Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Իրանական լրատվամիջոցներում հայկական տեսակետը ներկայացնելն ազդակ է, որ Իրանն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ունի արդարացի դիրքորոշում. իրանագետ

Իրանական լրատվամիջոցներում հայկական տեսակետը ներկայացնելն ազդակ է, որ Իրանն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ունի արդարացի դիրքորոշում. իրանագետ

By
Իրանական լրատվամիջոցներում հայկական տեսակետը ներկայացնելն ազդակ է, որ Իրանն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ունի արդարացի դիրքորոշում. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ իրանական լրատվամիջոցները վերջին շրջանում շատ են անդրադառնում Հայաստանին, ներկայացնում այստեղի բարձրաստիճան այրերի և նաև փորձագետների տեսակետները: Այս համատեքստում նա հիշատակեց «Իռնա» ինֆորմացիոն գործակալության հարցազրույցները ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի հետ: Նա նկատեց, որ վերջերս իրանական հայտնի, լայն լսարան ունեցող և նախագահ Հասան Ռոուհանիի քաղաքական թիմի տեսակետները ներկայացնող «Շարղ» օրաթերթում հրապարակված Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցն էլ լրացնում է այդ շարքը:

«Ակնհայտ է, որ դա իրանական կողմի վերաբերմունքի ցուցիչ է. իրանցիները ոչինչ հենց այնպես չեն անում: Սա ազդակ էր՝ուղղված թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմին, որ Իրանն իր դիրքորոշումներում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ունի արդարացի դիրքորոշում»,- նկատեց նա:

Նշենք, որ իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել իրանական լրատվամիջոցներում Արցախի մասին եղած վերջին անդրադարձների վերաբերյալ՝ նկատելով՝ «արցախյան շաբաթ է եղել». «Անցած օրերին Արցախը բավականին հետաքրքիր մեկնաբանությամբ էր ներկայացված պարսկերեն հեղինակավոր օրաթերթերում, որոնցից մեկն անդրադարձել էր Արցախի տարածքում գտնվող շիայական պատմամշակութային հուշարձաններին և Արցախի կառավարության կողմից դրանց բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,- գրել է նա:

Հետո ուշադրություն է հրավիրել «Շարղ» օրաթերթում Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցի վրա: «Արցախի սահմաններից դուրս մենք այլ տարածքներ չունենք, ինչ որ ունենք դրանք ամբողջությամբ Արցախի մաս են կազմում, իհարկե, որոշ շրջաններ կան, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, օրինակ՝ Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը, այսինքն՝ Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 15 տոկոսը: Արցախի սահմանադրությամբ սահմանված լիազորությունները վերաբերում են ողջ երկրին, այսինքն՝ մայրաքաղաք Ստեփանակերտում կամ Արաքսի ափին գտնվող բնակավայրում նույն օրենքներն են գործում»,- իրանական օրաթերթից հատված էր ներկայացրել Արմեն Իսրայելյանը:

Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ իրանական մամուլում հայկական թեմաների հետ կապված ակտիվացման համար մենք պարտական ենք այն բավական երկար ժամանակ տարվող քաղաքականությանը, համաձայն որի, մի կողմից ՀՀ գիտական-հասարակական կառույցները, մյուս կողմից՝ իրանահայ համայնքը սերտ համագործակցության  են հասել՝ հայաստանյան շահերը, տեսակետները իրանական լրատվամիջոցներում ներկայացնելու հարցում:

«Մենք Իրանում ունենք բազմաթիվ բարեկամներ, որոնք ազդեցիկ դիրքեր ունեն ոչ միայն քաղաքական համակարգում, այլ նաև՝ լրատվական տիրույթում, և ակնհայտ է, որ առնվազն խելամիտ չի լինի, եթե մենք չօգտագործեինք այդ խողովակները, և այս առումով ակնհայտ է, որ նաև Իրանի և Հայաստանի շահերն են շատ խնդիրների շուրջ համընկնում»,- ասաց նա:

Իրանագետը նկատեց, որ ակնհայտ է, որ Իրանի և Հայաստանի շահերը համընկնում են նաև ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի համատեքստում: «Իրանի արտգործնարարի Երևանում արած հայտարարությունն առ այն, որ Հայաստանը կողմ է խաղաղության և կայունության պահպանմանը, ինչը անուղղակի ակնարկ էր, որ ադրբեջանական կողմն է խաթարում խաղաղությունը և վտանգ է ներկայացնում այդ կայունության համար, ազդակներ են: Իրանի դիվանագիտական մակարդակով շատ չեզոք են և բալանսավորված, սա, իրոք օգուտ մեզ է, բայց կա նաև չերևացող իրանական դիրքորոշում, որի համաձայն, ներկայիս ստատով քվոն՝ Արցախի ներկայիս սահմանները պահելը բխում է նաև Իրանի շահերից»,- ասաց նա:

Վարդան Ոսկանյանն իր ասածը պարզաբանեց. նախագահ Ռոուհանիի քաղաքական թիմի տեսակետները ներկայացնող լրատվամիջոցն Արցախի արտգործնախարարի դիտարկումները, թե Արցախի սահմաններից դուրս մենք այլ տարածքներ չունենք, ինչ որ ունենք դրանք ամբողջությամբ Արցախի մաս են կազմում, ներկայացրել են:

«Կարող ենք նման ձևակերպել, որ Իրանը սատարում է Արցախի դիրքորոշմանը տարածքների հարցում: Անշուշտ, իրանցիները երբեք նման ձևակերպումներ չեն անի, բայց իրականությանմեջ դա այդպես է»,- ասաց նա:

Արցախի վերաբերյալ իրանական կողմի «անուղղակի ազդակները», ըստ Վարդան Ոսկանյանի, միայն հայկական և ադրբեջանական կողմի համար չեն, նա նկատեց, որ Իրանը բազմաշերտ  հասարակական կառուցվածք ունեցող երկիր է. «Գաղտնիք չէ, որ Իրանում կան նաև որոշակի հակահայկական ուժեր, դրանք գտնվում են, լուսանցքում և լուրջ ազդեցություն չունեն քաղաքական որոշումներ կայացնողների վրա։ Այնուամենայնիվ Իրանում կա հայամետ բավականին լուրջ զանգված, իսկ հայամետ լինելը բխում է Իրանի շահերից, մեր շահերն այս տարածաշրջանում գրեթե լիովին համընկնում են, անգամ ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված հայկական և իրանական կողմերի մոտեցումը նույնն է»:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0