Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Եթե ցանկանանք, կարող ենք 2 տարվա ընթացքում ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագիրը ավարտին հասցնել. Թևան Պողոսյան

Եթե ցանկանանք, կարող ենք 2 տարվա ընթացքում ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագիրը ավարտին հասցնել. Թևան Պողոսյան

By
Եթե ցանկանանք, կարող ենք 2 տարվա ընթացքում ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագիրը ավարտին հասցնել. Թևան Պողոսյան

Եթե ցանկանանք, կարող ենք 2 տարվա ընթացքում ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագիրը ավարտին հասցնել: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը: Ըստ նրա՝ Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման համար անհրաժեշտ է երկու քաղաքական որոշում ԵՄ-ի կողմից և մեկ տեխնիկական որոշում ՀՀ-ից: Միայն տեխնիկական գործընթացի համար անհրաժեշտ է առնվազն 4 տարի, բայց Հայաստանը դրանց մի մասն արդեն իրականացրել է. «Հայաստանը պետք է իրականացնի տեխնիկական միջոցառումները և դրա համար պետք չէ սպասել առանձին ԵՄ-ի հետ բանակցություններին, այլ կարելի է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի փորձը վերցնել և հասկանալ, թե ինչ դաշտերում պետք է այդ բարեփոխումներն արվեն»,- նշեց Թևան Պողոսյանը:

-Դեռևս ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի ստորագրումից առաջ Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիության կառավարությանն ու Արտաքին գործերի նախարարությանը երկխոսություն սկսել Հայաստանի հետ՝ վիզաների ազատականացման շուրջ։ Փորձագիտական շրջանակներում նշվում է, որ վիզաների ազատականացման գործընթացում շատ բան կախված է լինելու Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումից: Ինչպե՞ս է Հայաստանը կատարում այդ պարտավորությունները, դրանք ի՞նչ փուլում են:

- Առաջինը մի բան պետք է հասկանանք, որ վիզաների ազատականացման ծրագիրը և Հայաստանի ու Եվրամիության միջև համաձայնագիրը երկու առանձին փաստաթուղթ են, և կարելի է ասել` այնքան էլ մեկը մյուսի հետ կապված չէ: Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի (CEPA) ընդամենը ստորագրումը ձևավորում է դրական միջավայրը, որտեղ վիզաների ազատականացման գործընթացը սկսելու քաղաքական որոշման ընդունումն ավելի հեշտ տեղի կունենա:

-Իսկ ի՞նչ պարտավորությունների մասին է խոսքը:

-Պարտավորությունները դեռևս Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթնաժողովից են գալիս, ոչ թե Եվրախորհրդարանի վերջին առաջարկից: Նույն Ռիգայում ստորագրվել էր մի փաստաթուղթ, որտեղ Եվրամիությունը ասում էր՝ շարունակելու է Հայաստանի հետ աշխատանքները վիզաների ազատականացման հարցում, որովհետև Հայաստանն արդեն ներգրավված էր վիզաների դյուրացման գործընթացում: Հիմա գալիս է մի ժամանակահատված, երբ մեր CEPA-ի պայմանագիրը առանձին իր վավերացման գործընթացն է անցնելու բոլոր ԵՄ երկրների խորհրդարաններում, և դրա հետ միասին բոլոր եվրոպական երկրները պետք է իրենց քաղաքական համաձայնությունը տան եվրոպական հանձնաժողովին, որ Հայաստանի հետ սկսեն վիզաների ազատականացման գործընթացը: Քանի որ այն մի գործընթացը այսպես, թե այնպես գնալու է, շատ լավ ժամանակ է, որ Հայաստանը նաև փորձի հետևողական աշխատել տարբեր եվրոպական երկրների հետ և Բրյուսելում եվրոպական բոլոր ինստիտուտների հետ՝ արագացնելու առանձին վիզաների ազատականացման դաշտում քաղաքական որոշման ընդունումը: Որքան ես եմ հասկանում` այժմ գործընթացը հետևյալ փուլում է. կա ձևավորված մոնիտորինգի եզրակացություն դյուրացման ծրագրի համար, որը շատ դրական է արձագանքել և նշել է,որ Հայաստանի դյուրացման ծրագիրը բավականին բարձր մակարդակի է: Սրա հիման վրա Եվրախորհրդարանը մեկ անգամ էլ հիշեցրել է Ռիգայում ստանձնած պարտավորությունները, որը տեղի է ունեցել երկու տարի առաջ, և դիմել է, որ` խնդրում եմ սկսեք վիզաների ազատականացման գործընթացը: Հիմա մենք որքան արագ ստանանք ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնությունը և որքան արագ ձևավորվի բանակցային թիմը, այնքան արագ մենք բանակցությունների ժամանակ կորոշենք այն տեխնիկական գործընթացները, որոնցով մենք պետք է անցնենք: Տեխնիկական փուլում արդեն պետք է նախատեսվի, թե ինչ օրենքներ պետք է ընդունենք, ինչ փոփոխություններ անենք՝ սահմանային անցակետերի, մեր անձնական տվյալների պաշտպանության հետ կապված և այլն: Եվ կա մի առանձին բլոկ, որը մարդու իրավունքներին և անվտանգության դաշտին է վերաբերում: Այս միջոցառումները Հայաստանը պետք է իրականացնի և դրա համար պետք չէ սպասել առանձին մեր բանակցություններին, այլ կարելի է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի փորձը վերցնել և հասկանալ, թե ինչ դաշտերում պետք է այդ բարեփոխումներն արվեն:

