Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Բաքուն կրակոցով է պատասխանում Երևանին. ի՞նչ օրակարգով Սարգսյանը կգնա Ալիևի հետ հանդիպման

Բաքուն կրակոցով է պատասխանում Երևանին. ի՞նչ օրակարգով Սարգսյանը կգնա Ալիևի հետ հանդիպման

By
Բաքուն կրակոցով է պատասխանում Երևանին. ի՞նչ օրակարգով Սարգսյանը կգնա Ալիևի հետ հանդիպման

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ընդառաջ իրադրությունը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ գնալով սրվում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունից հետո, թե երկու նախագահներն էլ պատրաստակամություն են հայտնել վերսկսելու բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով, Ադրբեջանի նախագահ Ալիևն անմիջապես փորձել է շրջել իրադարձություններն Ադրբեջանի օգտին և որոշ ներքաղաքական ու դիվանագիտական միավորներ հավաքել՝ հայտարարելով, թե բանակցային գործընթացը վերականգնվել է առանց որևէ նախապայմանի, և «բանակցությունները խափանելու Հայաստանի փորձերը ձախողվել են»:

ՍԱԴՐԱՆՔ ԲԱՔՎԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ, ՀԵՏՈ ՍԱՀՄԱՆԻՆ

Ամբողջ խնդիրն այն է, որ 2016 թ. ապրիլյան իրադարձություններին հաջորդած ողջ ժամանակահատվածում Ադրբեջանը փորձում էր ռազմական ճնշման միջոցով բանակցությունների օրակարգից հանել Քառօրյա պատերազմի հետևանքների վերացման, այսինքն՝ զինադադարի համաձայնագրի ամրապնդման և շփման գծում միջադեպերի կանխարգելման ու հետաքննության մեխանիզմներ տեղադրելու հարցը և վերսկսել «առարկայական բանակցությունները» իրեն ձեռնտու զրոյական վիճակից՝ որպես նախապայման պահանջելով դուրս բերել հայկական զորքերը «օկուպացված տարածքներից»: Հայկական կողմն ի պատասխան հիշեցնում էր Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման մասին, որը նաև միջնորդների պահանջն է: Այժմ, երբ հայկական կողմը համաձայնում է մասնակցել նախագահների մակարդակով հանդիպմանը, ադրբեջանական կողմը ներկայացնում է այդ համաձայնությունն այնպես, թե իբր Հայաստանը նահանջել է իր սկզբունքային դիրքորոշումից և ընդունել է Ադրբեջանի պայմաններով բանակցելու պահանջը: Ըստ երևույթին, շատ լավ հասկանալով, որ նման հոխորտանքին չպատասխանելը կարող էր լուրջ թյուրըմբռնումների պատճառ դառնալ հանրության շրջանում, Հայաստանի նախագահի գրասենյակը արձագանքել է Ալիևի հայտարարությանը՝ ընդգծելով, որ «բանակցությունների գնալու հայկական կողմի համաձայնությունը որեւէ կերպ չի նշանակում մեր դիրքորոշման փոփոխություն ԼՂ կարգավորման հարցում կամ հետքայլ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունների կատարման հրամայականից»:

Զարմանալի զուգադիպությամբ նույն օրը՝ հոկտեմբերի 10-ին, նախագահականի հայտարարությունից ժամեր անց, Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին տեղակայված զորամասերից մեկի հենակետում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող Չ. Մարգարյանը:

ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՍՐՎԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՎ

Պատճառահետևանքային ի՞նչ կապ կա այս իրադարձությունների միջև: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:

– Պարոն Տրոֆիմչուկ, նախ ինչպե՞ս կմեկնաբանեք երկու կողմերի հայտարարությունները:

– Վերջին բոլոր գործընթացները ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման շրջանակներում կապված են այն հանգամանքի հետ, որ ԱՄՆ-ը նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել ԵԱՀԿ Մինսկի խմբում, և մենք հիշում ենք, որ Նյու Յորքում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին: Նախագահների հանդիպման համաձայնությունը որոշ լավատեսության հիմքեր է տալիս: Իսկ ինչ վերաբերում է հանդիպումից առաջ նկատվող նյարդային վիճակին, ապա, իմ կարծիքով, դա բնական է: Նախագահներից որևէ մեկը չի հրաժարվում հանդիպումից, պարզապես նրանք իրենց դիրքորոշումներն ու կարծիքներն են հայտնում: Սա նորմալ է, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում են ոչ թե առևտրատնտեսական հարցեր լուծելու, այլ շատ ավելի լուրջ խնդիր քննարկելու նպատակով: Հետևաբար, նախատեսված հանդիպման փաստն ինքնին կարևոր է:

