Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Անկարային ու Մոսկվային չի մնացել Հայաստանից բռնվելու այլընտրանք

Անկարային ու Մոսկվային չի մնացել Հայաստանից բռնվելու այլընտրանք

By
Անկարային ու Մոսկվային չի մնացել Հայաստանից բռնվելու այլընտրանք

Թուրքիայի նախագահ Էրդողանն իր գլխավորած կուսակցության առաջ ելույթ ունենալով, անդրադարձել է Հայաստանին և հայտարարել, թե «հայկական սփյուռքի ճնշման տակ» Թուրքիայի հետ «բարեկամության դուռը փակ պահելու» հետևանքով Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային տնտեսական նախագծերից և շարունակելու է դուրս մնալ, իսկ ահա Վրաստանը, որի օրինակը բերել է Էրդողանը, օգտվում է Թուրքիային «ձեռք մեկնելուց»: Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթը փաստացի հուշում է, որ մինչև 2018-ի գարուն Անկարան մտադիր չէ անդրադառնալ հայ-թուրքական արձանագրությանը, որի վերաբերյալ ակնարկել էր Սերժ Սարգսյանը՝ 2018 թվականի գարուն «առանց այդ սին արձանագրությունների» մտնելու մասին ՄԱԿ ամբիոնից սեպտեմբերին արած հայտարարության մեջ:

Այդ հայտարարությունը շատերը գնահատեցին իբրև Թուրքիային ներկայացված վերջնագիր, թեև հազիվ թե Սարգսյանը ունենար միամտություն ենթադրելու, թե վերջնագրի ձևով հնարավոր է Էրդողանին «վերադարձնել» արձանագրությունների շուրջ: Հակառակը, այդ տոնայնությունը թերևս վերջնականապես կփակեր այդ վերադարձի ճանապարհը, ինչն էլ փաստացի տեղի է ունենում: Մյուս կողմից, միամիտ է ենթադրել, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունը չլինելու դեպքում կար հավանականություն, որ Էրդողանը կվերադառնար արձանագրություններին: Խոշոր հաշվով, հայ-թուրքական արձանագրությունները անցած, և թերևս, բարեբախտաբար, անցած փուլ են, հանդիսանում են անցած աշխարհաքաղաքական շրջափուլի տրամաբանությունն ու այլևս պիտանի չեն վերադարձի ոչ միայն Հայաստանի կամ Թուրքիայի ցանկության, կամքի, այլ պարզապես աշխարհաքաղաքական տրամաբանության բերումով: Դա ամենևին չի նշանակում, որ աշխարհաքաղաքական տրամաբանությունն այդպիսով հակասում է հայ-թուրքական հարաբերության կարգավորման հեռանկարին: Ամենևին:

Եվ թերևս հակառակը՝ ներկայումս այդ տրամաբանությունն ավելի է բարձրացրել կարգավորման այժմեականությունը, կամ գոնե հեռանկարում դրա պահանջվածությունը: Պարզապես հայ-թուրքական արձանագրությունները և այն շրջափուլը, որի այսպես ասած իրեղեն ապացույցը կամ խորհրդանիշն են դրանք, որևէ սկզբունքային կապ չեն ունեցել հայ-թուրքական հարաբերության կարգավորման հետ: Այդ արձանագրությունները այլ բան չէին, քան 20-րդ դարասկզբի ռուս-թուրքական պայմանագրերի վերհաստատում և «արդիականացում», ըստ այդմ դրանք ռուս-թուրքական հարաբերության կարգավորման կամ «վերալիցքավորման» գործընթաց էին, ոչ թե հայ-թուրքական հարաբերության: Ներկայումս աշխարհում և տարածաշրջանում բոլորովին այլ իրավիճակ է, որտեղ նվազագույնը Մինսկի խմբի համանախագահության երեք անդամ պետությունների մակարդակով ընդունվել է տարածաշրջանում նոր ստատուս-քվոն, այն պահելու անխուսափելիությունն ու փոխելու փորձերի վտանգավորությունն ամբողջ տարածաշրջանի համար:

