Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Կրոնական կազմակերպությունների մասին օրինագիծը կրոնական դաշտում Հայ առաքելական եկեղեցու մոնոպոլացման ապահովման համար է. Ա. Սաքունց

Կրոնական կազմակերպությունների մասին օրինագիծը կրոնական դաշտում Հայ առաքելական եկեղեցու մոնոպոլացման ապահովման համար է. Ա. Սաքունց

By
Կրոնական կազմակերպությունների մասին օրինագիծը կրոնական դաշտում Հայ առաքելական եկեղեցու մոնոպոլացման ապահովման համար է. Ա. Սաքունց

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը  կրոնական դաշտում Հայ առաքելական եկեղեցու մոնոպոլացման ապահովման օրինագիծ է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

«Կարող ենք ասել, որ այս օրենքի նախագիծը սահմանափակող օրինագիծ է բոլոր կրոնական կազմակերպությունների նկատմամբ, ի դեպ, բավականին կոշտ գործիքներով: Այս պարագայում Հայ առաքելական եկեղեցին բացարձակապես անվերահսկելի գործունեության դաշտ է ունենում»,- նկատեց նա:

Արթուր Սաքունցը նշում է, որ ԵԱՀԿ Ժողովրդավարության և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից դեռևս 2017 թ.-ին հոկտեմբերի 16-ին տրված փորձագիտական եզրակացության մեջ հստակ սահմանված են այն ուղենիշերը, մոտեցումներն ու հիմնավորումները, որոնք հաշվի առնելով ՀՀ-ում կգործի Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին պատշաճ օրենք՝ հիմնված միջազգային պարտավորությունների վրա:

«Պետք չէ նոր հեծանիվ հորինել, ԺՀՄԻԳ-ն իր տված եզրակացությունում հստակ սահմանել է ամեն ինչ: Պետք է ուղղակի վերցնել օրենքի նախագիծը և կետ առ կետ ԺՀՄԻԳ-ի կողմից առաջարկությունները ներառել օրենքում»,- ասաց Արթուր Սաքունցը:

Նրա տեղեկացմամբ՝ ԺՀՄԻԳ-ն իր եզրակացության մեջ հստակ սահմանում է, որ այս օրենքը պետք է տարածվի նաև Հայ առաքելական եկեղեցու վրա: Հակառակ պարագայում, ըստ նրա՝ օրենքն ազդում է կրոնական կազմակերպությունների, բայց ոչ առաքելական եկեղեցու վրա:

Արթուր Սաքունցի կարծիքով՝ հրապարակված նախագծում մտցված են անհամաչափ սահմանափակումներ, որոնք իրենց բովանդակությամբ հանդիսանում են խտրական մոտեցում:

«Մասնավորապես, արգելվում է ֆինանսական հոսքերն արտասահմանից, պահանջվում է անդամների հաշվառում, որը պետք է հասու լինի լիազոր մարմնին: Սա անհամաչափ միջամտություն է: Հաջորդ կարևոր հարցն այն է, որ կրոնական կազմակերպությունների գործունեությունը կարող է կասեցվել պետական անվտանգության հիմնավորմամբ: Միջազգային կոնվենցիաներով խղճի, կրոնի, համոզմունքների ազատության սահմանափակումների շարքում պետական անվտանգությունը սահմանված չէ: Այսինքն, սա էլ է անհամաչափ»,- նշեց նա:

Իրավապաշտպանը կարևոր է համարում այն, որ օրենքի նախագծում ամրագրված լինի կրոնական կազմակերպությունների իրավական պաշտպանության մեխանիզմը:

«Ես ուզում եմ մի հռետորական հարց բարձրացնել՝ ինչ պայմանների դեպքում կարող է Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը դադարեցվել: Եթե օրենքով նախատեսում եք կրոնական կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողություն, ապա նման պահանջների չառաջադրելը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իր էությամբ հանդիսանում է խիստ խտրական մոտեցում»,- նկատեց նա:

Արթուր Սաքունցն առաջարկում է ԱԺ պատգամավորների և օրենքի նախագիծը մշակողների համար քննարկում կամ դասընթաց կազմակերպել՝ ԺՄԻԳ-ի եզրակացության կետերը մեկ առ մեկ ընթերցելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ է հանդես եկել: Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայիս օրենքը պարունակում է մի շարք թերություններ, հակասություններ և չի համապատասխանում ներկա իրավիճակին, երբ ՀՀ-ում իրականացվել է սահմանադրական փոփոխություններ, ՀՀ-ն միացել է միջազգային համաձայնագրերի և ստանձնել է որոշակի պարտավորություններ:

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ օրերս խորհրդարանական ամբիոնից օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարել էր, որ օրենքում պետք է ամրագրել և կտրականապես արգելել տոտալիտար աղանդների ու դեստրուկտիվ սեկտաների գործունեությունը:

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0