Ինչ վերաբերում է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների որոշումներին, ապա պետք է ուղիղ ասել, որ այդ պայմանավորվածություններն այդպես էլ չեն իրականացվել, և նախագահները լավ են հասկանում այս հանգամանքը, այդ պատճառով էլ իրավիճակը Ղարաբաղի շփման գծում բավական անորոշ է, և հենց այդ պատճառով են նոր զոհեր եղել: Ցավոք սրտի, զոհեր կլինեն նաև հետագայում թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմից, և սա հետևանք է այն բանի, որ նշված համաձայնությունները չեն կատարվել:

Մեծ հաշվով այս հարցն ուղղված է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, այլ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նոր համանախագահին, թե ի՞նչ կառաջարկի, որպեսզի պրոցեսն ընթանա գործնական, ոչ թե վերբալ կամ տեսական հարթության մեջ:

– Կարո՞ղ ենք ասել, որ սահմանային նոր սադրանքով Ադրբեջանը պատասխանում է ՀՀ նախագահի գրասենյակի հայտարարությանը:

– Նախ, չեմ կարծում, որ այս կամ այն կողմի ղեկավարի կամ տվյալ պարագայում Ադրբեջանի նախագահի հայտարարությունը կապված է շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Նման հայտարարություններից հետո չպետք է լինեն զոհեր շփման գծում:

Գուցե պետք չի ուղղակիորեն կապել: Մյուս կողմից, Ադրբեջանն ինչ-որ տեղ իսկապես ռազմաքաղաքական առումով ճնշում է գործադրում հայկական կողմի վրա, որովհետև կարծում է, թե նա առավելության է հասել ապրիլյան պատերազմի արդյունքներով: Ինչպես հայտնի է՝ շփման գծի տարածքի մի շերտ անցել է ադրբեջանական բանակի հսկողության տակ, ուստի Ադրբեջանը կարծում է, որ ինքն առավելություն ունի և ինչ-որ տեղ կարող է նաև պայմաններ թելադրել: Ադրբեջանը բավական վստահ է իրեն զգում: Իհարկե, նախագահների հանդիպման նախապատրաստման շրջանակներում պետք է պահպանվի իրավահավասարությունը, այնուամենայնիվ տեսնում ենք, որ Ադրբեջանը բավական ինքնավստահ է զգում: Նրան չի գոհացնում միայն բանակցությունների արագությունը: Ադրբեջանն ուզում է, որ կարգավորումն ավելի արագ տեղի ունենա:

– Իսկ հայկական կողմը Ադրբեջանի նման ապակառուցողական գործողություններից հետո պե՞տք է ընդհանրապես գնա բանակցելու կամ պե՞տք է արդյոք վերանայի իր մոտեցումը բանակցությունների օրակարգի մասին:

– Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը փորձագիտական տեսանկյունից փոքր-ինչ զարմանալի է, ես կասեի՝ ինտիլիգենտ այն իմաստով, որ Հայաստանն է տարածքներ կորցրել ապրիլյան կռիվների ժամանակ, ոչ թե հակառակը: Թվում է, թե դրանից հետո Հայաստանը պետք է պահանջեր բոլոր դիտորդներից, Մինսկի խմբի համանախագահներից, որ նրանք հաշվի առնեն շփման գծի այդ հողակտորի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու փաստը: Այդուհանդերձ, դիտորդներից ոչ ոք ուշադրություն չի դարձնում այս առանցքային փաստի վրա: Սա տարօրինակ է, բայց դա Հայաստանի նախագահի դիրքորոշումն է: Եթե նա կարծում է, որ նույնիսկ հաշվի առնելով այս փաստը՝ կարելի է շարունակել խոսակցությունը բանակցությունների մասին, ապա նա, ըստ էության, գնում է նրան, ինչի մասին խոսում էր Ռուսաստանը՝ բանակցությունների շարունակմանը: Թեև եթե Հայաստանում ավելի արմատական դիրքորոշում ունեցող նախագահ լիներ, ապա գուցե Ապրիլյան պատերազմի արդյունքները կազդեին Հայաստանի հռետորաբանության և մոտեցումների վրա, որ մենք դադարեցնում ենք բանակցությունները մինչ այն պահը, քանի դեռ միջնորդները չեն արտահայտել իրենց պաշտոնական տեսակետը շփման գծում իրավիճակի փոփոխության փաստի առնչությամբ: Հայաստանն այս իմաստով բավական զուսպ է իրեն դրսևորում: Բանակցություններն ավելի ձեռնտու են Ադրբեջանին, նրան չի գոհացնում միայն բանակցությունների դանդաղ տեմպը: Իսկ Հայաստանին այս իրավիճակում բանակցություններ պետք չեն: Հայաստանին պետք են բանակցություններ միայն հակամարտության գոտում իրավիճակի կայունացման հարցի շուրջ, որովհետև լարվածության աճը տանում է դեպի պատերազմ: Եթե մինչ Ապրիլյան պատերազմը իրավիճակը լիովին ձեռնտու էր հայկական կողմին, ապա այժմ խնդիր է առաջացել՝ Ադրբեջանը ճնշում է գործադրում, նա ավելի ուժեղ դիրքերից է հանդես գալիս, այդ պատճառով Հայաստանը ստիպված է բանակցություն վարել և գնալ հանդիպումների: Բայց թերևս Հայաստանը ավելի կոնկրետ պիտի խոսի իր պահանջների մասին:

Իմ կարծիքով՝ Հայաստանի նախագահը գնում է մասնակցելու հանդիպմանը այն պատճառով, որ հասկանում է՝ եթե հրաժարվի բանակցություններից, իրադրությունը տարածաշրջանում կարող է կտրուկ սրվել ռազմական իմաստով: Երկրորդ պատճառն այն է, որ Հայաստանի նախագահը չի ուզում վատ վիճակի մեջ դնել Ռուսաստանին, որը կարևոր դեր է խաղում կարգավորման գործընթացում: Ելնելով այս երկու գործոններից՝ Հայաստանը պատրաստ է բանակցել, բայց նա ունի իր հարցերը, և ցանկացած կողմ կարող է իր հարցերն ունենալ: Բանակցությունները հենց դրա համար են անցկացվում, որպեսզի քննարկվեն կուտակված հարցերը: Եթե Հայաստանը հրաժարվի բանակցություններից, դա կարող է սրել իրավիճակը, և այդ դեպքում Ադրբեջանը հիմք կունենա հայտարարելու, թե Հայաստանը հրաժարվել է բանակցություններից, և համապատասխանաբար կգործի իրեն ցանկալի ռեժիմով:

– Բայց այս պարագայում էլ, կարծես, որ իրավիճակը սրվում է, որովհետև Ադրբեջանն ասում է՝ «սրանք են իմ պայմանները, հրաժարվեք ձեր բոլոր պահանջներից, այլապես կրկին կդիմեմ ռազմական սադրանքների»: Ստացվում է, որ իրավիճակը փակուղայի՞ն է:

– Այո, ես կարող եմ համաձայնել այդ պնդման հետ, որ իրավիճակը փաստացի փակուղային է, որովհետև երկար ժամանակ է անցել 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո, եղել են մի շարք սրացումներ (օրինակ՝ այս տարվա փետրվարին ու մայիսին), և իրավիճակը մտել է փակուղի: Հենց այդ պատճառով էլ հարկավոր է հանգուցալուծել խնդիրը բանակցությունների շրջանակներում, որովհետև խնդիրը չի լուծվելու պատերազմի միջոցով:

Ինչ վերաբերում է պահանջներին, որոնք առաջ են քաշում Բաքուն և Երևանը բանակցությունների նախօրեին, ապա իմ կարծիքով՝ դա նորմալ է: Յուրաքանչյուր կողմ առաջադրում է հարցերի իր փաթեթը, հետևաբար այդ հարցերը պետք է քննարկվեն երկու երկրների նախագահների բանակցությունների ընթացքում, որովհետև նրանցից բացի՝ ուրիշ ոչ ոք չի կարող լուծել այդ հարցերը:

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0