Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Սա իմ դեմ սարքած գործ է. Ալեքսանդր Վարպետյանը Վարչական դատարանում բողոքարկում է ԱԱԾ-ի որոշումը

Սա իմ դեմ սարքած գործ է. Ալեքսանդր Վարպետյանը Վարչական դատարանում բողոքարկում է ԱԱԾ-ի որոշումը

By
Սա իմ դեմ սարքած գործ է. Ալեքսանդր Վարպետյանը Վարչական դատարանում բողոքարկում է ԱԱԾ-ի որոշումը

Ֆրանսիայի քաղաքացի, հասարակական գործիչ Ալեքսանդր Վարպետյանը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, որպեսզի իրեն ՀՀ տարածքում անցանկալի անձ ճանաչելու հիմքերը վերացվեն, և ինքը կարողանա հանգիստ մուտք գործել Հայաստան։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարպետյանը։ Վերջինս «Էություն» միաբանության նախագահն է։ Այդ կառույցը հիմնել է հենց Վարպետյանը։

Նշենք, որ արդեն 15 տարի է՝ արգելված է Վարպետյանի մուտքը Հայաստան՝ իրեն անհասկանալի պատճառներով։ Սկսած 2008 թվականի հունվարից Վարպետյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է արդեն անժամկետ: Մի քանի անգամ «Հետք» էլեկտրոնային պարբերականը, վերջին շրջանում նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գրավոր դիմել է ԱԱԾ-ին՝ պարզելու, թե ինչու թույլ չեն տալիս Վարպետյանին մուտք գործել Հայաստան։ Որպես պատասխան՝ ԱԱԾ-ն նշել է, որ Վարպետյանը Հայաստանի ազգային անվտանգությանը լուրջ սպառնալիք է ներկայացնում։ «Բոլորովին վերջերս Արթուր Սաքունցի գրասենյակը դիմեց, որին պատասխանել են, որ ես ֆաշիստ նացիոնալիստ եմ, արիական նացիստ եմ։ Նշել էին նաև, որ գոյություն ունեն հավաստի տվյալներ այն մասին, որ ես հանդիսանում եմ այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակը Հայաստանի Հանրապետության անվտանգությանը վնասելն է։ Այդպիսի հիմար պատճառաբանություն են ներկայացրել, որից հետո Սաքունցի գրասենյակն է նախաձեռնել դիմել Վարչական դատարան։ Գործը վարույթ է ընդունվել, և դեկտեմբերի 18-ին նիստ է նշանակված»,-ասաց Վարպետյանը։

Մեր զրուցակիցը զավեշտալի է համարում ԱԱԾ-ի պատճառաբանությունները։ Նա այս տարիներին սեփական հետաքննությունն է անցկացնում՝ հասկանալու համար իր մուտքը Հայաստան արգելելու իրական պատճառները, բայց անօգուտ։ Ամեն ինչ միայն վարկածների տիրույթում է։ «Ինձ համար պարզ է միայն, որ սա սարքած գործ է։ Սրա մասին ժամանակին ասել էին նաև որդուս, ով Ամերիկյան դեսպանատանն էր աշխատում։ Ասել էին, որ իմ դեմ գործ է սարքվում։ Սրա մասին ինձ ասել է նաև Սարգիս Հացպանյանը։ Նա նաև նշեց, որ երեք հոգի են այդ գործ սարքողները։ Մեկը ինչ-որ արիական է, երկրորդը՝ եկեղեցական, իսկ երրորդը՝ ԱԱԾ-ի ինչ-որ պաշտոնյա։ Այլապես իմ դեմ ոչ մի փաստ, ապացույց չկա»,- նշեց Վարպետյանը՝ հավելելով, որ իր՝ Հայաստան մուտքն արգելելու հարցով առավելապես շահագրգռված էր ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը, որը վերջերս մահացավ։ Նա հայտարարել էր՝ քանի դեռ ինքը կենդանի է, Վարպետյանի ոտքը Հայաստան չպետք է մտնի»։

Ալեքսանդր Վարպետյանը մեզ պատմեց, որ այս տարիների հետաքննության արդյունքում մի քանի վարկած է առանձնացրել, որոնց պատճառով է, թերևս, իր մուտքը Հայաստան արգելվում։ «Այն ժամանակ մենք ակտիվ գործունեություն էինք ծավալում, բայց մեր շարժումը հասարակական էր, գաղափարական էր, բայց հետո սկսեցին մտածել, որ մեզանից պետք է զգուշանալ, մեզ հետ պետք չէ գործ ունենալ։ Բայց այդ ամենը սկսվեց հոկտեմբերի 27-ից հետո։ Այդ օրերին ԿԳԲ-ի տարբեր ներկայացուցիչներ ասում էին՝ հեռու մնացեք Վարպետյանից։ Ես ստիպված հետաքննեցի պատճառները և ստացվեց այնպես, որ պատճառներից մեկը իմ ազգային, գաղափարական, մշակութային գործունեությունն էր։ Ես երբեք քաղաքականացված մարդ չեմ եղել։ Երկրորդ պատճառը՝ Հոկտեմբերի 27-ի գործով արված իմ հետաքննությունն էր, որի մի մասը միայն հրապարակվեց Լոս Անջելեսում։ Դա շատ հեռուն գնացող հետաքննութուն էր»,- նշեց Վարպետյանը։

Վարպետյանի խոսքերով՝ այս նոր դատական գործը շատ հարցերի պատասխան կտա։ Չնայած՝ ինքը հայաստանյան արդարադատության հետ մեծ հույսեր չի կապում։ «Կարծում եմ՝ իրենք այնքան խելամիտ կգտնվեն, որ այդ արգելքը կվերացնեն։ Հակառակ դեպքում, ես, սպառելով ներպետական ատյանները, կդիմեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որից հետո իրենք շատ ծանր կացության մեջ կհայտնվեն։ Այդպիսի հիմար պատճառաբանություններով անձին զրկել Հայաստան գալուց, աբսուրդ է»,- ասաց Վարպետյանը՝ հավելելով, որ ներկա պահին իր Հայաստան գալը չէ կարևոր։ Գլխավոր խնդիրն այն է, որ «հարձակում է կատարվում գաղափարի դեմ»։ «Սա նաև լավ առիթ կլինի պարզելու, թե ում ձեռք չի տալիս մեր՝ ազգային փրկության գաղափարները։ Բոլոր դեպքերում, այս գործը զուտ հայկական գործ չէ։ Այս մերժման հետևում դրսի ձեռք կա, անգամ եթե դա արվում է Ազգային անվտանգության մեր պաշտոնյաների ձեռքով։ Իմ հարցում էլ ռուսական ձեռք կա։ Այդպիսի հետևություններ անելու հիմքեր կան»,- ասաց Վարպետյանը։

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0