Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հայերի դեմ Էրդողանի հոգեբանական հնարքը. Հայաստանի ապաշրջափակման մեկնակետը

Հայերի դեմ Էրդողանի հոգեբանական հնարքը. Հայաստանի ապաշրջափակման մեկնակետը

By
Հայերի դեմ Էրդողանի հոգեբանական հնարքը. Հայաստանի ապաշրջափակման մեկնակետը

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանը տուրք տալով «հայկական սփյուռքին», Թուրքիայի հետ «բարեկամության դուռը փակ պահելու» հետեւանքով դուրս է մնում տարածաշրջանային տնտեսական նախագծերից: Նա բերել է Վրաստանի օրինակը, որպես Թուրքիայի հետ բարեկամությունից օգտվող, իսկ Հայաստանը, նրա խոսքով, դուրս է մնում տարածաշրջանային տրանսպորտային, էներգետիկ նախագծերից եւ մնալու է մեկուսացված:

Առաջին հայացքից Էրդողանը հայտնում է դառը իրականությունը: Սակայն խնդիրը փոքր ինչ խորությամբ դիտարկելու դեպքում կստացվի թերեւս բոլորովին այլ պատկեր: Հայաստանն իսկապես չի մասնակցել Բաքու-Ջեյհան նավթամուղի, Կարս-Բաքու երկաթուղու նախագծերին, բայց եթե կա Հայաստանի տրանսպորտային եւ էներգետիկ նախագծերից դուրս մնալու խնդիր, ապա դա ոչ թե Թուրքիայի հետ բարեկամության բացակայության, այլ Ռուսաստանի հետ «բարեկամության» առկայության հետեւանքով:

Որովհետեւ հնարավոր նախագծերը, որ կարող էին անցնել Հայաստանի տարածքով, չեն անցել Ռուսաստանի ռազմավարական շահին հակասելու հետեւանքով: Դրանք կթուլացնեին Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, ինչն էլ ստիպել է, որ Մոսկվան Հայաստանի վրա ունեցած իր ազդեցությունը գործադրի այդօրինակ նախագծերը արգելակելու համար:

Իհարկե, գլխավոր պատասխանատվությունն այստեղ Հայաստանի իշխող համակարգինն է, որը Հայաստանի ինքնիշխանության առանցքային բաղադրիչների մի զգալի մասը փոխանակել է ընտրություն կեղծելու «իրավունքի» հետ, այդ իրավունքի գլխավոր հովանավոր դիտարկելով Ռուսաստանը:

Ներկայում աշխարհաքաղաքական գործընթացները բերել են իրավիճակի, երբ նշմարվում են իրադրության լայն, խոշոր փոփոխության բավական թափանցիկ միտումներ, որոնք ստիպում են Ռուսաստանին էլ փոխել վարքագիծը Հայաստանին առնչվող հարցերում:

Դա իհարկե այլ խոսակցության նյութ է, սակայն աներկբա է, որ Հայաստանի տնտեսական մեկուսացումը հենց այդ իրողության հետեւանք է, եւ թուրք-ադրբեջանական տրանսպորտային բլոկադան աշխատել է այնքանով, որքանով Հայաստանը կախված է եղել Ռուսաստանից:

Ի վերջո, թուրք-ադրբեջանական երեսպաշտություն է, ու թերեւս հայկական միամտություն եւ ինքնախաբեություն մտածել, թե Անկարան ու Բաքուն իրապես գնալու են Հայաստանի տարածքով ենթակառուցվածքային նախագծերի իրականացման եւ այդպիսով իրենց կախվածության մեջ էին դնելու Հայաստանից, եթե չլիներ անգամ արցախյան խնդիրը: Թուրքիայի եւ Բաքվի համար դա ընդամենը առիթ է, խաղաքարտ, որ փորձ է արվում օգտագործել:

Անհերքելի է, որ ինչքան առատ են ճանապարհներն ու այլ ենթակառուցվածքները, այդքան առավել նպաստավոր է միջավայրը ներդրումների եւ զարգացման համար: Միեւնույն ժամանակ, Հայաստանի «ձեռքի տակ» եղած ենթակառուցվածքները ներկայում բավարար են տնտեսական արդյունավետությունը անհամեմատ առավել բարձր մակարդակի բերելու համար՝ ինքնիշխան քաղաքականության եւ արդյունավետ կառավարման պարագայում:

