Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Էրդողանի կողմից Լոզանի պայմանագրի վերանայումը կարող է բացասական հետևանքներ ունենալ Թուրքիայի հայերի համար. Գևորգ Պետրոսյան

Էրդողանի կողմից Լոզանի պայմանագրի վերանայումը կարող է բացասական հետևանքներ ունենալ Թուրքիայի հայերի համար. Գևորգ Պետրոսյան

By
Էրդողանի կողմից Լոզանի պայմանագրի վերանայումը կարող է բացասական հետևանքներ ունենալ Թուրքիայի հայերի համար. Գևորգ Պետրոսյան

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանի խոսքով՝  Լոզանի պայմանագիրը վաղուց վերանայման կարիք ուներ, սակայն ըստ նրա, հաշվի առնելով, որ այն Թուրքիայի համար կարևոր «անձնագրի» պես փաստաթուղթ է, դա դժվար խնդիր կդառնա:

Նրա հետ Tert.am-ը զրույցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարության  և դրանից բխող հետևանքների վերաբերյալ: Թուրքագետը նկատեց, որ չնայած պայմանագրում Հայաստանի Հանրապետության մասին խոսք չկա, սակայն այստեղ խոսքը քրիստոնյաների՝ նաև հայերի ազատությունների, իրավունքների մասին պատմամշակութային արժեքների պահպանման մասին է:

«Այդ պարտավորվածությունները գրեթե ամբողջությամբ չեն պահպանվել  Թուրքիայի գոյության այս տարիների ընթացքում, ընդ որում, որոշակի ժամանակահատվածներում այն ավելի վատ արտացոլումներ է ունեցել:  Այսինքն՝ Լոզանի պայմանագրում ազգային փոքրամասնություններին վերաբերող  պարտավորվածությունները Թուրքիան չի կատարում»,- նշեց նա:

Գևորգ Պետրոսյանը նկատեց, որ Թուրքիան ոչնչացրել է հայկական մշակութային կոթողներից շատերը, որոշ վերապահումներով զբաղվել է Անիի և Աղթամար եկեղեցիների պահպանմամբ:

Թուրքագետի խոսքով, իհարկե, Թուրքիան չի ընդունի, որ չի կատարել Լոզանի պայմանագրով կրոնական փոքրամասնությունների առջև ստանձնած պատավորվածությունները: Նա դժվարացավ կանխատեսել, թե Թուրքիայի նախագահը ինչն է ցանկանում փոխել 1923 թվականին կնքած պայմանագրում, սակայն նկատեց, որ իրականում ազգային և կրոնական փոքրամասնությունների «հարցն արդեն լուծված է» այդ երկրում՝ հաշվի առնելով այնտեղ մնացած քրիստոնյաների փոքրաթիվ լինելը:

«Էրդողանի ասած «վերանայումը» ես կդիտարկեի որպես «հայտարարությունների» շարք՝ քարոզչական նպատակով՝ հաշվի առնելով իր այցը Հունաստան: Ընդհանրապես պետք է հասկանանք նման հայտարարությունների հեռահար նպատակը որն է:  2019-ին Թուրքիայում սպասվում են նախագահական ընտրություններ, և արդեն նշմարվում է, որ էրդողանի գլխավոր մրցակիցներից մեկը լինելու է Մերալ Աքշեները, ով ազգայնական շրջանակների ներկայացուցիչ է: Սա հաշվի  առնելով՝ Էրդողանը պետք է աշխատի նաև ազգայնական կողմնորոշում ունեցող ընտրազանգվածի հետ, իսկ «հակահույն», «հակահայ» հայտարարությունները, նաև Լոզանի պայմանագրի վերանայումը ենթադրելու է ոչ թե հայերի կամ հույների, այլ թուրքական շահերի վերանայում, և ուղղված է ինչպես ներքին լսարանին, այնպես էլ արտաքին, եթե դա արվում է Հունաստան այցից առաջ»,- ասաց նա:

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ հասկանալու համար, թե հայերն ինչ վնաս են կրելու պայմանագրի վերանայումից, նախ պետք է հասկանանք, թե ինչ համատեքստում է դա արվելու, սակայն հաշվի առնելով՝ առկա միտումները՝ նկատեց՝ միանշանակ բացասական հետևանքներ կունենա հայերի և հույների համար:

«Մենք իրականում Լոզանի պայմանագրի տուժած կողմերից ենք, քանի որ մեծ հաշվով Սևրի պայմանագրին այն փոխարինեց»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Լոզանի պայմանագիրը կնքվել է 1923 թվականի հուլիսի 24-ին: Այն 8 ամիս տևած Լոզանի կոնֆերանսի հիմնական ավարտական փաստաթղթերից մեկը։

Պայմանագիրը պաշտոնապես հանգուցալուծեց Մերձավոր Արևելքում 1919-1922 թվականներին առկա հակամարտությունը, մասնավորապես՝ թուրք-հունական պատերազմը:

Հռիփսիմե Հովհաննիսյան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0