Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Արտագաղթի ամենամեծ վտանգը Ռուսաստանն է, որը տանում է մեր բնակչությունը

Արտագաղթի ամենամեծ վտանգը Ռուսաստանն է, որը տանում է մեր բնակչությունը

By
Արտագաղթի ամենամեծ վտանգը Ռուսաստանն է, որը տանում է մեր բնակչությունը

Մեր զրուցակիցն է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը

- Պարոն Մարկոսյան, Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո նշվում է, որ հաջորդ քայլը լինելու է վիզաների ազատականացումը։ Հաշվի առնելով մյուս հետխորհրդային երկրների օրինակը, որոնք այդ ճանապարհով են գնացել, ինչ-որ վտանգներ տեսնո՞ւմ եք, արդյոք արտագաղթը ավելի մեծ չափեր կընդունի։

- Եկեք տարանջատենք խնդիրները. նախ մենք այսօր Եվրոպայում ունենք մեծ թվով մարդիկ, ովքեր ուզում են գալ Հայաստան, բայց չեն կարողանում։ Հիմա եթե հնարավոր լինի ինչ-որ մեխանիզմ ստեղծել, որ մարդիկ հնարավորություն ունենան վերադառնալ, նրանք կգան, որովհետև այնտեղ նրանց կյանքը չի ստացվել։ Կան մարդիկ, ովքեր եվրոպական երկրներում գտնվում են ռեալ արտաքսման վտանգի առջև, մարդ կա, այնտեղ տուն չունի։ Թող առաջինը մտածեն, թե ինչ մեխանիզմներ կարող են մշակել, օգնություն տրամադրել, որ այդ մարդիկ վերադառնան։ ԵՄ-ի հետ պետք է հասկանալ, թե այդ ուղղությամբ իրենք ինչ կարող են անել։

Վրաստանի դեպքում, այո, Եվրոպա մեկնողների ինչ-որ առումով աճ կա, բայց գիտեք, որ ԵՄ երկրներում մնալու ընդամենը 90 օր է տրվում։ Եթե 90 օրից ավելի մնացիր, ընկնում ես «սև ցուցակ»։ Այնպես չի, որ ինչքան ուզես կմնաս։ Բացի այդ, եթե վերադառնաս Վրաստան, այլևս չեն թողնի մեկնես Եվրոպա։

Իրականում Հայաստանի համար արտագաղթի առումով ամենամեծ վտանգը Ռուսաստանն է, որը տանում է մեր բնակչությունը։ Ռուսաստանը փոխեց իր օրենսդրությունը և երկքաղաքացիություն այլևս չի ընդունում, այսինքն՝ ասում է՝ եթե ուզում ես դառնալ իմ քաղաքացին, պետք է հրաժարվես ՀՀ քաղաքացիությունից։ Դրա համար վերջին տարիներին սկսել են հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի հիմնավորվեն Ռուսաստանում։ Իսկ Ռուսաստանը ժողովրդագրական առումով շատ մեծ խնդիր ունի, խորը փոսի մեջ է հայտնվում։ Ռուսաստանի բնակչությունն աճում է միայն ներգաղթի հաշվին, հետևաբար, ինքը ձգտելու է նախկին խորհրդային հանրապետություններից մարդկանց քաշի իր մոտ։ Պարզ է, որ դա որակյալ աշխատուժ չէ, բայց գոնե քանակն իրեն պետք է։ Մենք էլ ենք այդ վտանգի տակ։ ՌԴ-ում օրենք ընդունեցին, որ առաջին երեխայից սկսած օգնություն են տալիս մինչև երեխայի 1,5 տարեկան դառնալը։ Դրա համար ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումն այդքան մեծ խնդիր չի լինելու մեզ համար, որքան Ռուսաստանը։

- Այսինքն՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը կարող է նաև ներգաղթի՞ն նպաստել։

