էր գործել, որն էր մոտիվացիան, ինչու են սպանել այդ մարդկանց: Այդ սարսափելի դեպքից հետո Հայաստանի նախկինկառավարությունը ռուսական բազային նոր հողատարածքներ տվեց, իսկ ռուսական փորձագիտական շրջանակներում «առաջարկ» հնչեց, որ Գյումրին կարող է դառնալ «քաղաք ռուսական բազայի շուրջ»:

Այնպիսի տպավորություն էր, որ քննարկվում է բազայի հետագա ճակատագիրը՝ չնայած որ 2008 թվականին դրա տեղակայման ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2044 թվականը: Բազայն այն աստիճան չի մերվում տարածաշրջանի ռազմական-ռազմավարական իրադրությանը, որ Մոսկվայում եւ Երեւանում բազայի գոյության նոր, պահուստային ձեւաչափեր են որոնում:

Ավելի ուշ 102-րդ բազան դարձավ Հայ-ռուսական զորախմբի մասը: 2017 թվականին Սերժ Սարգսյանն առաջարկեց Գյումրիի ռուսական բազայի հիմքի վրա հայ-ռուսական ռազմարդյունաբերական համալիր ստեղծել: Մոսկվան չարձագանքեց այդ առաջարկին:

Հայաստանում հեղափոխությունից ու նոր կառավարության ձեւավորումից հետո տեղի ունեցավ Փանիկի միջադեպը, որտեղ ռուսական բազայի զինծառայողները իբր վարժանքների շրջանակում սկսեցին կրակել: Միջադեպը սկանդալի վերաճեց, բազայի հրամանատարությունը ներողություն խնդրեց, բայց նստվածքը մնաց. ոչ ոք չգիտի՝ հաջորդ անգամ որտեղ «կպայթի»:

Եվ ահա սպանվել է հավաքարար կինը: Վարկածներ չկան դեռ, միայն շշուկներ են, որոնք տանում են 102-րդ բազա: Այս պատմությունը կդառնա՞ հայ-ռուսական հարաբերություններում հերթական «սեւ խոռոչը», թե՞ Մոսկվան կհրաժարվի արատավոր պրակտիկայից եւ կդադարի ծածկել հանցագործներին: Հայաստանում միշտ կասկածները մնում են: Կարծիք կա, որ ինչպես Պերմյակովի, այնպես էլ այս դեպքում քաղաքական համատեքստ կա. Հայաստանին փորձում են ցույց տալ բազայի պայմանագրի վերանայման հնարավոր հետեւանքները:

Այդպես է, թե ոչ, դժվար է ասել: Ճակատագրի ողբերգական բերումով, հենց այս օրերին տեղի ունեցավ Սու-25 ռազմական ինքնաթիռի վթարը, որն օդ էր բարձրացել Գյումրիից:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0