Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Թուրքիայի համար հեշտ չէ ՆԱՏՕ-ին ասել «ցտեսություն». եթե ասի՝ պատասխան է տալու

Թուրքիայի համար հեշտ չէ ՆԱՏՕ-ին ասել «ցտեսություն». եթե ասի՝ պատասխան է տալու

By
Թուրքիայի համար հեշտ չէ ՆԱՏՕ-ին ասել «ցտեսություն». եթե ասի՝ պատասխան է տալու

ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերությունները լուրջ ճգնաժամի մեջ են հայտնվել: Նախորդ շաբաթ Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության աշխատակցի ձերբակալությունից հետո Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ դադարեցնում է «ոչ միգրացիոն» (non-immigrant) վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին: 24 ժամ անց Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունն է գրեթե նույնաբովանդակ հայտարարություն տարածել՝ նշելով, թե Թուրքիան դադարեցնում է ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգներում տեղակայված բոլոր թուրքական դիվանագիտական առաքելություններում:

Ի՞նչ խորքեր ունի թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը և ընդհանրապես որքա՞ն կարող է խորանալ ճգնաժամը Թուրքիայի և Արևմուտքի միջև: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

– Պարոն Չաքրյան, ինչո՞վ է պայմանավորված Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունների այս վատթարացումը:

– Այս իրադարձությունները պետք է գնահատել իբրև արձագանք այն լարվածության, որն առկա է Միացյալ Նահանգների ու Թուրքիայի միջև արդեն մի քանի տարի: Այդ լարվածությունը կապված է քրդական հիմնահարցի հետ: Ինչպես գիտեք՝ հյուսիսային Իրաքի Քրդստանի շրջանն անկացրել է անկախության հանրաքվե և ամենայն հավանականությամբ անկախություն կհռչակի: Ինչու եմ այդքան վստահ ասում. որովհետև թուրքերը հանրաքվեից միայն մեկ շաբաթ առաջ սկսեցին հակազդեցություն ցույց տալ, մինչդեռ Բարզանին 6 ամիս առաջ էր հայտարարել հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, այսինքն՝ հանրաքվեից հետո, կատարված փաստից հետո հակազդեցություն ցույց տալը անիմաստ է: Էրդողանը դա ներքին օգտագործման համար է անում, Մասուդ Բարզանին էլ հավանաբար մինչ այդ խորհրդակցել է պաշտոնական Վաշինգտոնի հետ, ըստ այդմ է հանրաքվեն անցկացնում, հետևաբար, վճռականորեն հայտարարում է, թե «մենք չենք հրաժարվի անկախությունը հռչակելուց»: Եթե որոշ տատանումներ են ցույց տալիս, դրանք սակարկությունների հետ կապված տատանումներ են:

Նույն պատմությունը կրկնվում է Սիրիայի հյուսիսում: Այդ հատվածն էլ Սիրիայի քրդերի վերահսկողության տակ է: Նրանք եթե դե ֆակտո անկախ չեն, ապա գոնե ինքնիշխան են, որևէ մեկին չեն ենթարկվում, իսկ ավելի կոնկրետ՝ չեն ենթարկվում Դամասկոսին: Դեռ ավելին, Միացյալ Նահանգների հետ միասին պայքարում են ԴԱԻՇ-ի, «Ջաբհաթ ան-Նուսրայի» նման ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Էրդողանը երկու օր առաջ հայտարարեց, թե «այն զենքերը, որ մենք ուզում ենք գնել, ամերիկացիները Թուրքիային չեն տալիս, բայց քրդերին նվիրատվության կարգով հանձնում են»: Եվ իսկապես ամերիկացիները ծանր հրետանի, տանկ, հակաօդային պաշտպանության համակարգեր (ՀՕՊ) են տալիս քրդերին: Փաստորեն, Միացյալ Նահանգների այդ քրդական ծրագիրը Թուրքիան դիտում է որպես սպառնալիք ազգային անվտանգությանը, իսկ ամերիկացիներն էլ Թուրքիային դիտում են որպես խոչընդոտ իր տարածաշրջանային քաղաքականության համար: Ի դեպ, Թուրքիան խոչընդոտ է նաև Միացյալ Նահանգների հարավկովկասյան քաղաքականության համար, որովհետև հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից: Այստեղ արդեն ոչ այդքան Թուրքիայի, որքան Էրդողանի կամակորություններն են:

