Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Գալիք բոլոր իշխանությունների օրակարգային թիվ մեկ խնդիրը ժողովրդագրական խնդրի կարգավորումն է լինելու. Սամվել Ֆարմանյան

Գալիք բոլոր իշխանությունների օրակարգային թիվ մեկ խնդիրը ժողովրդագրական խնդրի կարգավորումն է լինելու. Սամվել Ֆարմանյան

By
Գալիք բոլոր իշխանությունների օրակարգային թիվ մեկ խնդիրը ժողովրդագրական խնդրի կարգավորումն է լինելու. Սամվել Ֆարմանյան

Tert.am-ն ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ զրուցել է ժողովրդագրական միտումներն ուսումնասիրող աշխատանքային ոչ ֆորմալ խմբի ստեղծման մասին: Պատգամավորի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է խնդրով շահագրգիռ անձանց համախմբել ու հստակ ախտորոշել խնդիրներն ու լուծում տալ դրանց:

- Պարո՛ն Ֆարմանյան, ԱԺ հայտարարությունների ժամին ասացիք, որ ոչ ֆորմալ խումբ եք ցանկանում ստեղծել, որը կքննարկի ժողովրդագրական միտումների խնդիրը և կփնտրի երկարաժամկետ լուծում։ Ի՞նչ կառուցվածք կունենա խումբը, ի՞նչ ձևաչափով կաշխատի:

- Գիտեք՝ հանրապետության նախագահի կողմից տարբեր առիթներով թեմային անդրադարձ է եղել և երկրի ժողովրդագրական իրավիճակը խիստ մտահոգիչ է, սրա մասին խոսում են նաև առկա միտումները: Նախագահի կողմից Կառավարությանը եղել է հանձնարարություն մշակելու համալիր միջոցառումների ցանկ, որը կբխի ժողովրդագրական խնդրի բարելավման ռազմավարությունից: Գաղափարն այն է, որ մենք՝ որպես խորհրդարանականներ, մեր համեստ մասնակցությունն ունենաք այդ աշխատանքներում: Այս աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնությունը միտված է նրան, որ հանձնաժողովում ներգրավենք փորձագետների՝ ժողովրդագիրներ, ազգագրագետներ, պատմաբաններ, այլ մասնագիտություն ունեցող մասնագետներ, ովքեր խնդրով մտահոգ են ու մասնագիտական հետքրքրվածություն ունեն այս հարցի վերաբերյալ: Որպես թիրախ ընտրված են միմյանցով պայմանավորված խնդիրներ. 1-ին՝ իրավիճակի համապարփակ և վերքաղաքական վերհանում, որպեսզի պարզ լինի, թե ինչպիսին է ժողովրդագրական առկա իրավիճակը մեր երկրում, 2-րդ՝ մեր անկախ պետականության համար որպես գերկարևոր խնդրի լուծման համար ինչ միջոցառումներ կարող են իրականացնել՝ ավանդական և ոչ ավանդական, որ այս հարցում դրական տեղաշարժ լինի: Հուսով եմ՝ բոլոր այդ փորձագետները, որոնք այս հարցում ասելիք ունեն, ունեն մասնագիտական գիտելիքներ կփորձեն իրենց մասնակցությամբ օգտակար լինել: Մինչև հունվարի 20-ը մենք սպասում ենք այդ փորձագետների արձագանքին, ինչպես նաև մեր խորհրդարանական գործընկերներին, ովքեր ցանկություն ունեն մասնակցել, իսկ սրանից հետո արդեն կձևավորենք այդ աշխատանքային խումբը: Հավանաբար, կլինեն թեմատիկ բաժանումներ և կսկսենք աշխատել լրագրողների աչքից հեռու՝ զուտ մասնագիտական աշխատանք անելու համար: Խնդրի կարևորության մասին, կարծում եմ, նույնիսկ բարձրաձայնելու անհարժեշտություն չկա, քանի որ մեր հազարամյակների անցած պատմական հարուստ և խորդուբորդ ճանապարհն այդ խնդրի գերկարևորության վկայությունն է:

- Դուք խոսեցիք 4 մլն բնակչության մասին, սակայն փորձագիտական մակարդակում տեսակետ կա, որ կարևորը ոչ թե բնակչության քանակն է, այլ որակն է, այսինքն՝ ունենք ծերացող հասարակություն:

