Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ինչպես Բրյուսելում, այնպես էլ Մինսկում Ադրբեջանը գոլ ընդունեց սեփական դարպասում

Ինչպես Բրյուսելում, այնպես էլ Մինսկում Ադրբեջանը գոլ ընդունեց սեփական դարպասում

By
Ինչպես Բրյուսելում, այնպես էլ Մինսկում Ադրբեջանը գոլ ընդունեց սեփական դարպասում

Վերջին շրջանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ ակտիվ գործընթացներ են տեղի ունենում: Հատուկ հետաքրքրության է արժանի այն հանգամանքը, որ պարբերական դարձած սահմանային լարվածությունն իր տեղը զիջել է դիվանագիտական հարթության վրա ընթացող պայքարին:

Հայկական և ադրբեջանական կողմերի դիրքային սուր պայքարն ի հայտ եկավ հաատկապես Արևելյան գործընկերության գագաթնաժողովի անցկացման համատեքստում, երբ դիրքորոշումների տարբերության պատճառով նույնիսկ կասկածի տակ էր դրվում գագաթնաժողովի հռչակագրի ընդունումը:

Ադրբեջանը հույս ուներ, որ հաշվի առնելով Կատալոնիայի անկախական ձգտումները՝ ԵՄ-ն առավելություն կտա տարածքային ամբողջականության սկզբունքին, սակայն ազերիների ջանքերն ի դերև ելան:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ ԵՄ դիրքորոշումը հստակ արտահատվեց Հայաստանի հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որում անդրադարձ կա հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

ԵՄ-ն անառարկելիորեն ընդունում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար միջնորդական մանդատը վերապահված է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահությանը: Նման խոշոր ձախողումը փոխհատուցելու նպատակով ադրբեջանական կողմը ձեռնամուխ եղավ նոր ձեռնարկումների՝ այս անգամ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում, որի 25-ամյակի առիթով մշակված հռչակագրում հակամարտության լուծման միջազգային 3 հիմնարար սկզբունքներից միայն տարածքային ամբողջականությունն է նշվում:

Բաքվի մյուս խոշոր քայլը դարձավ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան «առանցքի» օգտագործումը: Հատկանշական է, որ Բաքվում Պակիստանի ԱԳՆ ղեկավար Հավաջա Մուհամմեդ Ասիֆն Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի և Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Պակիստանը, Ադրբեջանը և Թուրքիան կարող են համատեղ աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Ասիֆը աջակցություն է խոստացել Բաքվի ղարաբաղյան քաղաքականությանը:

Ադրբեջանի այս ջանքերը ներառվում են հակամարտության կարգավորման պրոցեսը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից դուրս տեղափոխելու Բաքվի դասական քաղաքականության շրջանակում, որը քարոզչական ֆոն ստեղծելուց այն կողմ չի անցել:

Բաքվի սադրանքներին ի պատասխան շատ ուշացնել չտվեց Երևանի ձիով քայլը: Մինսկում տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի շրջանակներում ընդունվել են քաղաքական հայտարարություններ, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարությունը, որում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԽ համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:

Փաստորեն, ինչպես Բրյուսելում, այնպես էլ Մինսկում Ադրբեջանը գոլ ընդունեց սեփական դարպասում: ԼՂ հակամարտության կարգավորման 3 սկզբունքների շրջանակում ինքնորոշման իրավունքի առավել հաճախ հիշատակումը տարբեր միջազգային փաստաթղթերում մի օր հանգեցնելու է այդ իրավունքի իրացմանը Արցախում և դրա համար լեգիտիմ հիմքերի ստեղծմանը:

Նարեկ Պողոսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0