– Ամեն դեպքում թույլ տվեք նկատել, որ ամերիկյան կառավարությունը չպաշտպանեց անկախության հանրաքվեն Իրաքյան Քրդստանում՝ հույս հայտնելով, որ Իրաքը կմնա որպես միասնական պետություն: Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Թուրքիայի դժգոհությունը ամերիկացիներից: Գուցե խնդիրն ավելի շատ կապված է Սիրիայի՞ քրդերի հետ:

– Ես չգիտեմ՝ որքանով է անկեղծ ամերիկյան կառավարության հայտարարությունը: Իսրայելի վարչապետը՝ Նեթանյահուն, հանրաքվեից ամիսներ առաջ հայտարարել էր, որ եթե Իրաքյան Քրդստանն անկախություն հռչակի, Իսրայելը կպաշտպանի, իսկ հրեական լոբբին Միացյալ Նահանգներում բավական հզոր է, Նեթանյահուն էլ այն վարչապետներից չէ, որ հենց էնպես հայտարարություններ անի: Նա պիտի հիմքեր ունենա այդպիսի հայտարարություն անելու համար: Միացյալ Նահանգներն ըստ երևույթին մանևրում է: Այստեղ մի հանգամանք կա՝ Բարզանին համաձայնության է եկել Ռուսաստանի հետ, որ ռուսները պետք է 2 մլրդ դոլարի ներդրում կատարեն Իրաքյան Քրդստանում նավթի համար, ևս 2 մլրդ դոլարի ներդրում՝ գազի համար: Այս երկու երկրներն էլ շատ հարուստ են նավթի պաշարներով: Օրինակ՝ Իրաքը տարեկան 4 մլն բարել նավթ է արդյունահանում, որից 1 մլն բարելը հյուսիսային Իրաքից է արդյունահանվում: Այդ 1մլն 650 հազար բարել նավթը Քիրկուկից են վերցնում: Իսկ Ռուսաստանը հենց այնտեղ է ուզում ներդրում անել: Գուցե ամերիկացիները դրա վրա զայրացած լինեն:

– Իսկ սիրիական հակամարտության դաշտում որքանո՞վ են համընկնում և հակադրվում Թուրքիայի և Միացյալ Նահանգների շահերն ու դիրքորոշումները: Վերջին մեկ տարվա ընթացքում, կարծես, գնալով ավելի է ուրվագծվում Թուրքիա-Ռուսաստան-Իրան առանցքը Սիրիայի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Այս իմաստով հակասություն կա՞ Թուրքիայի ու Միացյալ Նահանգների միջև:

– Հակասությունն ակնհայտ է: Սրանից մի երկու տարի առաջ, օրինակ, Լյուքսեմբուրգի արտգործնախարարը գերմանական հեղինակավոր թերթերից մեկում հոդված էր տպագրել՝ «Ժամանակն է, որ Թուրքիային վտարենք ՆԱՏՕ-ի կազմից»: Քանի դեռ նախագահը Օբաման էր, Ջո Բայդենը եկել էր Անկարա, ասել էր, որ «ՆԱՏՕ-ից ձեզ ուզում էին վտարել, մենք չենք թողել, որ վտարեն»: Այս հարցի արծարծումն անգամ ցույց է տալիս, թե ինչպիսի լարվածություն կա: Մեկ այլ փաստ՝ Թուրքիան ժամանակին ուզում էր ՀՕՊ համակարգ գնել Չինաստանից: Միացյալ Նահանգները սաստեցին՝ հրաժարվեց: Հիմա էլ Ս-400 ՀՕՊ համակարգեր է ուզում գնել Ռուսաստանից, ինչ-որ գումար էլ վճարել են՝ առաջիկա երկու տարում ձեռք բերելու նպատակով: Երկու տարվա ընթացքում շատ բան կփոխվի: Գուցե թուրքերը սրանից էլ հրաժարվեն, կամ կվտարվեն ՆԱՏՕ-ից, որովհետև ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ թշնամական չէ, բայց գոնե բացասական է: Եվ եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ՀՕՊ համակարգ է գնում ՆԱՏՕ-ի մրցակից երկրից, դա արդեն թշնամանք է ՆԱՏՕ-ի նկատմամբ: Իսկ ՆԱՏՕ-ն էլ Թուրքիային չի տալիս ՀՕՊ միջոցներ: Օրինակ՝ ժամանակին հոլանդացիներն ու գերմանացիները Սիրիայի սահմանին «Պատրիոտ» համակարգեր էին տեղադրել Սիրիայի սահմանին, Թուրքիան փորձեց գնել, հրաժարվեցին, վերցրեցին ու հետ տարան: Թուրքիան ՀՕՊ համակարգ չունի: Հիմա կամակորություն է անում, թե եթե ՆԱՏՕ-ն չի տալիս, կգնանք, ուրիշից կգնենք: Բայց եթե անգամ գնեն, դա անհետևանք չի անցնի: ՆԱՏՕ-ի հետ հակասության մեկ այլ հանգամանք կա: Ժամանակին, երբ Թուրքիան զինում, պաշտպանում էր ԴԱԻՇ-ին, «Նուսրային», ուզում էր ՆԱՏՕ-ին ներքաշել Սիրիայում ցամաքային պատերազմի մեջ իր առաջնորդող դիրքով: Երբ ՆԱՏՕ-ն հրաժարվեց, սկսեցին հարաբերությունները սրվել: Այստեղ խնդիրը, ըստ էության, ոչ այնքան Թուրքիան էր, որքան Էրդողանի անձնական կամակորությունը:

