Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Պուտինը փակեց Ղարաբաղի հարցն Էրդողանի առաջ

Պուտինը փակեց Ղարաբաղի հարցն Էրդողանի առաջ

By
Պուտինը փակեց Ղարաբաղի հարցն Էրդողանի առաջ

ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը ԵԱՀԿ մշտական խորհրդի հերթական նիստում, որ տեղի է ունեցել Վիեննայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցից հետո ունեցած ելույթում հայտարարել է, որ Հայաստանը վերհաստատել է իր հավատարմությունը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգերին: ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ղարաբաղյան հարցի վերաբերյալ ելույթներում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգերը շեշտադրել են նաև խորհրդում ԱՄՆ ու ՌԴ ներկայացուցիչները: Այս հանգամանքը իր հերթին ուշագրավ է նախօրեին էլ Երևանում Սերժ Սարգսյանի հայտարարության ֆոնին, Մոլդովայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, կապված Ժնևի, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգերը կատարելու անհրաժեշտության հետ:

 

Այս շեշտադրումները տեղի են ունենում մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում կազմակերպելու տեղեկությունների ֆոնին, որ մասնավորապես տարածվել էին հղում անելով ՌԴ ԱԳՆ խոսնակին: Սա էլ իր հերթին հետաքրքիր է նոյեմբերի 13-ին սպասվելիք Պուտին-Էրդողան հանդիպման ֆոնին: Գործնականում հայտարարությունները վկայում են, որ ղարաբաղյան խնդիրը դուրս է բերվում այդ հանդիպման օրակարգից: Ընդ որում՝ ամենևին զարմանալի չէ, որ դրան գնում է նաև Ռուսաստանը:

Բանն այն է, որ Մոսկվան ներկայումս չունի այդ հարցում Թուրքիային և Ադրբեջանին առաջարկելու ոչինչ: Մյուս կողմից, իհարկե, Անկարան ու Բաքուն էլ հրաշալի գիտակցում են դա, սակայն նրանց ակնկալիքը, իհարկե, ղարաբաղյան խնդրում ինչ-որ բան ստանալը կամ կորզելը չէ, այլ այդ հարցում մերժման դիմաց Ռուսաստանից այլ բան ստանալը, երբ Մոսկվան, մերժելով իր, այսպես ասած, վերջին տարիների ռազմավարական գործընկերներին, ստիպված կլինի ինչ-որ բան առաջարկել նրանց այդ մերժման դիմաց: Հենց դրա համար Էրդողանը Մոսկվա մեկնելուց առաջ նախ հայտարարեց, որ ղարաբաղյան հարցում Պուտինն է գլխավորը, իսկ հետո նաև ակնարկեց նրանից հարցի լուծում խնդրելու մասին:

Իրականում, իհարկե, Թուրքիան Ռուսաստանից անկասկած պահանջելու էր այլ բան: Ահա սակայն, հաջորդ շաբաթ սպասվելիք Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ ՌԴ նախագահը փակում է թեման՝ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի շուրթերով հայտարարելով, որ պետք է հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրում: Մի կողմից այդպիսով Ռուսաստանը ընդհանուր առմամբ կատարելով ԱՄՆ մոտեցումներին համահունչ քայլ՝ ցույց է տալիս Անկարային ու Բաքվին, թե ինչ ահռելի դիմադրություն կա այդ հարցում և հետևաբար ավելորդ է քննարկել անգամ դա, մյուս կողմից՝ Մոսկվան ակնարկում է նրանց, որ պետք է գոհ լինեն, որ Ռուսաստանը գործուն աջակցություն չի ցուցաբերում ԱՄՆ-ին ու Հայաստանին՝ Վիեննայի օրակարգը կյանքի կոչելու հարցում, այլ միայն բավարարվում է բանավոր հայտարարություններով: Այլ կերպ ասած՝ Էրդողանի հետ հանդիպումից առաջ Պուտինը գործնականում ակնարկում է, որ Թուրքիայի նախագահը Սոչիում չփորձի ղարաբաղյան հարցում ուզել ավելին, քան կա:

 

Պուտինի այդ ազդակը, թերևս, առավել համոզիչ կլինի Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի Իսրայել այցի տեսքով, որն անկասկած հազիվ թե տեղի ունենար առանց Ռուսաստանի, այսպես ասած, լոյալության: Իսկ Նալբանդյանի հայտարարությունը իսրայելական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, թե Երևանը Թել Ավիվից ակնկալում է Ցեղասպանության ճանաչում, Պուտինի հետ հանդիպմանը, թերևս, Էրդողանին կստիպի ինչ-որ բան առաջարկել Պուտինին՝ այդ հարցում հայ-իսրայելական քննարկումները զսպելու դիմաց:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0