Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Մնաց երկու օր

Մնաց երկու օր

By
Մնաց երկու օր

Պետությունը միլիարդին, թե միլիարդը պետությանը

Երկու օր անց՝ նոյեմբերի 13-ին սպասվում է Հայաստանի ներդրողների ակումբի Սերժ Սարգսյանի մակարդակով ազդարարված ներդրումային հայտարարությունը, 1 միլիարդ դոլարի մտադրության կամ ծրագրի մասին: Սերժ Սարգսյանը դրա վերաբերյալ հայտնել էր ռուսական մեդիային տված հարցազրույցում: Դրանից հետո ներդրողների ակումբի հայտարարության սպասումն արձանագրեց նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Թե հատկապես ինչ մեկ միլիարդի մասին է խոսքը, թե Սերժ Սարգսյանը, թե Կարեն Կարապետյանը չեն հայտարարել, թողնելով մանրամասները ներդրողների ակումբին:

Ակումբի ստեղծման մասին հայտարարվել է մարտի 24-ին, Երեւանում: Դրա վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել Կարեն Կարապետյանն ու ռուսաստանցի հայ միլիարդատեր, ըստ Ֆորբսի ներկայում աշխարհի ամենահարուստ հայ Սամվել Կարապետյանը: Բայց ակումբի այսպես ասած «արմատը» դեռեւս 2017-ի հունվարն է, երբ Կարեն Կարապետյանը կատարեց առաջին պաշտոնական այցը՝ Մոսկվա, որի ընթացքում էլ ռուսաստանցի մոտ 3 տասնյակ հայ գործարարներ հայտարարեցին կառավարության ծրագրերին ներդրումներով աջակցելու պատրաստակամություն:

Երկու ամիս անց, խորհրդարանի ընտրության նախընտրական շրջանում հայտարարվեց ակումբը ստեղծելու մասին: Դրանից հետո սակայն անցել է մի քանի ամիս, բայց ակումբի ներդրումային ներուժը մեղմ ասած դրսեւորված չէ: Փոխարենն ակումբը «աչքի» ընկավ մեկ այլ աղմկոտ պատմությամբ, իր այսպես ասած անդամներից մեկի անվան շրջանառությամբ: Խոսքը ռուսաստանցի հայ գործարար, ըստ ռուսական մամուլի՝ քրեական շրջանակներում հեղինակություն վայելող Ռուբեն Թաթուլյանի մասին է, որը հայտնի է նաեւ Ռոբսոն անվանումով:

Չեխական մամուլը տեղեկություն էր տարածել, թե Թաթուլյանին ձերբակալել են Չեխիայում քրեական հեղինակությունների հավաք կազմակերպելիս: Նրա մոտ, ըստ տեղեկության, հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր: Ինքը Թաթուլյանը հերքեց իր ձերբակալման, հետո ազատ արձակման մասին լուրը, ասելով, թե դա հրապարակվել է իրեն վարկաբեկելու համար:

Որեւէ այլ բանով Հայաստանի ներդրողների ակումբն առայժմ աչքի չի ընկել, թեեւ վերջերս խոսվեց ակումբի առաջին ներդրումային նախագծի՝ Շնող ՀԷԿ-ի մասին: Այն դե ֆակտո կառուցում է Սամվել Կարապետյանը, թեեւ իհարկե ներդրումային այդ նախաձեռնությունը մեղմ ասած հեռու է 1 միլիարդ դոլարից: Ըստ այդմ, նոյեմբերի 13-ին արվելիք հայտարարությունը պետք է ենթադրի ավելին, քան ՀԷԿ նախագիծը, որտեղ ի դեպ ներգրավվել է արդեն նաեւ թունել փորելու ոլորտում հայտնի ամերիկյան խոշոր ընկերություն:

Ռոբսոնի պատմությունը բացասական ազդեցություն թողեց ներդրողների ակումբի հեղինակության վրա, հատկապես այն դեպքում, երբ ակումբի հիմնադիրները հայտարարել էին ներդրումների միջոցով Հայաստան ոչ միայն փող, այլ նաեւ նոր բիզնես մշակույթ, արդիական հարաբերություն, տեխնոլոգիաներ բերելու մասին:

Մյուս կողմից, որպես պետություն Հայաստանի համար կարեւոր է երկու բան՝ որպեսզի Հայաստանի տնտեսությունը չդառնա փողի «լվացքի մեքենա», եւ որպեսզի Հայաստանում կատարվող ներդրումները, հատելով Հայաստանի սահմանը, լիովին ենթակա լինեն Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին: Թե ինչպիսի մականուն ունեն այդ փողի տերերը, ինչպիսի կյանքով են ապրում Հայաստանից դուրս, խոշոր հաշվով այն երկրների խնդիրներն են, որտեղ նրանք ապրում են: Կարեւորը, որ Հայաստանը չդառնա այդ խնդիրների այսպես ասած «թաքստոց», «ապաստարան» կամ առավել եւս «ինկուբատոր»:

Հետեւաբար, առանցքայինն այն է, թե ի վերջո ինչ գործունեություն է ծավալելու Հայաստանի ներդրողների ակումբը Հայաստանում, ինչ ծրագրեր է իրականացնելու, որքանով են դրանք պարունակելու Հայաստանի տնտեսության կառուցվածքը, բնույթը, բիզնես մշակույթն ու ընդհանրապես հանրային մտածողությունը փոխելու ներուժ, որքանով են դրանք ավելացնելու պետականության ներուժը, որքանով են ծառայելու պետականության հեռանկարին, ինչպիսին է լինելու դրանց ռազմավարական բնույթը:

Այդ իմաստով, ինչի՞ մասին է լինելու Հայաստանի ներդրողների ակումբի մեկ միլիարդը: Նորանոր ՀԷԿ-երի ու ՋԷԿ-երի՞, որոնք Հայաստանի համար գուցե շատ կարեւոր են, բայց մեղմ ասած ոչ այնքան, որքան ասենք նոր ատոմակայանը կամ մեկ այլ բան՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը: Հայաստանի ներդրողների ակումբի երեք տասնյակ գործարարները կարո՞ղ են ստանձնել Հայաստանում ռազմավարական, հեռահար ենթակառուցվածքային նախաձեռնությունների համար տնտեսական եւ քաղաքական պատասխանատվություն, թե՞ նրանք առաջնորդվելու են այսօր փողը դնելու, առավելագույնը վաղը չէ մյուս օրն այն վերադարձնելու սկզբունքով՝ կամ փողի, կամ իշխանության տեսքով վերադարձնելու, կամ թե փողի, թե իշխանության:

Վերջին հաշվով, դա իհարկե նրանց իրավունքն է, բայց խնդիրն այն է, որ հենց դրանով է չափվելու նրանց մտածողության, համարժեքության, արդիականության աստիճանը, պետականության մասին պատկերացումների աստիճանը:

Ներդրումն անկասկած պետք է լինի բիզնես, սակայն Հայաստանը ներկայում թե տնտեսական, թե ժողովրդագրական, թե սոցիալ-հոգեբանական, թե ռազմա-քաղաքական առումով գտնվում է այնպիսի վիճակում, այնպիսի մարտահրավերների առաջ, որ պահանջում է ավելի լայն մտածողությամբ տնտեսական եւ քաղաքական «էլիտայի» առկայություն, որը մի կողմից արձագանքելով մարտահրավերներին, մյուս կողմից կկարողանա նաեւ քայլեր կատարել միաժամանակ եղած նաեւ ահռելի ռազմավարական հեռանկարների հարցում պետականության ներուժը եւ կենսունակությունը բարձրացնելու համար:

Մեկ միլիարդը դրվելու է պետականության հիմքո՞ւմ, թե՞ պետականության վրա մակաբուծող համակարգի գոյապահպանության: Միեւնույն ժամանակ, այդ հարցում անշուշտ առանցքային նշանակություն ունի այն, թե ինչպես է գործընթացն առաջնորդում պետական իշխանությունը, ինչպես է «տեղաբաշխում» կապիտալը:

Հակոբ Բադալյան, Մեկնաբան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0