– Կարո՞ղ ենք ասել, որ թուրք-ռուսական հարաբերությունների ներկայիս ջերմացումը Էրդողանի համար շանտաժի միջոց է Արևմուտքի դեմ:

– Շանտաժի միջոց է, բայց եթե ես այսքանը գիտեմ, ապա ամերիկացիները հավանաբար ինձնից ավելի լավ գիտեն: Փաստորեն Թուրքիան փորձում է թեթևացնել Ամերիկայի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության ճնշումները Ռուսաստանի հետ մերձենալու միջոցով, բայց չեզոքացնել չի կարողանում: Դա նոր երևույթ չէ. քանի տարի է՝ փորձում է կիրառել նույն մարտավարությունը, բայց ապարդյուն: Թե՛ ամերիկացիները, թե՛ ՆԱՏՕ-ն և թե՛ Եվրամիությունը շատ լավ գիտեն, որ Թուրքիայի համար այդքան հեշտ չի ՆԱՏՕ-ին ասել «ցտեսություն»: Եթե ասի, անպայման դրա համար պատասխան է տալու:

– Որոշ փորձագետներ համոզված են՝ Թուրքիան կարող է որոշ հակասություններ ունենալ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ տակտիկական հարցերում կամ հռետորաբանության մակարդակում, բայց ՆԱՏՕ-ն այնքան մեծ նշանակություն ունի Թուրքիայի անվտանգության համար, որ դժվար թե այս զարգացումները հանգեցնեն դաշինքից դուրս գալուն: Կարծում եք՝ այս իրադարձությունները կարո՞ղ են իսկապես նման հետևանքներ ունենալ:

– ՆԱՏՕ-ն թուրքերին չի վտարի, բայց ՆԱՏՕ-ին և Արևմուտքին առհասարակ ամենևին դուր չի գալիս Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացումը: Օրինակ՝ նրանց խիստ անհանգստացնում է այն հանգամանքը, որ թուրքերն ու ռուսները համատեղ ատոմակայան պիտի կառուցեն Թուրքիայում և միասին շահագործեն: Բացի այդ, Թուրքիայի բնական գազի 55 տոկոսը Ռուսաստանն է մատակարարում: Եվ հիմա գումարվում է Ս-400 համակարգերի վաճառքի հարցը:

– Այս բոլոր գործընթացները, Ձեր կարծիքով, ինչպե՞ս են ազդում Հայաստանի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի վրա:

– Հարաբերությունների մասին ներկա վիճակում խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է հայ-թուրքական գործընթացին, իհարկե, չի հայտարարվել, բայց փաստացի դա ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող պետությունների նախաձեռնությունն էր, ոչ այնքան Թուրքիայի կամ Հայաստանի: Բայց այսօր նման նախաձեռնություն սպասելը իրատեսական չի թվում, մանավանդ որ տարածաշրջանում արյունահեղություն է, ամենուրեք պատերազմ է, միայն Սիրիայից 4 միլիոն մարդ է արտագաղթել: Իրատեսական չի թվում այն, որ այդ խնդիրները թողած՝ զբաղվեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմամբ: Եվ առհասարակ, երբ շրջապատում արյունահեղություն է, կռիվ է, մրցակցություն է Ռուսաստանի ու Եվրամիության, Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջև, դրանք, բնական է, չեն կարող դրականորեն անդրադառնալ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների հետագա կարգավորման վրա:

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0