Այդ հարցում շոշափելի դեր են խաղացել մի շարք գործոններ, այդ թվում և այն, որ Ադրբեջանն Ապրիլյան պատերազմում տապալել է ռուս-թուրքական «հույսերը»: Թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի համար սակայն առկա է փոխադարձ պայմանավորվածություններից, այսպես ասած՝ պատմա-քաղաքական պայմանագրային դաշնակցությունից դուրս գալու խնդիր: Այդ խնդիրը առավել դյուրին լուծելի է Ռուսաստանի համար, և Հայաստան-ԵՄ շրջանակյին համաձայնագրի հարցում Կրեմլի լոյալությունը նաև այդ խնդրի լուծմանն ուղղված քայլերից մեկն է, թեև բարդությունը վկայում է նաև այն, որ մի ձեռքով տալով այդ իրողության համաձայնությունը, մյուս ձեռքով Ռուսաստանը հայերին մեղադրում է «դավաճանության» համար:

Անկասկած, չափազանց բարդ է 10 կամ նույնիսկ 100 օրում դուրս գալ հարյուրամյա ռեժիմից, այստեղ բազմաթիվ են ներքին ու արտաքին տարաբնույթ գործոնները, որոնք քաշում են հետ: Միևնույն ժամանակ, անկասկած է, ռուսական իշխանության նվազագույնը ենթագիտակցական շերտերում ձևավորվող համոզումը, որ այդ գործոնները քաշում են դեպի ճահիճ, հետ գնալը չի տանում այլ տեղ, դա ակնհայտ է: Ռուսական իշխանության մեջ ենթագիտակցական սինդրոմներն այդ հարցում նշմարվում են նաև հենց այսպես կոչված ռուս-թուրքական հաշտեցման գործընթացում, որը գործնականում ոչ մի կերպ չի ստանում այն ջերմությունը, որը կար մինչև ռուսական օդանավի խոցումը: Ավելին, այդ հաշտեցումը ներկվեց ռուս դեսպանի արյունով, որ թափվեց Անկարայում: Այդ իմաստով, Ռուսաստանին շատ թանկ նստեց «Թուրքիային ձեռք մեկնելը»: Այստեղ, իհարկե, ենթագիտակցական ազդակներից մինչև հստակ գիտակցության և ռազմավարության ձևավորման հասնելու հարցում ահռելի է Հայաստանի աշխատանքի և պահվածքի նշանակությունը: Այլ է Թուրքիայի վիճակը:

Անկարան ևս հստակ հասկանում է, որ գնացքը հեռանում է և մնալ ռուս-թուրքական հարյուրամյա ռեժիմում, նշանակում է խեղդվել ճահճում: Սակայն Անկարան այստեղ ավելի բարդ վիճակում է, քանի որ առանց Հայաստանի դրանից դուրս գալ հնարավոր չէ, և եթե Ռուսաստանը, չնայած մինչ Ապրիլյան պատերազմը դե ֆակտո հակահայկական քաղաքականության պարագայում դե յուրե այդուհանդերձ ունի դաշնակցային և բարեկամական հարաբերություն, որը կարող է օգտագործել, որի վրա կարող է թեկուզ դանդաղ, թեկուզ երերուն կառուցել ռուս-թուրքական արդեն ճահճի վերածված ռեժիմից դուրս գալը, ապա Անկարայի դեպքում չկա այդ դե յուրե հարաբերությունը և Թուրքիային հարկ է սկսել նախ դրանից: Մինչդեռ չկա այսպես ասած «բռնվելու» տեղ, և Հայաստանի մեկուսացման մասին Էրդողանը հայտարարում է ավելի շատ թերևս Թուրքիայի մեկուսացումը ծածկելու նպատակով: Այդ մեկուսացումից խուսափելու՝ Անկարային գործնականում մնում է ավելի ու ավելի նեղ ճանապարհ, դեպի Հայաստան բերող, որը սակայն մեծ հավանականությամբ ամեն կերպ կփակի հենց Մոսկվան: Եթե Մոսկվան հայ-թուրքական հարցում հարաբերությունը «փակ» պահելու դաշնակից էր Անկարայի համար, ապա այժմ այդ հարցում Մոսկվան մրցակից է:

Հեղինակ՝ Արամ Ամատունի

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0