Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հայաստանը Վրաստանում երբևէ պրոֆեսիոնալ դեսպան, պրոֆեսիոնալ դիվանագետ չի ունեցել. ՀՀԿ-ական պատգամավոր

Հայաստանը Վրաստանում երբևէ պրոֆեսիոնալ դեսպան, պրոֆեսիոնալ դիվանագետ չի ունեցել. ՀՀԿ-ական պատգամավոր

By
Հայաստանը Վրաստանում երբևէ պրոֆեսիոնալ դեսպան, պրոֆեսիոնալ դիվանագետ չի ունեցել. ՀՀԿ-ական պատգամավոր

Հայաստանը Վրաստանում երբևէ պրոֆեսիոնալ դեսպան չի ունեցել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Վերջինս նշեց, որ Վրաստանը Հայաստանի համար խիստ կարևոր հարևան պետություն է, և այստեղ մենք պետք է ունենայինք հիրավի պրոֆեսիոնալ դիվանագետ, որն իր մասնագիտական հատկություններով կկարողանար նպաստել հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացմանը:

- Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի վերջին զորավարժություններին Հայաստանը չմասնակցեց: Վրաստանի ՊՆ-ն հայտարարեց, թե Հայաստանը վերջին պահին է հրաժարվել մասնակցել դրանց, իսկ ՀՀ ՊՆ-ից պաշտոնապես ասացին, որ Հայաստանը չի էլ հաստատել իր մասնակցությունն այդ զորավարժություններին, ինչին հետևեց Վրաստանի ՊՆ հերթական հերքումը: Կարծիքներ կան, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում առկա խնդրի առկայծում: Ինչպե՞ս կբացատրեք տեղի ունեցածը:

- Չեմ կարծում, թե այս դեպքը կարող է հակասությունների նոր առիթ լինել հայ-վրացական հարաբերություններում: Բացառում եմ: Հայ-վրացական ներկայիս հարաբերությունները բավական լուրջ դրական զարգացումներ են արձանագրում բոլոր ուղղություններով: Մենք տարածաշրջանում ունենք գլոբալ և խիստ ընդհանրական շահեր, որոնց սպասարկումը ենթադրում է, որ մենք մի շարք ուղղություններով պետք է լուրջ համագործակցության եզրեր գտնենք, նոր ծրագրեր իրականացնենք, շարունակենք համագործակցել: Մենք տարբեր աշխարհաքաղաքական կողմնորոշումներ ունենալով հանդերձ իսկապես ընդհանուր շահեր ունենք:

ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու հետ կապված տեղի ունեցած դրվագը ևս աշխարհաքաղաքական տարբեր կողմնորոշումներ ունենալու հետ էր կապված և, կարծում եմ, դրան մեծ կարևորություն տալ պետք չէ: Այստեղ խոսքն ավելի շուտ թյուրիմացության մասին է: Խոսքն ընդամենը մի քանի սպաների մասնակցության մասին էր, որի հետ կապված, այո, ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ Հայաստանը վերջնական համաձայնություն չի տվել մասնակցել այդ զորավարժություններին: Անիմաստ եմ համարում անհարկի քննարկումներն ու հարցը բարդացնելը, որովհետև սա որևէ կերպ չի կարող ազդել հայ-վրացական հարաբերությունների վրա, մենք բոլորովին այլ օրակարգ ունենք մեր հարաբերությունները սերտացնելու համար:

- Փորձագիտական որոշ շրջանակներ կարծում են, որ թերացել է դիվանագիտական խողովակը և այդ պարագայում հերթը չէր հասնի ՊՆ-ների հակասող հայտարարություններին: Համաձայն չե՞ք:

- Գուցե կողմերին պետք էր հրապարակայնացնել խնդիրը, գուցե կար դրա անհրաժեշտությունը... Իհարկե, նման դեպքերում սովորաբար հարցը պետք է լուծվի դիվանագիտական խողովակներով, երկու գերատեսչությունների միջև ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածություններով, բայց հարցը, փաստորեն, հրապարակային քննարկման դրվեց, հակասական տեղեկություններ տրվեցին: Երկու դեպքում էլ ընդունելի եմ համարում, բայց գուցե կողմերն անհրաժեշտություն ունեին հրապարակայնացնելու այն:

- Իսկ չե՞ք տեսնում Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի թերացումը: Կարծիքներ կան, որ Վարդանյանն իր տեղում չէ, որ նմանատիպ հարցերը կարելի էր լուծել դեսպանների մակարդակով, մեկ բաժակ սուրճի շուրջ հարցը քննարկելով, և այդ պարագայում հակասություններն այսպիսի հրապարակային բնույթ չէին ունենա:

- Խնդիրը Յուրի Վարդանյանը չէ: Ես հակված եմ նրան, որ երբևէ Վրաստանում պրոֆեսիոնալ դեսպան՝ որպես պրոֆեսիոնալ դիվանագետ, չենք ունեցել: Սա կարող է վնասել: Չեմ ուզում անձնավորել Յուրի Վարդանյանին՝ հատկապես հաշվի առնելով նրա մեծ հեղինակությունը հայ հանրության ու սպորտի համաշխարհային հանրության մեջ:

- Հատուկ քաղաքականությո՞ւն է, որ պրոֆեսիոնալ դիվանագետ Հայաստանը Վրաստանում չի ունեցել և չունի:

- Չեմ կարող ասել, բայց շատ կցանկանայի, որ մեր երկրի համար խիստ կարևոր հարևան պետությունում ունենայինք հիրավի պրոֆեսիոնալ դիվանագետ, որն իր մասնագիտական հատկություններով կկարողանար նպաստել հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացմանը:

- Ստացվում է, որ Վրաստանում Հայաստանը ներկայացնող դիվանագետներն, ըստ Ձեզ, երկու պետությունների հարաբերությունները բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ քայլեր չեն նախաձեռնել:

- Կարելի էր ավելին անել: Կարծում եմ՝ պատճառը պրոֆեսիոնալիզմի պակասն է:

Տիգրանուհի Մարտիրոսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0