Միեւնույն ժամանակ, ներկայում՝ համաշխարհային տեխնոլոգիական հեղափոխության պարագայում, իրավիճակը տալիս է զարգացման նոր հնարավորություններ, որոնք զգալիորեն ինքնաբավ են կամ այլ կերպ ասած չունեն առանցքային կախվածություն ցամաքային տրանսպորտային ուղիներից: Ներկայում տնտեսական նորարարության դինամիկան ու ծավալը այնպիսին է, որ ժամանակի ընթացքում տալիս է տարածության եւ սահմանների հաղթահարման ավելի ու ավելի մեծ հնարավորություն:

Հայաստանն ունի այդ իրավիճակին համարժեք լինելու երկու կարեւորագույն նախադրյալից առնվազն մեկը՝ մարդկային ստեղծագործական ներուժ, գիտատեխնիկական ռեսուրս: Բացակայում է մյուս կարեւորագույն նախադրյալը՝ քաղաքական կամք, համակարգային համարժեքություն, կառավարման որակ:

Կա խնդիր նաեւ հարաբերականորեն երրորդ նախադրյալի հետ՝ հասարակական հոգեբանություն:

Այստեղ իրավիճակը ամենաբարդն ու հակասականն է: Իշխող համակարգը յուրացրել է հասարակության իրավունքները, այդ համակարգի դեմ պայքարի դրոշակ պարզած ընդդիմությունները տարեցտարի խորացրել են հասարակական ապատիան եւ ձեւավորել կամային հատկանիշներից զուրկ հասարակություն: Ստեղծվել է վիճակ, երբ իշխող համակարգը յուրացրել է հանրության իրավունքը, իսկ ընդդիմադիր մեթոդաբանությունը բերել է հանրության մտածելու կարողության կորստի, երբ միտքը սկսել է նույնացվել այսպես ասած «հեղափոխական» կամ «ապստամբ» ինքնանպատակ եւ ինքնամոռաց տենչի հետ՝ լինի դա անկեղծ, թե կեղծավոր որեւէ մղում:

Գործնականում, Հայաստանի մեկուսացումը սկսում է հենց այդտեղից, ըստ այդմ հենց այդտեղ կարող է ավարտվել կամ այդտեղ կարող է լինել Հայաստանի մեկուսացման վերջի սկիզբը, ապամեկուսացման գործընթացի մեկնարկը:

Ժամանակակից աշխարհն իր հնարավորություններով այնպիսին է, որ Թուրքիան, Ադրբեջանը իրենց մոլուցքով, եւ անգամ Ռուսաստանն իր քաղաքական ազդեցությամբ չի կարող արգելափակել Հայաստանը, եթե Հայաստանն ապաարգելափակվի հանրային մտածողության դաշտում, հանրության կամային հատկանիշների, մտածելու լայն կարողության, սեփական անձից թեկուզ շատ փոքր, բայց կոնկրետ բան կախված լինելու գիտակցության եւ համոզումի, նաեւ հավատի վերականգնման դաշտում:

Այստեղ է առանցքային խնդիրը, նաեւ այն պատճառով, որ ներքաղաքական սուբյեկտների ճնշող մեծամասնությունն անցնող տարիների ընթացքում այդ հարցում խաղացել են այսպես ասած «նվազեցման» վրա:

Այդ «ցածրադիր կետից» է Էրդողանի հայտարարությունը թվում «դառը ճշմարտություն», որին թվում է, թե հակադրվում է լոկ հպարտ եւ առաջին հայացքից իռացիոնալ թվացող ռազմա-հայրենասիրականությունը:

Հայաստանում պետք է փոխվի խաղը եւ այն կառուցվի այսպես ասած «բարձրադիր կետեր» ձեւավորելու տրամաբանության վրա, ուր Էրդողանի կամ այդօրինակ հայտարարությունների ձայնը պարզապես չի էլ հասնի: Բայց Հայաստանի անկախության քառորդ դարի ամենատխուր եւ վտանգավոր հետեւանքը թերեւս այն է, որ «թերարժեքության բարդույթը» դարձել է չափանիշ ու նշաձող, իսկ հնարամտություններից եւ կարողություններից լավագույնը համազգային գրեթե «չբարձրաձայնված կոնսենսուսով» հանդիսանում է անհաջողությունների համար մեղավոր փնտրելու կարողությունը:

Հակոբ Բադալյան, Մեկնաբան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0