Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Եթե հեղափոխություն իրականացրած ժողովուրդը տեր չկանգնի իր նվաճումներին, ապա շատ արագ այդ ամենը կմսխվի

Եթե հեղափոխություն իրականացրած ժողովուրդը տեր չկանգնի իր նվաճումներին, ապա շատ արագ այդ ամենը կմսխվի

By
Եթե հեղափոխություն իրականացրած ժողովուրդը տեր չկանգնի իր նվաճումներին, ապա շատ արագ այդ ամենը կմսխվի

Հարցազրույց ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի հետ

- Պրն Հարությունյան, մինչև ընտրությունները մնացել է 5 օր, ինչպիսին են Ձեր տպավորությունները և ինչպիսի հնարավոր ելք եք կանխատեսում, կամ սպասում:

- Այս արտահերթ ընտրությունների կապակցությամբ տարածված և գերիշխող կարծիքն այն է, որ առաջին տեղի հարցը լուծված է վաղօրոք և միարժեքորեն, որևիցե կասկած չի կարող լինել, թե որ ուժն է զբաղեցնելու այդ հորիզոնականը, իսկ պայքար որպես այդպիսին կարող է ընթանալ միայն հաջորդ տեղերի համար: Բայց անձամբ ինձ մոտ այնպիսի զգոցողություն է, որ եթե ընտրապայքարը երկարեր ևս մի երկու-երեք շաբաթով, ապա արդեն առաջին տեղի հավակնորդը նույնպես այնքան էլ միարժեք չէր դիտվի և ընդունվի:

- Ինչով է հիմնավորված Ձեր նման մոտեցումը:

- Նրանով, որ այն ուժը, որի համար անհերքելի է համարվում առաջին տեղը, և անձամբ նաև նրա առաջնորդը, ամեն գնով և ամեն առիթով ոգեկոչում և բառացիորեն «էն աշխարհից» հետ են բերում և վերակենդանացնում են նախորդ իշխանական ուժին, նրա տարբեր ներկայացուցիչներին: Մեկ-մեկ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե այսօր էլ Հայաստանում իշխում է ոչ թե ներկայիս քաղաքական խմբավորումը, այլ երեկվանը, և ներկայիս իշխողները չեն կարող ձերբազատվել երեկվա իշխողների հանդեպ ինչ-ինչ բարդույթներից: Չնայած նրան, որ հենց երեկվա իշխողները իրենց նախկին կուշտ ու ինքնագոհ պատկերները այսօր փոխարինել են ասես սգո ծառայությունների սրահում պատրաստած պաստառներով`վրաներն իրենց խիստ մտահոգ ու անողոք պատկերներով: Հիշեք, թե քանի անգամ նույն Փաշինյանը կուլ տվեց այսօրվա այդ «մտահոգների» նետած խայծը և իր վարած քարոզարշավը քանիցս թողեց այն տպավորությունը, որ այն ընթանում է հենց այն հունով, որը որ ցանկալի է «երեկվաններին»:

- Տարբեր ուժերի և անձանց կողմից կարծիքներ են հնչում, որ Փաշինյանը իր հետևից խորհրդարան է քարշ տալիս նախորդ իշխանության ներկայացուցիչներին, քանզի նրանք չափազանց հարմար կլինեն այնտեղ որպես ընդդիմություն:

- Միանգամայն տրամաբանական կարծիք է, և ես համամիտ եմ դրա հետ: Պետք չէ մոռանալ, որ իշխանություն կոչվածը` սիրելի է նա, թե ատելի, վստահելի է, թե ոչ, հարազատ է, թե օտարամոլ, ինչպիսին էլ լինի, տառապում է նույն հիվանդությամբ. Իշխանության գալուց հետո նա ցանկանում է կառավարել հանգիստ և առանց ինչ-ինչ ցնցումների: Իսկ դա կարել է ապահովել հենց հարմար ընդդիմության ներկայությունով: Իսկ նման դերի համար երեկվա իշխանական ներկայացուցիչներն ամենահարմարն են:

Նախ նրանով, որ նրանք այսօր որպես ընդդիմությւն ի վիճակի չեն հանդես գալ, ինչպես ասում են, ըստ սահմանման: Ինչ են նրանք առաջարկելու: Բացի նախորդ կարգերին վերադառնալուց նրանք կարո՞ղ են այլ բան մտածել և առաջարկել: Եթե կարող են, թող հենց այսօր էլ առաջարկեն: Մյուսը, նրանք բոլորն էլ տարիներ շարունակ ընտելացել են չաշխատելով լավ ապրելուն և խորհրդարանում հայտնվելու դեպքում ամեն քայլի գնալու են, որպեսզի այդ ամենի գոնե մի մասը կարողանան պահել, որովհետև բացի նման ապրելակերպից, նրանք որևիցե բանի ընդունակ չեն: Իսկ դա արդեն ընդդիմություն ասածի հետ ոչմի աղերս չունի: Ուստիև պետք է թույլ չտալ նման «փոխշահավետ» համաձայնությունը:

