Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Սերժ Սարգսյանը փորձում է խուսափել վատթարագույն տարբերակից

Սերժ Սարգսյանը փորձում է խուսափել վատթարագույն տարբերակից

By
Սերժ Սարգսյանը փորձում է խուսափել վատթարագույն տարբերակից

Հայաստանի իշխանությունը փորձում է մինչեւ 2018 թվականի ապրիլ լուծել գլխավոր խնդիրը՝ առանց էքսցեսների ապահովել «անվտանգ» անցումը խորհրդարանական կառավարման համակարգի: Այդ կապակցությամբ կարելի է նկատել, որ անցյալ տարվա վերջին ու այս տարվա սկզբին թանկացումներն ընկալվել են որպես անվտանգության սպառնալիք:

Թանկացումները կարող են ընդվզման պատճառ դառնալ, ասում են վերլուծաբանները՝ միաժամանակ նշելով, որ ներկայում Հայաստանի հանրությունը չափից դուրս անտարբեր է: Հունվարի 19-ին երթ է կայանալու թանկացումների դեմ, որը նախաձեռնել է Ելք դաշինքը: Չնայած թե իշխանական, թե ընդդիմադիր վերլուծաբաններն ասում են, որ հայերը «ոտքերով են բողոքում» եւ գերադասում են արտագաղթել, սակայն ակնհայտ է, որ սա միայն արդարացում է ու տեղեկատվական հնարք, եւ իշխանությունները շատ լուրջ են վերաբերվում ընդվզման հնարավորությանը, առավել եւս, որ գիտեն՝ ով կարող է լինել այդ ամենի հետեւում:

Հնարավոր է, դրա հետ է կապված մեկը մյուսի հետեւից խորհրդակցությունները, որոնք հրավիրում է Սերժ Սարգսյանը՝ կոչ անելով պարզել թանկացումների պատճառները եւ հարկերը հավաքելիս «չնեղացնել» գործարարներին:

Ակնհայտ է, որ թանկացումները տեղի են ունեցել ոչ առանց Սերժ Սարգսյանի իմացության: Չի բացառվում, սակայն, որ գոնե մինչեւ ապրիլ թանկացումները զսպելու կամ մեղմելու պայմանավորվածություն է եղել, եւ ինչ-որ մեկը խախտել է այն: Հակառակ դեպքում անտրամաբանական է, որ Սերժ Սարգսյանն «իշխանափոխությունից» մի քանի ամիս առաջ այդքան ոչ պոպուլյար քայլի կգնար:

Նախագահականում թանկացումները «սաբոտա՞ժ» են ընկալում, թե՞ «ոտք գցել»: Սերժ Սարգսյանը կփորձի՞ գտնել նրան, ում մեղքով տեղի են ունեցել թանկացումները, որոնք ճանապարհ են բացել «էքսցեսների» համար:

Սերժ Սարգսյանը չի խոսում իր ծրագրերի մասին՝ արդյոք մտադիր է մնալ պետության ղեկավար վարչապետի պաշտոնում, թե իր դրածոյին է նշանակելու վարչապետ, իսկ ինքը «ստվեր» է անցնելու: Կամ մեկ այլ տարբերակ. նա ստիպված է լինելու էքսցեսներով թողնել նախագահի պաշտոնը՝ արտաքին ուժերից ու սեփական համակարգից անվտանգության երաշխիքներ չստանալով:

Սերժ Սարգսյանը փորձում է խուսափել էքսցեսներից, «հանգստացնել» համակարգը եւ գտնել թանկացումների մեղավորներին: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը փորձելու է արտաքին երաշխիքներ ապահովել իր համար: Այդ երաշխիքներն անհրաժեշտ կլինեն ոչ միայն իշխանությունում մնալու, այլ նաեւ հեռանալու դեպքում:

Հնարավոր է, դրանով է պայմանավորված նրա այցը Ֆրանսիա: Հունվարի 22-26-ին Ստրասբուրգում կայանալու է ԵԽԽՎ ԽԱ ձմեռային նստաշրջանը, որտեղ ելույթ է ունենալու Սերժ Սարգսյանը: Մինչ այդ նա լինելու է Փարիզում, եւ, ինչպես գրում է մամուլը, հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Ֆրանսիան Հայաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունի:

Պետք է ասել, որ հունվարի 23-26-ին Դավոսում կայանալու է Միջազգային տնտեսական ֆորումը, որին մասնակցելու է Դոնալդ Թրամփը եւ բացակայելու է Վլադիմիր Պուտինը: Դավոս է մեկնելու Իլհամ Ալիեւը, ինչպես նաեւ, ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ վարչապետ Կարեն Կարապետյանը: Սերժ Սարգսյանը մտադի՞ր է այցելել Շվեյցարիա եւ փորձել հանդիպել Թրամփին: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Դավոսում եղել է միայն 2009 թվականին, որտեղ հանդիպել է Էրդողանին:

ԱՄՆ-ն ներկայում շատ բարեհաճ վերաբերմունք ունի Հայաստանի հանդեպ հատկապես անվտանգության հարցում: ԱՄՆ-ն ու այլ երկրներ, սակայն, պատրա՞ստ են անվտանգության երաշխիքներ տալ Սերժ Սարգսյանին: Խոսքը, իհարկե, Սարգսյանի կյանքին սպառնալիքի մասին չէ, այլ այն, որ իշխանությունից հեռանալը կարող է ուղեկցվել, օրինակ, քրեական կամ այլ հետապնդումներով կամ էլ «կատակլիզմներով», որից ով ասես կարող է օգտվել:

Անխոս, Արեւմուտքից բացի Սերժ Սարգսյանը կցանականար նաեւ Ռուսաստանից երաշխիքներ ստանալ: Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարել է, որ Սերժ Սարգսյանին տեսնում է վարչապետի պաշտոնում: Նա ընդգծել է, որ հայ քաղաքական գործիչները «ցույց են տվել, որ ունակ են կարծիքներ լսել ու որոշումներ կայացնել, որոնք թույլ են տալիս շարունակել ճանապարհն առանց կատակլիզմների»:

Սերժ Սարգսյանին թույլ կտա՞ն մնալ կամ հեռանալ «առանց կատակլիզմների»: Հայաստանի նախագահները «աղմուկով» հեռանալու սովորություն ունեն: Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց եւ 10 տարի հրապարակային գործունեություն չծավալեց, իսկ Ռոբերտ Քոչարյանի հեռանալն ուղեկցվեց մարտի 1-ով, եւ նա նույնպես չկար հանրային քաղաքականությունում: Ոչ ոք այդպես էլ չկարողացավ 3 հայ նախագահներին միասին լուսանկարել:

Նաիրա Հայրումյան, Մեկնաբան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0