- Իրականության մեջ Ձեր ասած 2 բաղադրիչները միմյանցով են պայմանավորված, որովհետև չի կարող բնակչության թիվն անշեղորեն աճել, եթե բնակչության բնական աճը լինի այնպես, ինչպես այսօր է՝ կապված բնակչության սեռատարիքային կառուցվածքի հետ: Հանրապետության նախագահի կողմից 4 մլն բնակաչություն ունենալը քաղաքական առաջնորդի կողմից որպես թիրախ ընտրված գաղափար է, այսինքն՝ այստեղ կարևորում է հանգամանքը, որ և՛ Կառավարությունը, և՛ Ազգային ժողովը կարողանան այս գաղափարը դարձնել համազգային մտահոգության թիվ մեկ առարկան, ընդ որում համազգային, այսինքն՝ նաև ՀՀ-ից դուրս գտնվող հայերի համար: Վստահ եմ, որ մի օր շուտ կամ մի օր ուշ սա կլինի մեր քաղաքական օրակարգի թիվ մեկ առարկան, մեր բոլոր գործողությունների գնահատման առաջին չափանիշը: Այո, բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը գերկարևոր է, նախապայման է առանց որի զարգացման հեռանկարներն իրատեսական չեն, այդուհանդերձ ժողովրդագրական խնդիրը մի մայր, ահագնացող վտանգ է, որը կախված է մեր պետականության գլխին, մենք պարտավոր ենք այս մարտահրավերների լուծման պատասխաններն ստանալ: Իհարկե, խնդիրները շատ համալիր են, քանի որ այսօր ժողովրդագրական խնդիրները հուզում են աշխարհի տասնյակ հարյուրավոր երկրների, բառի բուն իմաստով։ Նաև մարդկային կապիտալի և բնակչության որս է սկսված տարբեր երկրների կողմից: Որոշ երկրներ նաև ստիպված կտրուկ քայլերի են գնում ՝ ոչ միայն բնական աճի խրախուսման, այլև իրենց երկրում քաղաքացիություն ստանալու պայմանների դյուրացման տեսանկյունից: Շատ բարեկեցիկ երկրներն այսօր կանգնած են այս խնդրի առջև, մեր պարագայում սա առավել ցավոտ է ընկալվում՝ դժբախտաբար հանգեցնելով արտագաղթի: Սակայն հանուն ճշմարտության պետք է ասել, որ բոլոր երկրներում էլ ժողովրդագրական խնդիրները պայմանավորված են ոչ միայն միգրացիայով, այդ թվում՝ արտագաղթով, այլև պայմանավորված են բնակչության սեռատարիքային կառուցվածքով, բանական աճի միտումներով, ծնելության, մահացության ցուցանիշներով, ուրբանիզացիայի մակարդակով, այսինքն՝ թե երկրի բնակչությունն ինչ համաչափությամբ է զարգանում գյուղական և քաղաքային բնակավայրերում: Գիտեք, որ մեր սահմանամերձ բնակավայրերում լրացուցիչ առաքելություն են ստանում այս պարագայում: Իրականության մեջ շատ հեշտ խնդիր չէ սա, հեշտ խնդիր չէ նաև ամենակայացած երկրների համար, քանի որ խոսքը երկարաժամկետ ռազմավարության մասին է, խոսքը որևէ մեկ իշխանության կամ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին չէ: Մենք, իրականությունից ելնելով, պարտավոր ենք այս խնդիրը դարձնել մեր համազգային մտահոգության թիվ մեկ առարկան:

- Ժողովրդագրական խնդիրների լուծման տարբերակներից մեկը ծնելիության խթանումն է, բայց փաստն այն է, որ ծնելիության ոլորտում անկումը Հայաստանում շարունակվում է: Հնարավո՞ր է, որ ՌԴ–ի օրինակը կիրառենք՝ մայրական կապիտալ լինի, այսինքն՝ մորը տրամադրվում է գումար հետագայում երեխայի ուսման կամ տան համար, կամ երեխային հատկացվող նպաստն ավելանա, թեպետ Կառավարության 5 տարվա ծրագրում, 2018թ. բյուջեում նման հատկացումներ չենք տեսնում:

- Իրականության մեջ խնդրի կարգավորումը շատ ավելի բարդ մեխանիզմներ է ենթադրում, քան կառավարության հնգամյա ծրագրում կամ տարեկան բյուջետային հատկացումներում: Անշուշտ, այն ռազմավարությունը, որ պետք է մշակվի ու ընդունվի, իր հերթին պետք է պայմանավորի տարբեր գործողություններ, որոնք կունենան նաև իրենց ֆինանսաբյուջետային արտացոլումը և տեղ կգտնեն Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերում: Գոնե իմ մոտ հավատամքն այնպիսին է, որ թեև մենք ենթագիտակցորեն՝ որպես ժողովուրդ, զգում ենք այս խնդրի ահագնացող վտանգերը, միևնույն է, դեռևս չունենք այդ խնդրի համալիր ընկալում: Մենք հիմնականում խոսում ենք մեկ բաղադրիչի մասին՝ արտագաղթի, ինչը, հավանաբար, ամենացավոտն է, սպառնալիք է, բայց ժողովրդագրական խնդիրները միայն այս հանգամանքով չեն պայմանավորված: Հիմա անհրաժեշտ է համալիր գիտակցել խնդրի բարդությունը, այն ժամանակ, երբ այս խնդրի համաչափ պատկերացումը կլինի, և սա կլինի քաղաքական շահերից ու ամբիցիաներից բարձր, կլինի միավորող ծրագիր, գաղափարախոսություն, կհամախմբի քաղաքական ամենատարբեր կողմնորոշում ունեցող թիմերին ու ներկայացուցիչներին, այդ պարագայում հայ ժողովուրդը կարող է պատասխան տալ այս հարցին: Պատմության մեջ ապացուցել ենք, որ երբ կանգնած ենք եղել բախտորոշ խնդիրների առաջ, ունեցել ենք համախմբվածություն ու փորձը ցույց է տվել, որ այս պարագայում ժամանակը մեր օգտին է եղել: Ես հիմա չեմ ցանկանում անդրադառնալ լուծման առանձին քայլերին, անշուշտ Կառավարության ու ոչ միայն այս Կառավարության կողմից քայլեր արվել են՝ բնական աճի խթանման և այլ ուղղություններով: Բայց սրանք առանձին վերցրած գործողություններ են, իսկ այս խնդրին դիմակայելը պահանջում է համապարփակ ընկալում և փոխպայմանավորված գործողություններ:

- Տարբեր ժողովրդագիրները մի բան են կրկնում, որ 2025 թվականին ժողովրդագրական տեսանկյունից ՀՀ լուրջ խնդիրների առաջ են կանգնելու, այսինքն՝ մահերը գերազանցելու են ծնելիությանը: Արդյոք ՀՀ-ն կհասցնի՞ լուծում համապարփակ լուծում տալ այս խնդրին, հաշվի առնելով նաև Ձեր այն միտքը, որ հանրությանը խնդրի լրջության աստիճանը չի հասկանում:

- Այս հարցի կապակցությամբ ես կարող եմ կարծիք հայտնել թե՛ որպես պատգամավոր, թե՛ քաղաքական գործիչ։ Ընդհանրապես այն ժողովուրդը, որը չի կարողանում կարդալ երևացող նշաններն իր պետականության ճակատագրի հետ կապված, ազդակները, իսկ այս պարագայում բացասական ու աղետալի ազդակների մասին է, փոխհատուցելու է: Ժողովրդագրության առանձնահատկությունն այնպիսին է, որ մեկ օրում որևէ, ձեռնարկած քայլի, գործողության, ընդունված որոշման ազդեցությունը հնարավոր չէ չափել այդ իսկ պահին, կամ մեկ տարի անց: Իմ կարծիքով՝ մեր անկախ պետականության համար ժողովրդագրական խնդիրները կարգավորելը կարող է 2-րդ պետական թեստը լինել, իսկ մենք առաջին ստուգարքը՝ Արցախի ազատագրումը, հանձնել ենք փայլուն: Այս խնդրի կարգավորումը պետք լինի մեր հասունության 2-րդ գնահատումը, վստահ եմ՝ մեր ժողովուրդն ու իր էլիտան կկարողանան այս հարցի շուրջ ունենալ ոչ միայն համազգային մտահոգություն, այլև լուծմանն ուղղված մասնակցություն: Մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մեր գալիք բոլոր իշխանությունների օրակարգային թիվ մեկ խնդիրը սա է լինելու, ես լավատես եմ: 21-րդ դարում շատ ավելի բարդ է ժողովրդագրական խնդիրների լուծումը, 22-րդ դարում կարող է ավելի բարդ կամ անհնարին լինել: Պատմական ընթացը, որի մեջ մենք հիմա գտնվում ենք, այս խնդրի լուծման շանսը մեզ տալիս է, կարող է պարզվել, որ մեծ ցանկության պարագայում էլ այլևս հնարավորություն չլինի: Երկիրը պետք է զարգանա իր կենցաղը բարելավի և այլն, իսկ լավ կենցաղն ու ավելի ապահով կյանքը բերում է ծնելիության մակարդակի նվազման, սա համաշխարհային միտում է: Շվեդիայում 1960–ականներից սկսած բնակչության թվաքանակը 8 մլն է, այսինքն՝ բնական աճի տեմերը նվազում են և դա կարգավորում են կանոնավոր ներգաղթի միջոցով: Ամեն երկիր ունի իր առանձնահատկություն, թե որն է մեր բանալին՝ չգիտեմ, բայց խնդիրն այն է, որ այսօր հարցը քաղաքականացված է և դիտարկվում է միայն արտագաղթի համատեքստում:

Անի Օհանյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0