Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Մեր ազգային արժանապատվության հաշվին հայ-թուրքական սահմանը բացել պետք չէ. Բագրատ Էստուկյան

Մեր ազգային արժանապատվության հաշվին հայ-թուրքական սահմանը բացել պետք չէ. Բագրատ Էստուկյան

By
Մեր ազգային արժանապատվության հաշվին հայ-թուրքական սահմանը բացել պետք չէ. Բագրատ Էստուկյան

Հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելը տասը տարվա խնդիր է. Tert.am-ի հետ զրույցում ամփոփելով 2017 թվականին հայ-թուրքական հարաբերություններում նկատված զարգացումները՝ մասնավորապես հայ-թուրքական արձանագրություններն «առոչինչ» համարելու հայկական կողմի հավաստիացումները՝ ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր  Բագրատ Էստուկյանը:

Նա հիշատակեց տասը տարի առաջ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը, երբ այն ժամանակվա ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ճնշում գործադրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի վրա. նրա խոսքով՝ լուսանկարում էր դա երևում:

«Հիշում եմ Նալբանդյանի դեմքը. մինչ բոլորը ուրախ ժպտում էին, Նալբանդյանը կարծես ցավակցության ծիսակատարության էր մասնակցում: Արդեն պարզ էր, որ այդ արձանագրությունները մեզ համար սխալ էին հենց այդ ժամանակից»,- ասաց նա:

Բագրատ Էստուկյանի խոսքով՝ ի սկզբանե ձեռք բերված պայմանավորվածությունը, որ առանց նախապայմանների պետք է լինեն արձանագրությունները, խախտվեց:

«Թուրքիան նախապայմաններ միշտ էլ առաջ է բերել, սակայն Քլինթոնի ճնշման ներքո մասնակցում էր ստորագրության արարողությանը, բայց դրա ստորագրումից անմիջապես հետո դրժեց իր խոստումը և պայմաններ առաջարկեց: Մինչդեռ արդեն վաղուց այդ նախապայմանները պետք է օրակարգից դուրս եկած լինեին»,- նկատեց Բագրատ Էստուկյանը:

Դիտարկմանը, թե արդյո՞ք միայն Ադրբեջանին չնեղացնելու համար Թուրքիան չի ցանկանում  հայ-թուրքական արձանագրություններն առանց նախապայմանների վավերացնել, պոլսահայ խմբագիրը պատասխանեց, որ Թուրքիան ունի իր պետական ռազմավարությունը, որից էլ պարզ է, որ այդ երկիրը չի հանդուրժում Հայաստան պետության գոյությունը:

«Դա տեսնելով՝ մենք չպետք է ստիպված լինենք բարեկամանալ Թուրքիայի հետ: Իհարկե, մենք ցանկանում ենք բարեկամանալ մեզ հարևան երկրի հետ, բայց քանի որ Թուրքիան դրան պատրաստ չէ, մենք չպետք է դա ցանկանանք: Հայաստանն ավելի կոշտ պետք է լինի: Ընդ որում, եղած կապը մեզ լրիվ բավարար է՝ շաբաթական երեք անգամ թռիչքներ կան Երևան-Ստամբուլ»,-ասաց նա:

Պատասխանելով նկատառմանը, որ Թուրքիայի հետ փակ սահմանի արդյունքում շրջափակման մեջ ենք հայտնվում, Բագրատ Էստուկյանը նշեց՝ Թուրքիան ևս հիմա շրջափակման մեջ է:

«Թուրքիան հիմա կռվի մեջ է աշխարհի բոլոր երկրների հետ, բոլոր երկրների հետ խնդիր ունի՝ ԱՄՆ-ի, Եվրամիության, իր հարևան երկրների, Միջին Արևելքի հետ խնդիրներ ունի: Հետևաբար` Թուրքիան ավելի վատ կացության մեջ է հայտնվել ներկայումս: Անշուշտ, եթե Հայաստանի հետ սահմանները բաց լինեն, Հայաստանը տնտեսապես ավելի լավ վիճակում կհայտնվի, բայց  դրա հաշվին մենք չենք կարող մեր ազգային արժանապատվությունը զոհել: Սա ազգային արժանապատվության խնդիր է, քանի որ Թուրքիան կոշտ կեցվածք ունի Հայաստանի նկատմամբ, Հայաստանն էլ նույն կեցվածքը պետք է ընդունի Թուրքիայի նկատմամբ»,- նշեց նա:

Հայաստանի և Թուրքիայի  միջև եղած և փակուղի  մտած հարաբերությունները, ըստ Բագրատ Էստուկյանը, իրենց ազդեցությունն ունենում են Թուրքիայի հայ համայնքի վրա:

«Թուրքիայի հայերը շատ ավելի ուրախ կլինեին, որ հայ-թուրքական հարաբերությունները զարգանային, բայց եթե պետք է դա լինի մեր ազգային արժանապատվության հաշվին, մեզ պետք չէ»,- նշեց նա:

2018-ին, ըստ Բագրատ Էստուկյանի, հայ-թուրքական հարաբերություններում լուրջ փոփոխություններ սպասել պետք չէ: Սակայն նրա խոսքով, Թուրքիան հավասարակշռության խնդիր ունեցող, անսպասելի բախումներով և հաշիվներով երկիր է, ըստ այդմ, դժվար է նաև կանխատեսելը, թե ինչ կլինի:

«Թուրքիան իր քաղաքական ռազմավարությունները շատ հաճախ մեծ շեղումներով փոխում է, բայց հակահայ քաղաքականությունն արմատացած է, և այն քաղաքական գործիչները, որոնք արմատացրել են, դեռ երկար ժամանակ իրենց պաշտոնին են մնալու: Հետևաբար` նրանցից լավ բան սպասելը միամտություն կլինի: Քանի որ Թուրքիայի ամենամեծ մեղքը վերջին հարյուր տարիներին Հայոց ցեղասպանությունն էր, և այս տարիներին չէին առերեսվել ճշմարտության հետ, ստիպված էին հայատյացությունն անընդհատ սերմանել: Հիմա դժվար կլինի դրանից հետ կանգնել»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0