-Այսինքն` առանց քաղաքական որոշմա՞ն Հայաստանն արդեն պետք է սկսի բարեփոխումների գործընթացը:

-Այո, կարող ենք նախաձեռնել հենց հիմա: Օրինակ` քաղաքական որոշումը կայացվում ունենում 6 ամիս հետո, իսկ մենք պարզվի, որ այս 6 ամսվա ընթացքում ինչ-որ բարեփոխումներ արել ենք և որ գան գնահատելու, կտեսնեն՝ դրանք արված են, թե ոչ, և այդ ծրագրերը կհանվեն: Սա կնշանակի, որ մենք կարագացնենք ընդհանուր գործընթացը:

-Ձեր կարծիքով՝ ե՞րբ հնարավոր կլինի ամբողջությամբ կյանքի կոչել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագիրը:

-Եթե որևէ քաղաքական խոչընդոտ չլինի, ապա առնվազն 2018 թ. կարելի է հասնել և քաղաքական, և դրա հետ միասին տեխնիկական բանակցությունների արդյունքներին և ներգրավվել արդեն իրականացման գործընթացի մեջ: Միայն տեխնիկական մասը առնվազն 4 տարվա բարեփոխումների փաթեթ է, դրանց մի մասը Հայաստանը այսպես, թե այնպես դյուրացրել է, բացի դրանից նաև օգտագործել է այն, որ երբ գործընթացներ են տեղի ունեցել և հնարավոր է եղել բարեփոխումներ անել, դրանք նույնպես արվել են: Եթե ցանկանանք, ապա երկու տարվա ընթացքում կարող ենք բոլոր մնացած բարեփոխումներն անել, մեր ստանձնած պարտավորությունները կյանքի կոչենք, որից հետո կգա երրորդ փուլը, որը նույնպես քաղաքական որոշման կարիք ունի: Բոլոր տեխնիկական գործընթացներից հետո միևնույն է պետք է լինելու քաղաքական որոշում Եվրամիության կողմից՝ ասելու, որ շատ ուրախ ենք, որ ամեն ինչը կատարված է և սրա համար մենք Ձեզ արժանացնում ենք վիզաների ազատականացման:

-Ըստ Ձեզ՝ վիզաների ազատականացման ծրագրի տապալման վտանգ կա՞:

- Եթե բարեփոխումներդ չանես, ապա այո:

-Այսինքն` Հայաստանի՞ց է մեծամասամբ կախված:

-Եվրոպական կողմի վրա ավելի շատ քաղաքական որոշումների դաշտն է, իսկ տեխնիկական բարեփոխումների խնդիրը մերն է: Դու կարող ես ամեն ինչ փայլուն անել, բայց ԵՄ-ն քաղաքական որոշում չկայացնի:

Հակոբ Ասլանյան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0