- Ինչ եղանակով, ինչ մեխանիզմներով:

- Շատ պարզ: Մի կարծեք, որ այս ասվածը խիստ յուրահատուկ, ինչ-որ արտառոց ու ծանր խնդիր է և ունի զուտ հայկական ծագում ու երանգ: Ամենևին, նման խնդիր ծագում է ցանկացած պետության մեջ և տարբեր ազգերի մոտ: Բայց ծագած խնդիրը ստանում է ճիշտ տվյալ պետության և տվյալ ազգի շահերին համապատասխանող ընթացք ու բնույթ, եթե ժողովուրդը, ընտրողը հանգուցալուծումը չի թողնում զուտ իշխանության հայեցողությանը, այլ նրան լուծում է տալիս իր անմիջական մասնակցությամբ և իր անմիջական հսկողության ներքո: Դա է հենց այն ամենն է, ինչը կոչվում է «իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն է ձևավորում իշխանությունը»: Խնդրեմ, բոլոր հնարավորություններն ըստ էության տրված են: Ընտրակաշառքը, լցոնումները, տանել-բերելը, իրական և կեղծ կույրերի փոխարեն քվեարկելը, պետքական թվեր նկարելը, – ներկայիս իշխանությունն այս ամենը եթե իսպառ չի բացառել, ապա գրեթե զրոյացրել է: Ընտրողին մնում է ամենահեշտն ու ամենակարևորը` պատասխանատու կերպով մոտենալ ընտրություններին, ընտրել իր ուզած իշխանությունը, նաև` իր ուզած, այլ ոչ թե իշխանության ուզած ընդդիմությունը, պատկերավոր ասած, ներս անել նրանց խորհրդարան և, պահելով մշտական վերահսկողության տակ, ստիպել աշխատել:

- Այս ընտրությանը տեղի կունենա՞ նման բան:

- Կան գործառույթներ, որ պատկանում են և հասու են ժողովրդին և միայն նրան: Եվ դրանք իրականացնելը միայն ու միայն իր պարտականությունն է; Այդ թվում, և առաջին հերթին, իր նվաճումներին տեր կանգնելը: Եկեք հիշենք: Արցախյան պատերազմի ընթացքում ժողովուրդը հաղթեց պատերազմում: Բայց դրանից հետո ժողովուրդը թույլ տվեց, որ իրեն մի կողմ մղեն, նա համակերպվեց դրա հետ, հարմարվեց դրան, ինչի պատճառով հաղթանակի արդյունքները սկսեցին անխնա մսխել ու չարաշահել, մեղմ ասած, անարժանիները, իսկ շատ դեպքերում` ուղղակի դավաճանները: Այդ պաշարն այնքան մսխվեց, որ մեզ արյունոտ այցի եկավ 2016-ի ապրիլը: Եվ կրկին մեր լավագույն երիտասարդների արյան գնով մենք կանգնեցրինք թշնամուն, բայց այս անգամ ընդամենը կանգնեցրինք, կորցնելով նաև հող: Եթե չլիներ մեր նախորդ հաղթանակների նման նվիրաբերումը տարբեր սրիկաներին, հավատացեք, չէր լինի և 2016-ի ապրիլը` դիրքերը սեփական մարմնով պահող հայ զինվորներով ու սպաներով, չէր լինի նաև 800 հեկտար «անպետք» հողերի կորուստը:

Նման իրավիճակ է այժմ: Եթե հեղափոխություն իրականացրած ժողովուրդը տեր չկանգնի իր նվաճումներին, ապա շատ արագ այդ ամենը կմսխվի, կզրոյանա, և նորից կգանք այն վիճակին, որն ունեինք մինչև 2018-ի գարունը:

Այսինքն, այսօր ավելի կարևոր է ճիշտ ընտրություն կատարել ընդդիմության դաշտում, քան իշխանություն ընտրելը: Այսօր, պատկերավոր ասած, իշխանությունն ընտրված է արդեն, ու ընտրված է ինքնըստինքյան:

- Եվ վերջին մի հարց. Ինչպիսին է Ձեր վերաբերմունքն ու գնահատականը Երևանում հիմնված Լազարևյան ակումբի նկատմամբ:

- Թեման չափազանց ընդգրկուն է և առանձին խոսակցության նյութ է սակայն այս պահին կասեմ հետևյալը և կասեմ ռուսերեն, որ ակումբի մոսկովյան հիմնադիրներին հայկական կողմի թարգմանիչները չսկսեն ձանձրացնել. Враговъ имѣетъ въ мірѣ всякъ: Но отъ друзей спаси насъ, Боже! ( А. С. Пушкин, «Евгений Онегин»)

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0