- Այո, որոշ առումով այդպես է. Եվրոպայում որոշակի քանակով մարդիկ կան, ովքեր կվերադառնան։ Ավելի լավ է հիմա ԵՄ-ի հետ որոշակի մեխանիզմ մշակել, եթե ինչ-որ փողեր են տալու, կարող են այդ մարդկանց վերաինտեգրել այստեղ Հայաստանում։ Պետք է հասկանալ, թե քանի մարդ կա, որ ուզում է վերադառնալ ու չի կարողանում։

- Բայց եվրոպական որոշ երկրների հետ Հայաստանն ունի ռեադմիսիայի համաձայնագիր, որով անօրինական միգրանտներին փոխանցում են Հայաստանին։

- Այո, կան այդպիսի պայմանագրեր։ Բացի դրանից, Գերմանիան որոշել է փող տալ այն ապօրինի միգրանտներին, որոնք կվերադառնան իրենց երկիր։ Սա կարող է օգնել, որ շատերը վերադառնան, որոնք իրենց տեղը չեն գտել Եվրոպայում, խնդիրներ ունեն։ Իսկ Ռուսաստանում ավելի հեշտ են ինտեգրվում։ Նախ չկա լեզվի խնդիր, բացի այդ, մեծ թվով հայեր կան Ռուսաստանում, կապեր կան։ Հիմա ավելի շատ սկսել են Սիբիր գնալ, քանի որ այնտեղ աշխատուժի կարիք կա։ Նախորդ տարի միայն մոտավորապես 22 հազար մարդ ստացել է ՌԴ քաղաքացիություն։

- Մի կողմից Սփյուռքի նախարարությունն է հայերնադարձության ծրագիր մշակում, մյուս կողմից ԱԺ-ում պատգամավորներն են խոսում, որ պետք է այդ հարցերով հանձնաժողով ձևավորվի, նաև Սերժ Սարգսյանն է դրա մասին խոսում։ Բայց այդ խոսքերից այն կողմ, իրականում ինչ-որ քայլեր տեսնո՞ւմ եք այդ ուղղությամբ։

- Ինչքան էլ խոսեն, ի վերջո, ամեն ինչ հանգում է ֆինանսներին։ Պետք է փող հատկացնել դրա համար։ Ժողվրդագրական վիճակի բարելավումը պահանջելու է լուրջ գումարներ։ Ռուսաստանն, օրինակ, հսկայական գումարներ է ծախսում այդ ուղղությամբ, 2017-ին արդեն տասնյակ միլիարդավոր դոլարներ է ծախսել։ Նոր օրենք է ընդունվել, որով առաջին ծնված երեխայից սկսած ամսական մոտ 170 դոլար փող է հատկացնում։ Հայաստանում ևս պետք է մեծ ֆինանսներ հատկացնել այդ ոլորտին։ Իմ կարծիքով, տարեկան գոնե պետք է 40 մլրդ դրամ հատկացնեն, եթե ուզում են լուրջ ժողովրդագրական քաղաքականություն վարել։ Մեզ մոտ վերարտադրողականության լուրջ խնդիր կա։

- Այսինքն՝ ծնելիությունը պետք է խթանել։

- Ծնելիության խթանման մեջ նաև անպտղությունն է մտնում։ Պետք է այդ դաշտը կանոնակարգել, բավական թանկ հաճույք է։ Այս դաշտը բաց է, մեծ գումարներ են պտտվում, պետք է կանոնակարգել, նաև էժանացնել։ Մարդիկ կան, որ ցանկանում են երեխա ունենալ, բայց փող չունեն, իսկ խոսքը մոտ 10 հազար դոլարի մասին է։ Խնդիրները բազմազան են, և որքան ուշացրիր, այնքան վատ է լինելու։ Գոնե 10-15 տարի լուրջ գումարներ պետք է հատկացնեն։ Բնակչության թվաքանակը մեզ նման երկրների համար, եթե ուզում ենք երկրների շարքում լինել անկախ և զարգացող, պետք է նաև բնակչություն ունենալ։

Սիրանույշ Պապյան, Հարցազրուցավար

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0