Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Կապիտալը փախնում է Հայաստանից. որքան գումար է այս տարի դուրս հոսել

Կապիտալը փախնում է Հայաստանից. որքան գումար է այս տարի դուրս հոսել

By
Կապիտալը փախնում է Հայաստանից. որքան գումար է այս տարի դուրս հոսել

Կենտրոնական բանկի տվյալներով՝ միայն հոկտեմբեր ամսին Հայաստանից կապիտալի արտահոսքը եղել է ավելի քան 115 մլն դոլար: Ընդ որում, արտահոսքի տեմպերն այս տարի յուրաքանչյուր ամիս ավելացել են: Եվ եթե օգոստոս ամսին մեր երկրից դուրս է եկել 76․9 մլն դոլար, ապա սեպտեմբերին արդեն՝ 94 մլն դոլար, հոկտեմբերին, ինչպես ասացինք՝ 115 մլն դոլար: Այսինքն՝ անցած ամիս նախորդի համեմատ 21 մլն դոլար ավելի։ Ավելին, անցած տարվա հոկտեմբերին կապիտալի արտահոսքը եղել է ընդամենը 76 մլն դոլար: Այսինքն՝ այս տարվա հոկտեմբերին 2016թ. նույն ամսվա համեմատ արտահոսքն ավելացել է 39 մլն դոլարով կամ ավելի քան 50 տոկոսով: Իսկ ինչ վերաբերում է ուղղությանը, ապա արտահանված գումարի մեծ մասը՝ 43․6 մլն դոլարը գնացել է Ռուսաստան: ԱՄՆ ուղարկվել է դրա մոտ կեսի չափ գումար՝ 23 մլն դոլար:

Հավելենք նաև, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանից ֆիզիկական անձանց միջոցով արտերկիր է փոխանցվել ընդհանուր առմամբ 814․2 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 641 միլիոնի փոխարեն: Այսինքն՝ տասը ամիսների կտրվածքով կապիտալի արտահոսքն աճել է մոտ 173 մլն դոլարով: Եվ այդ աճի արդյունքում արտերկրից ստացված տրանսֆերտների և արտահոսքի դրական տարբերությունը նվազել ու կազմել է 47 մլն դոլար՝ անցած տարվա 60 մլն դոլարի փոխարեն: Իսկ հունվար-հոկտեմբեր ամիսներին տրանսֆերտների ընդհանուր չափը կազմել է 583․5 մլն դոլար՝ անցած տարվա 556․5 միլիոնի դիմաց:

Այնուամենայնիվ, կապիտալի արտահոսքի կտրուկ աճը արդյոք նշանակում է, որ ներքին կապիտալի համար Հայաստանի տնտեսական շուկան գնալով ավելի քիչ հետաքրքրություն է ներկայացնում, ավելի քիչ գրավիչ, շահութաբեր կամ, գուցե, ազատ դարձել: Այդ իսկ պատճառով էլ մեր գործարարներն իրենց կապիտալը արտահանում են այլ երկրներ նույն այդ խնդիրներն այնտեղ ավելի գրավիչ տեսնելու հիմքով: Անգամ Ռուսաստանում, չէ որ կապիտալի արտահոսքի առյուծի բաժինը հանգրվանել է հենց այդ երկրում: «Հայաստանի գործատուների միության» նախագահ Գագիկ Մակարյանը նախ անդրադարձավ սեպտեմբեր-հոկտեմբեր ամսին արտահոսքի նման կտրուկ աճին և կարծիք հայտնեց, որ այն կարող է պայմանավորված լինել Գագիկ Ծառուկյանի կողմից Լատվիայում շքեղ «Գրանդ Հոթել Կեմպինսկի Ռիգա» հյուրանոցի բացմամբ: Գ. Ծառուկյանն այդ հյուրանոցը վաղուց էր ձեռք բերել, պարզապես վերջերս շքեղ վերանորոգման ենթարկեց: Եվ Գ. Մակարյանի խոսքերով՝ նման բրենդի շրջանակներում և նման շքեղությամբ վերանորոգելու, ինչպես նաև կահավորելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Եվ չի բացառվում, որ Հայաստանից կապիտալի արտահոսքի մի մասը Լատվիայում հենց այդ ներդրմանն է վերաբերում:

Բայց մյուս կողմից էլ, Գ. Մակարյանի ներկայացմամբ, պետք չէ այդքան թշնամաբար վերաբերել մեր գործարարների կողմից այլ երկրներում ներդրումներ անելու հանգամանքին կամ կապիտալի արտահոսքին: Եթե դրսի ներդրողը Հայաստան փող է բերում, կամ դրսից մասնավոր տրանսֆերտներ են մեր երկիր գալիս, ապա պետք է պատրաստ լինել, որ նույնը, մի քիչ ավելի կամ պակաս չափով, կարող է լինել նաև մեր երկրից: «Այդ արտահոսք բառն այս դեպքում մի փոքր տեղին չէ: Այն կարելի է օգտագործել գազի, ջրի և այլ դեպքերում: Եթե մենք ունենք մեր երկրում օտարերկրյա ներդրումներ, պետք է նաև հակառակ գործընթացն էլ լինի: Փողը շարժվել է սիրում»,- հավելում է Գ. Մակարյանը:

Իսկ գուցե կապիտալն այստեղ լավ չի զգում ոչ ազատ, մրցակցային պայմանների բացակայության պատճառով: Վերջին տարիներին դրան ավելացել է նաև տնտեսական աճի անկումը, ինչի հետևանքով բիզնեսի շահութաբերությունն է նվազել: Եվ մեր գործարարները նախընտրում են բիզնեսի համար ավելի բարենպաստ երկրներում ներդրումներ անել: «Իհարկե, այդ երևույթները, ինչպես նաև կոռուպցիան, դատական ոչ արդար համակարգն ու նման այլ խնդիրները բիզնեսի համար խոչընդոտ են, բայց կառավարությունն այդ ուղղությամբ աշխատում է: Այնպես չէ, որ ոչինչ չի անում»,- հավելեց մեր զրուցակիցը:

– Պարոն Մակարյան, իսկ որքանո՞վ է ճիշտ այս տարվա համար կառավարության ակնկալած 830-850 մլն դոլարի ներդրումների մեջ ներառել նաև բյուջետային ծախսերն ու վարկային ծրագրերը: Չէ որ ներդրում ասելով՝ հիմնականում հասկանում ենք մասնավորի, այդ թվում նաև օտարերկրյա մասնավոր գումարների ներդրումը: Հակառակ պարագայում չի՞ ուռճացվում ներդրումների չափը:

– Իհարկե, համաձայն եմ ձեզ հետ: Իսկ կառավարությունն ինչ է ուզում անել, ուզում է ներդրումներ ներգրավել: Եվ նա ասում է, այն ներդրումները, որոնք ակնկալվում են, ասենք՝ Եվրամիության, մասնավորի կամ այլոց կողմից, ես կանեմ: Ի՞նչ տարբերություն, այդ փողը ես դրեցի, թե ներդրողները: PR-ի առումով լավ է հնչում: Բոլորը գումարում են իրար, և տես, թե ինչ լավ գումար է ստացվում:

– Բայց տարբերությունը մեծ է: Եթե ներդրումը կառավարությունն է անում, դա չի նշանակում, որ մեր երկիրը գրավիչ է օտարերկրյա կամ ներքին ներդրողի համար:

– Համաձայն եմ: Համենայնդեպս, այսօր ներդրումների առումով Հայաստանի նկատմամբ թեև հետաքրքրությունները մեծ են, բայց խոշոր ներդրումներ դեռ չկան:

– Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում ակնկալվող ներդրումները չկան: Կարծիք կար, թե արևմտյան ներդրողները Հայաստանը կօգտագործեն որպես հարթակ ԵՏՄ արտահանելու համար: Բայց Ձեր թվարկած կոռուպցիայի, դատական համակարգի անկախության խնդիրները առկա են նաև ԵԱՏՄ երկրներում: Իրանն էլ փակ տնտեսություն ունի, և դժվար է այդ երկրի տնտեսություն մտնելը:

– Այդ երկրները ԵԱՏՄ դասատուներն են

– Հատկապես Ռուսաստանը:

– Նրանց մոտ մենք ուսանողի մակարդակում ենք գտնվում: Իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա այդ երկրի հետ բարդ է մի քանի պատճառներով: Իրանցիներն իրենք էլ են փորձում ուղիղ աշխատել ռուսների հետ, և ռուսներն են իրանցիների հետ դա փորձում: Հատկապես խոշոր բիզնեսը: Իրանցիները Հայաստան գալիս-գնում են, բայց դեռ լուրջ քայլեր քիչ են կատարում, որովհետև իրենք էլ իրենց բիզնես-մշակույթը, մտածելակերպը պետք է սկսեն քիչ-քիչ փոխել, փոխադարձ վստահություն ունենան: Լեզվի խնդիրը դուրս գա: Բարեբախտաբար, նրանց մի մասը հայերեն կամ անգլերեն է խոսում, բայց 90 տոկոսի մոտ կա լեզվի խնդիրը: Վաղը նույն այդ խնդիրը կառաջանա նաև Իրանի սահմանին ստեղծվող ազատ տնտեսական գոտում: Հիմա տաք-տաք և ոգևորված այդ գոտին գործարկելու շեմին ենք, բայց վաղը կտեսնենք, թե այդ ընկերություններն ինչպես են տեղակայվելու, որտեղից են աշխատուժ հավաքելու և ինչ լեզվով են հաղորդակցվելու:

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0