Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Աննախադեպ հայց Բաքվի դեմ. Ադրբեջանի «պատն» ու Հայաստանի շանսը

Աննախադեպ հայց Բաքվի դեմ. Ադրբեջանի «պատն» ու Հայաստանի շանսը

By
Աննախադեպ հայց Բաքվի դեմ. Ադրբեջանի «պատն» ու Հայաստանի շանսը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատում աննախադեպ հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ` պայմանավորված ՄԻԵԴ-ի վճռի չկատարման հետ: Նախարարների կոմիտեն առաջին անգամ է կիրառում իր վերահսկողական բացառիկ գործառույթն, ինչն, անշուշտ, արտառոց երևույթ է, մանավանդ, եթե հիշենք, որ տակավին շաբաթներ առաջ Իլհամ Ալիևը հոխորտացել էր լքել Եվրախորհուրդը` Նախարարների կոմիտեի նման որոշման պարագայում:

Ստրասբուրգում Բաքվի շանտաժն, ըստ էության, անտեսվել է, իսկ դա նշանակում է, որ Եվրախորհրդի ղեկավարությունն այլևս չի պատրաստվում հանդուրժել Ալիևի վարչակազմի կամայականությունները` նույնիսկ հայ-ադրբեջանական պարիտետը պահելու անհրաժեշտությունից ելնելով: Եվրախորհրդում կարծում են, որ ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովն ազատազրկել, ապա դատապարտվել է բացառապես քաղաքական մոտիվներով ու Բաքվից պահանջում են անվերապահորեն կատարել ՄԻԵԴ 2014թ-ի որոշումն ու անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին:

Ադրբեջանի իշխանությունները հազիվ թե գնան Ստրասբուրգի իմպերատիվ պահանջի կատարմանը և, ըստ ամենայնի, ԵԽ-ի ու Բաքվի հակադրությունը հանգեցնելու է խորքային ճգնաժամի, որը կարող է հանգուցալուծվել Եվրոպայի ամենահին ու մեծ կազմակերպությունից Ադրբեջանի դուրսմղմամբ, մանավանդ, որ Բաքվի շուրջ առաջացած միջազգային կոռուպցիոն սկանդալը մեծ հարված է հասցրել նաև ԵԽԽՎ հեղինակությանը և, Նախարարների կոմիտեի երեկվա որոշումն, ըստ էության, քաղաքական պատասխան է Ադրբեջանի իշխանությունների ավտորիտար ձգտումներին, կոռուպցիոն ջանքերին: ԵԽ-ից Ադրբեջանի հնարավոր դուրսմղումը դառնալու է Ադրբեջանի միջազգային մեկուսացման հերթական դրսևորումն, ինչն, անշուշտ, ԼՂ կարգավորման գործընթացում անուղղակիորեն ուժեղացնում է Հայաստանի դիրքերը:

Մյուս կողմից` Ադրբեջանի պրոբլեմներն ավտոմատ չեն հանգեցնելու Հայաստանի գերազանցությանը, եթե Երևանի քաղաքականությունը կառուցվի բացառապես Ադրբեջանի ձախողումների հիմքով: Խնդիրն ունի այլ ենթաշերտ ևս: Այնպես չէ, որ ԵԽ անդամ Ադրբեջանը դեմոկրատական և միջազգային պարտավորություններին հավատարիմ երկիր էր, սակայն ԵԽ-ից դուրս նա ավելի «անկաշկանդ» է լինելու` անգամ ֆորմալ պարտավորությունների կատարման առումով ու նաև պատերազմի սանձազերծման հարցում: Իհարկե, Բաքվին օդ ու ջրի պես անհրաժեշտ է որևէ ուժային կենտրոնից ստանալ պատերազմի «թուլտվության թուղթը»:

Առայժմ Բաքվի ցանկությունները պատրաստ չեն բավարարել Մոսկվայում, անգամ` Անկարայում: Այս առումով վիճակն արմատապես տարբերվում է 2016-ի ապրիլից, ինչը պատուհան է բացում հայկական դիվանագիտության արդյունավետ աշխատանքի համար: Համենայն դեպս, ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ Ադրբեջանը ճգնաժամային հարաբերություններ ունի ոչ միայն Եվրոպայի, այլ նաև Ռուսաստանի հետ:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0