Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հայկական կողմի համարձակությունը չհերիքեց

Հայկական կողմի համարձակությունը չհերիքեց

By
Հայկական կողմի համարձակությունը չհերիքեց

Դեկտեմբերի 7-ին Վիեննայում կայանալու է ԵԱՀԿ նախարարական ամենամյա նիստը, որտեղ, որպես կանոն, ուրվագծվում են գալիք տարվա անվտանգության ռազմավարություններն ու վեկտորները: Նախարարական նիստի շրջանակում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Քանի որ ներկա են լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարները, հնարավոր է ընդհանուր հանդիպում լինի եւ հատուկ հայտարարություն ընդունվի Ղարաբաղի խնդրի վերաբերյալ:

Ի՞նչ կարող է հաստատել ԵԱՀԿ նախարարական նիստը: Նոյեմբերի 9-ին Վիեննայում կայացել էր ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, որտեղ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հայաստանն ու Եվրամիությունը հանդես են եկել էսկալացիայից հրաժարվելու եւ շփման գծին մոնիտորինգի մեխանիզմների ներդրման օգտին:

Ադրբեջանական պատվիրակությունը որոշակի բան չի ասել այս հարցով: Բաքուն բացահայտ չի հրաժարվել պայմանավորվածություններից: Միայն հայտարարվել է, որ «հակամարտության կարգավորման փուլային տարբերակն այլընտրանք չունի եւ խաղաղության հասնելու լավագույն հնարավորությունն է»: Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանը դեմ չէ իրավիճակը սառեցնելուն եւ ԵԱՀԿ առաքելության աննշան ուժեղացմանը:

Թուրքիայի դիրքորոշումը եւս վկայում է, որ Ադրբեջանին ձեռնտու է սառեցումը: Վերջերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ հայտարարել, որ աջակցում է Մինսկի խմբի ջանքերին: Շատերին դա տարօրինակ եւ անգամ Ադրբեջանի դիրքորոշմանը հակասող է թվացել: Եթե ավելի խորը նայենք, կարելի է եզրակացնել, որ այս պահին Թուրքիան ու Ադրբեջանն իրավիճակը սառեցումն առավելագույն արդյունք են համարում:

Հայկական կողմն արդեն մի քանի տարի եւ հատկապես ապրիլյան պատերազմից հետո բանակցությունների երկու առարկա է առանձնացնում՝ բուն կարգավորումը եւ խաղաղության պահպանումը: Հայկական կողմը խաղաղության պահպանման ու պատերազմ թույլ չտալու համար պատրաստ էր լուրջ զիջումների գնալ:

Ապրիլյան պատերազմից հետո պարզ է դարձել, որ զիջումների պատրաստակամությունը խաղաղության երաշխիք չէ: Ավելին, խաղաղությունն ու կարգավորումը երկու տարբեր բաներ են: Խաղաղությունը, ինչպես պատերազմը, կարգավորման գործիք է, որի վերջնական նպատակը կամ Արցախի անկախության ճանաչումն է, կամ էլ ինքնորոշման շարժման ճնշումը:

Եթե մինչեւ ապրիլյան պատերազմը գերիշխող էր ինքնորոշման ճնշումը, պատերազմից հետո անկասելի ընթացք կա ճանաչման ուղղությամբ: Հայկական կողմը չի օգտագործել քաղաքական ու բարոյական առավելությունը պատերազմից հետո, ճանաչման հասնելու համար: Կարծիք կա, որ այդպիսի հնարավորություն կար, սակայն ինչ-ինչ պատճառներով Երեւանը նպատակահարմար չի գտել գնալ ճանաչման ճանապարհով:

Երեւանը, հավանաբար, նախընտրել է կրկին տարանջատել խնդիրները եւ պնդել խաղաղության պահպանումը՝ հրաժարվելով ճանաչումից: Դժվար է ասել, թե դա ինչով էր պայմանավորված: Կամ Հայաստանում իշխանափոխություն (կամ էլ տրանսֆորմացիա) է սպասվում, կամ էլ պաշտոնական Երեւանի վրա արտաքին ուժերն են ազդել (Ռուսաստանին, օրինակ, ձեռնտու չէ, որ Ղարաբաղը նախ Արեւմուտքում ճանաչվի): Միգուցե Հայաստանի իշխանություններին համարձակությունը եւ իրավիճակի ճիշտ գնահատականը չի հերիքել: Երկու ճանապարհներից՝ անկախության ճանաչում եւ ստատուս-քվոյի պահպանում, ընտրվել է երկրորդը՝ իշխանության համար առավել անվտանգը:

Դա ձեռնտու է բոլոր խաղացողներին, անգամ Թուրքիային ու Ադրբեջանին: Առաջ նրանք ստատուս-քվո չէին ցանկանում, քանի որ այլընտրանքը մադրիդյան սկզբունքներով կարգավորումն էր, այսինքն՝ հայկական կողմը կորցնում էր Ղարաբաղը: Հիմա, երբ այլընտրանքը Ղարաբաղի ճանաչումն է, Բաքվի եւ Անկարայի համար ստատուս-քվոն փրկություն, ավելի ճիշտ՝ դադար է դառնում:

Խաղաղության ու պատերազմի միջեւ ընտրության հարց չկա, դա դիվանագիտական երկերեսանիություն է, կա ընտրություն ճանաչման ու սառեցման միջեւ:

Նաիրա Հայրումյան, Մեկնաբան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0