Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Պուտինն ու Էրդողանը կքննարկե՞ն Սեւրի պայմանագրի հարցը

Պուտինն ու Էրդողանը կքննարկե՞ն Սեւրի պայմանագրի հարցը

By
Պուտինն ու Էրդողանը կքննարկե՞ն Սեւրի պայմանագրի հարցը

Այսօր Սոչիում հանդիպում են ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Պուտինն ու Էրդողանը: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալին երեկ բացահայտել է, թե որն է հանդիպման օրակարգը. «սիրիական իրադրության ու 2 երկրների միջեւ առանց մուտքի վիզայի ռեժիմի վերականգնման, առեւտրային սահմանափակումների ամբողջական վերացման հարցերը»: Բացի այդ, նախագահները կարծիքներ կփոխանակեն էներգետիկ ոլորտում համագործակցության մասին, ասել է նա:

Խոսնակը հարցերի թվում չի հիշատակել Ղարաբաղը, ինչը սակայն չի բացառում, որ խնդիրը կարող է քննարկվել: Էրդողանը նախքան հանդիպումը հայտարարել էր, որ պատրաստվում է Պուտինի հետ քննարկել Ղարաբաղի խնդիրը, իսկ ադրբեջանական ու ռուսական ԶԼՄ-ներն էլ գրում էին Պուտին-Էրդողան ինչ որ պլանի եւ Պուտինի պայմանների մասին, ըստ որի՝ Ղարաբաղի տարածքները կհանձնվեն Ադրբեջանին՝ ԵՏՄ-ին, ՀԱՊԿ-ին անդամակցելու եւ ռուսական զորքի ներկայությանը համաձայնվելու դիմաց:

Մյուս կողմից, սակայն, Թուրքիան ներկայում այն վիճակում չէ, որ կարողանա պայմաններ թելադրել: Իրաքում քրդական հանրաքվեից հետո ստեղծվել է նոր իրավիճակ, որը նախեւառաջ շոշափում է Թուրքիայի շահերը: Առավել եւս, որ Սիրիայում էլ հնարավոր է քրդական բավական բարձր աստիճանի ինքնավարության կազմավորումը, եւ այդ պարագայում հերթը հասնում է Թուրքիային:

Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, թե այն ուժերը, որոնք Թուրքիային ստիպել են հետ քաշվել նախկին սահմաններից (նկատի ունի կայսրության սահմանները), ներկայում փորձում են ստիպել վերադառնալ Սեւրի պայմաններին:

Շատ փորձագետներ նշում են, որ ներկայիս գործընթացները Մերձավոր Արեւելքում կարող են հանգեցնել սահմանների վերաձեւմանը, առավել եւս, որ այդ սահմանները գծվել են արհեստականորեն եւ չեն համընկնում էթնիկ միավորների բնակության արեալին:

Քրդական գործոնը կարող է դառնալ հենց այս գործընթացի կատալիզատորը: Այդ գործոնը կարող է «չեղարկել» Լոզանի պայմանագիրը, որով էլ գծվել են ներկայիս սահմանները, իսկ դա նշանակում է, որ կասկածի տակ են դրվելու Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, որոնց արդյունքում հայկական տարածքները բաժանվեցին Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ:

Քրդերին աջակցում է Իսրայելը, ըստ էության՝ ԱՄՆ-ն, իսկ Ռուսաստանը հստակ դիրքորոշում չի հայտնում, սակայն նկատելի է, որ Մոսկվայում հասկացել են այս գործոնի ուժը եւ փորձում են օգտագործել այն:

Թուրքիան այս հարցում օգնություն է ակնկալում Ռուսաստանից, նախեւառաջ Սիրիայում քրդական ինքնավարությունը թույլ չտալու համար: Դեպի Մոսկվա են «ձգտում» նաեւ Իրանը, Սաուդյան Արաբիան, ինչն անկասկած ուժեղացնում է Ռուսաստանի խաղի պայմանները:

Այս պայմաններում Ռուսաստանը Թուրքիայի առաջ կարող է դնել բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես տնտեսական պրեֆերենցիաների մասով, ինչը փաստացի թվարկել է Էրդողանի խոսնակը:

Ռուս-թուրքական ներկայիս գործընթացը Հայաստանում կրկին հիշեցրել է 100-ամյա վաղեմության իրադարձությունները: Սակայն ներկայում իրավիճակն այլ է, եւ պարտադիր չէ, որ իրադարձությունները զարգանան նախկին սխեմաներով: Ամեն ինչ կախված է Հայաստանի քաղաքականությունից: Վերջին իրադարձությունները մեծացրել են նաեւ Հայաստանի դերը տարածաշրջանում, եւ այս հնարավորությունը պետք է օգտագործվի մարտահրավեների չեզոքացման եւ նոր հարաբերություններ կառուցելու համար:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0