Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | ՀՀ-ԵՄ համաձայնագրին ՌԴ-ն դեմ չէ, բայց որևէ քայլ նախաձեռնելուց առաջ պետք է հետևանքների մասին մտածել, հնարավոր չէ միաժամանակ 2 աթոռին նստել. Վ. Պանին

ՀՀ-ԵՄ համաձայնագրին ՌԴ-ն դեմ չէ, բայց որևէ քայլ նախաձեռնելուց առաջ պետք է հետևանքների մասին մտածել, հնարավոր չէ միաժամանակ 2 աթոռին նստել. Վ. Պանին

By
ՀՀ-ԵՄ համաձայնագրին ՌԴ-ն դեմ չէ, բայց որևէ քայլ նախաձեռնելուց առաջ պետք է հետևանքների մասին մտածել, հնարավոր չէ միաժամանակ 2 աթոռին նստել. Վ. Պանին

Ռուսաստանը դեմ չէ, որ Հայաստանն ու Եվրամիությունը համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեն: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Պանինը: Ըստ նրա՝ ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններն էլ Արևմուտքի հետ լավ հարաբերություններ ունեն, իսկ Ռուսաստանը փակ դռների քաղաքականություն չի վարում: Վերջինս նշեց, որ պատահական չէ, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և հակառակը, որովհետև ՌԴ-ն միշտ հանդես է եկել որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր:

- Մի քանի օրից Հայաստանը պատրաստվում է Եվրամիության հետ ստորագրել համագործակցության մասին համաձայնագիր, որին, տարբեր փորձագիտական շրջանակների կարծիքով, Ռուսաստանը դեմ է: Արդյո՞ք Հայաստանն այս փաստաթուղթը չստորագրելու պատճառներ պետք է ունենա:

- Հայաստանն անկախ պետություն է, իսկ Ռուսաստանը երբեք չի զբաղվել ու չի զբաղվի փակ դռների քաղաքականությամբ: Առաջին հերթին դա Հայաստանի ընտրությունն է, Հայաստանն ունի ընտրության իրավունք, եթե դա կօգնի Հայաստանին զարգանալ, բարգավաճել, ուրեմն դա ճիշտ ընտրություն էր: Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի կայուն զարգացմամբ, որովհետև Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, միակ գործընկերն է Հարավային Կովկասում, և որքան ամուր ու զարգացած լինի ՌԴ գործընկերը, այնքան լավ: Այնպես որ այն հայտարարությունները, որ Ռուսաստանն իբր չի թողնի Հայաստանին ստորագրել Եվրամիության հետ փաստաթուղթ, անհիմն են:

- Դուք չե՞ք տեսնում որևէ պատճառ, թե ինչու Ռուսաստանը պետք է խոչընդոտի այս գործընթացի կայացմանը:

- Որտեղի՞ց վերցրիք, որ Ռուսաստանը պետք է խանգարի Հայաստանին:

- Գուցե հենց այն պատճառով, որ Ռուսաստանն ու Եվրոպան, մեղմ ասած, լավ հարաբերություններ չունե՞ն, իսկ Հայաստանը ՌԴ շուրջ միավորված Եվրասիական տնտեսական միության անդամ է:

- Հայաստանը վարել է կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն, այնպես որ դա Հայաստանի ընտրությունն է: Որևէ քաղաքական քայլ նախաձեռնելուց առաջ պետք է հետևանքների մասին մտածել, հնարավոր չէ միաժամանակ երկու աթոռին նստել: Սա վերաբերում է բոլոր պետություններին: Սա Հայաստանի ընտրությունն է, Հայաստանն ինքն է որոշել, թե որ միության անդամ դառնա, այլ հարց է, որ պետք է հաշվարկել հետևանքները, օգուտները: Պետությունը կա՛մ հենվում է ազգային հետաքրքրությունների վրա, կա՛մ չի հենվում: Դուք գիտեք, որ մենք ժամանակին Ուկրաինային օրինակ զգուշացրել էինք, որ եթե Ուկրաինան եվրոպական ինտեգրացիայի ճանապարհը ընտրի, ապա Ռուսաստանը կփակի ազատ առևտրի գոտին իր անվտանգության շահերը հետապնդելու տեսանկյունից: Այնպես որ ցանկացած քայլ պետք է հաշվարկել, հետո այդ քայլն անել:

- Պարո՛ն Պանին, եթե Ռուսաստանը խնդիրներ չի տեսնում Հայաստան-Եվրամիություն համագործակցության մեջ, հնարավո՞ր է, որ Հայաստանն այդ դեպքում դառնա այսպես կոչված կամուրջ՝ Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության միջև:

- Չեմ կարծում, որ Հայաստանը եվրոպական ու եվրասիական ինտեգրացիաների համար կամուրջ կդառնա: ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններն էլ բավական լավ հարաբերություններ ունեն ԵՄ անդամ-պետությունների հետ: Միաժամանակ, ԱՄՆ հորդորով, ԵՄ պետությունները զբաղվում են պատժամիջոցների կիրառման քաղաքականությամբ, ինչը առաջին հերթին հենց իրենց ձեռնտու չէ: Եվրոպայի բիզնես շրջանակները շատ վատ են վերաբերվում այն հանգամանքին, որ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվում: Կարծում եմ, որ շուտով ԵՄ-ում կհասկանան, որ պատժամիջոցներն անարդյունավետ էին հենց իրենց համար: Հուսով եմ, որ ողջամտությունը կհաղթի ու կհասկանան: Բայց անգամ այս պայմաններում տնտեսական կապ կա, տնտեսական համագործակցություն կա, և ես չեմ կարծում, որ դրա համար հարկավոր է միջնորդ:

- Դուք բերեցիք Ուկրաինայի օրինակը՝ նշելով, որ զգուշացրել եք իրենց հետևանքների մասին: Հայաստանին և՞ս նման զգուշացումներ արվել են, որ բացի Ռուսաստանից ՀՀ համար այլընտրանք չկա:

- Ի՞նչ է նշանակում այլընտրանք: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Տվյալ պարագայում, Դուք լավ հասկանում եք, որ մենք պատահական չենք ասում, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և հակառակը: Ռուսաստանը միշտ հանդես է եկել որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր: Բնական է, որ ամեն պետություն բազմավեկտոր քաղաքականություն է վարում, բայց Հայաստանի աշխարհաքաղաքական դրությունից, հայ-ռուսական պատմական կապերից ելնելով՝ կարելի է ասել, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության միակ երաշխավորն է:

- Իսկ Հայաստանում շատերը կարծում են, որ մասնավորապես ապրիլյան իրադարձություններից հետո Ադրբեջանին զինելը դաշնակցային գործելաոճ չէ:

- Ոչ, ոչ, ի՞նչ է նշանակում… կներեք, դա չափազանցված է, զենքի վաճառքը տնտեսական գործարք է, իսկ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Ես ինձ վրա համարձակություն կվերցնեմ ու կասեմ, որ եթե այս ռազմաբազան չլիներ, հայտնի չէ, թե ինչպես իրեն կպահեր Թուրքիան, ինչ կլիներ Ղարաբաղի հետ: Վերջիվերջո, ո՞վ է Հայաստանին զենք մատակարարում, այնպես որ մեղադրել Ռուսաստանին, ասել, որ ՌԴ-ն զենքի գործարքներով է զբաղվում Ադրբեջանի հետ… Եթե համեմատեք զենքի ծավալները, որոնք վաճառվում են Հայաստանին ու Ադրբեջանին, ակնհայտ է, որ Հայաստանին վաճառվում է ավելի շատ զենք: Սպառազինություն Հայաստանին ավելի շատ է մատակարարվում, քան Ադրբեջանին: Դա միայն զենքը չէ, խոսքը նաև զենքի մասերի, զենքը օգտագործելու վարժանքների և այլնի մասին է:

- Ռուսաստանը հետապնդում նաև իր շահերը, որովհետև խնդիրներ ունի Թուրքիայի հետ:

- Իհարկե, Ռուսաստանը հետապնդում է նաև իր շահերը: Ինչու ոչ: Դրա համար Ռուսաստանը տնտեսական համագործակցություն ունի նաև Ադրբեջանի հետ: Նայեք Վրաստանի օրինակը, թե տնտեսական ինչ վատ դրության մեջ է Վրաստանը: Ռուսաստանի հետ կապերի խզումը նրանց համար լավ չանդրադարձավ: Բայց, չնայած դրան, մենք բացեցինք ռուսական շուկան վրացական որոշ ապրանքների՝ գինու, «Բորժոմիի» համար: Առանց Ռուսաստանի դժվար է Հարավային Կովկասի պետություն լինել: Պատմությունը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասի այն պետությունները, ովքեր ՌԴ կողմնակիցներ են, արագ են զարգանում: Վրաստանում սա կհասկանան, հնարավոր չէ այդքան հիմարացնել մարդկանց: Սա փաստ է: Վրաստանում այդ գիտակցությունը կգա, Վրաստանի բիզնես շրջանակներն ամեն դեպքում արդեն այդ գիտակցությունն ունեն:

Տիգրանուհի Մարտիրոսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0